Խոսք 4 տարի առաջ - 13:14 08-10-2021

Այս պատերազմը արդյունք է ոչ միայն Ադրբեջանի կողմից սանձազերծած ոտնձգության, այլ այն պարտվողական քաղաքականության, որ իրականացվել է 2018-ից սկսած. Սեյրան Օհանյան

Այսօր ճեպազրույցն անցկացնում ենք մի այնպիսի ժամանակահատվածում, որը չափազանց կարևոր, ճակատագրական ու դժվարին է հայ ժողովրդի համար, որովհետև շուրջ մեկ տարի է անցել այն ողբերգական պատերազմից, որ Ադրբեջանը սանձազերծեց Արցախի ժողովրդի նկատմամբ: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Այս մեկ տարվա ընթացքում լիարժեք գնահատական չի տրվել այն բոլոր ուղղություններին, որոնք անհրաժեշտ են մեր երկրի հետագա զարգացումն ապահովելու համար: Անվտանգային միջավայրի գնահատում, ներքին ու արտաքին սպառնալիքների գնահատում, և ռազմավարական վերանայում՝ մեր երկրի կարևոր ուղղությունների ռազմավարությունը մշակելու համար. այսօրվա իշխանությունն այդ հարցերին ոչ լիարժեք, մանիպուլացված պատասխաններ է տալիս»,-ասաց Օհանյանը:

Նա նշեց, թե ԱԺ վերջին քառօրյայի ընթացքում քննարկված հարցերը ցույց տվեցին, որ իշխանությունը չի գտնում այն կարևոր առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ պետք է իրականացնի իր հիմնական աշխատանքը:

Հարցին՝ իշխանափոխության պլաններն ինչպե՞ս են իրագործելու, շարունակո՞ւմ են պահանջել Փաշինյանի հրաժարականը, ընդդմիադիր խմբակցության ղեկավարն արձագանքեց, թե ակնհայտ է, որ վերջին պատերազմում պարտությունից հետո ՀՀ իշխանությունները գտնվում են պարտադրանքի և թելադրանքի ներքո, հատկապես միջազգային հարթության մեջ:

«Այս պատերազմը արդյունք է ոչ միայն Ադրբեջանի կողմից սանձազերծած ոտնձգության, այլ այն պարտվողական քաղաքականության, որ իրականացվել է 2018-ից սկսած: Ձախողվել է արտաքին քաղաքականությունը, չի օգտագործվել բանակցային ամբողջ ներուժը, հարվածի տակ են գտնվել բանակը, անվտանգության համակարգը, և Ադրբեջանը, օգտվելով այս իրավիճակից, սկսել է պատերազմական գործողություններ: Այսօրվա ձախողումների շարունակությունը այս իշխանությունների առկայության, նրանց ոչ գրագետ, ոչ հետևողական աշխատանքի հետևանք է, և ամեն օր դա տեսնում ենք սահմանային իրավիճակում»,-ասաց նա նշելով, թե «Հայաստան» դաշինքի, խմբակցության նպատակների մեջ է այն, որ ՀՀ ղեկին պետք է լինի նոր իշխանություն, որը կարող է բանակցել և օգտագործել այն ամբողջ ներուժը, որ 27-30 տարիների ընթացքում մենք ձեռք ենք բերել:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ Օհանյանը նշեց. «Ես կարծում եմ՝ պատերազմի սպառնալիքը միշտ էլ կա, բայց այս իրավիճակում, մոտ ժամանակահատվածում, կարծում եմ, մարտական գործողությունները դեռևս հեռանկարային են, չեմ կարծում, թե հիմա պատերազմ կլինի»:

Օհանյանը նաև հիշեցրեց՝ «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ անազատության մեջ են և չեն կարողանում կատարել իրենց պատգամավորական պարտականությունները: Պատգամավորն ընդգծեց՝ օրենքները, պատգամավորի անձեռնմխելիությունը պետք է առաջնային լինեն:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին