copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:56 11-01-2023

Իսրայելը տարածաշրջանում է, Ադրբեջանն ու Թուրքիան սպառնում են ՀՀ-Իրան սահմանին․ սա Իրանի համար անվտանգության հարց է․ ադրբեջանագետ

«Թուրքիայի Անթալիա քաղաքում Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների միջև կայացած հանդիպումն առաջինն էր 2018 թվականից հետո»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Այս եռակողմ ձևաչափը գործում է դեռևս 2010 թվականից, նաև արտգործնախարարների ու այլ բարձր մակարդակներում։ Այդ առումով, այս հանդիպումը հետաքրքրական էր։ Հետաքրքրական էր նաև այն, որ առանձին հանդիպում է կայացել նաև Իրանի և Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարների միջև։ Քննարկվել են ամենատարբեր խնդիրներ։ Դրանից հետո արդեն իրանական կողմը նաև հայտարարեց, որ նախատեսվում է խոսնակի այցը Բաքու։ Հանդիպման ժամանակ իրանական կողմը նորից հայտարարել էր տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխության անընդունելի լինելու մասին։ Իրանական կողմը նաև նշել էր, որ կան որոշակի հարցեր, որոնց հետ կապված ինքն ստացել է որոշակի պատասխաններ այդ հանդիպման ժամանակ»,- ասաց նա։

Փորձագետի խոսքով՝ Իրանի և Ադրբեջանի միջև առկա լարվածությունն առաջացել էր առավելապես 2020 թվականի պատերազմի և Արցախի ստատուս-քվոյի փոփոխության հետևանքով։

«Տարածաշրջանում հայտնվել է Իսրայելը, և այդ երկիրը հայտնվել է հենց Իրանի սահմանի երկայնքով։ Որովհետև տարբեր ծրագրեր, որ այժմ իրականացվում են, դրանք կլինեն խելացի գյուղեր կամ քաղաքներ, իրականում հետախուզական ու ռազմավարական բնույթի են։ Ես վստահ եմ, որ Իրանն ունի այդ բոլոր տվյալները»,- ասաց նա։

Տաթևիկ Հայրապետյանի գնահատմամբ՝ այս ֆոնին բավականին սուր են ընկալվում հատկապես Բաքվում Իսրայելի դեսպանի հայտարարությունները։

«Օրինակ՝ նա առաջարկում է Թուրքիա-Ադրբեջան-արաբական աշխարհ համատեղ ճակատ ստեղծել Իրանի դեմ և տարբեր այլ բաներ, որոնք միանշանակ չեն ընկալվում նաև Ադրբեջանի կողմից։ Որովհետև Ադրբեջանը հասկանում է, թե դա ինչ ծանր հետևանքներ կունենա, եթե ինքն ուղղակիորեն համաձայնի դառնալ պլացդարմ՝ Իրանի դեմ հնարավոր գործողությունների համար։ Առնվազն դա Բաքվում հաստատ հասկանում են։ Դրա համար տարբեր ձևերով՝ հարցազրուցների ու այլ մակարդակներով հայտնում են իրենց անհամաձայնությունը։ Օրինակ՝ վերջերս ԱՄՆ-ում Բաքվի դեսպանն էր նման հարցազրույց տվել՝ հենց իսրայելական թերթին։ Նա շեշտել էր, որ իրենք չեն պատրաստվում պլացդարմ դառնալ»,- ասաց նա։

Այդուհանդերձ, ըստ նրա, Բաքուն պետք է վճարի ռազմական գործակցության և 2020 թվականի պատերազմի ժամանակ Իսրայելի ցուցաբերած աննախադեպ օգնության գինը։

«Դատելով պաշտոնական հայտարարություններից՝ Իրանը մի քանի անգամ հայտարարել է, որ չի հանդուրժի, ինչպես իրենք են ձևակերպում, սիոնիստական ռեժիմի, այլ ո՛չ տարածաշրջանային ուժերի ներկայությունը տարածաշրջանում և այլն։ Էստեղ թնջուկը շատ խառն է։ Նույն Լիչինի միջանցքի բլոկադայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ես, վերջերս իրանական թերթին տված հարցազրույցում շեշտել էի, որ պատահական չեմ համարում, որ դրան նախորդել էին թուրք- ադրբեջանական համատեղ զորավարժություններն Իրանի սահմանի երկայնքով»,- ասաց նա։

Ադրբեջանագետի խոսքով՝ Ալիևի վերջին ասուլիսի ընթացքում հնչած «Զանգեզուրի միջանցք» բացելու ռազմավարական նպատակի մասին հայտարարությունն ու այլ ձևակերպումները փաստում են, որ որ մեկ-երկու հանդիպումով առկա խնդիրները չեն լուծվի։

«Ամեն դեպքում պրոցեսը գնում է։ Այսինքն, փորձեր արվում են հարաբերությունների կարգավորման։ Օրինակ՝ պետք է նշեմ, որ 2020 թվականի դեկտեմբերին, երբ Բաքվում տեղի ունեցավ իրենց «ռազմաշքերթը», և, որին միայն Էրդողանն էր ներկա, եթե հիշում եք՝ նա այն ժամանակ մի քառատող արտասանեց, որով տարածքային հավակնություններ էին ներկայացնում Իրանի նկատմամբ։ Որ «Արաքս գետը բաժանվել է, մեզ բաժանել են իրարից»։ Ու հետ Իրանի արձագանքը եղավ։ Եվ հետո, ամբողջ տարվա կտրվածքով, տարբեր փուլերում լարվածություններ։ 2021 թվականի աշնանը՝ նոյեմբերին, միայն 1 ամսվա ընթացքում մոտավրապես 7-8 պատվիրակություն, տարբեր մակարդակներով, Բաքվից մեկնեց Թեհրան։ Ինչ-որ առումով այդպիսով փորձում էին կարգավորել այդ հարաբերությունները։ Հետո նորից այդ իրավիճակը լարվեց։ Ասացս այն է, որ դա փոփոխական գործընթաց է։ Բայց գլոբալ՝ ավելի երկարաժամկետ առումով, պետք է հասկանանք՝ Իրանի համար Իսրայելի մուտքը տարածաշրջան անվտանգային սպանալիք է։ Իսրայելը մտել է տարածաշրջան՝ Ադրբեջանի շնորհիվ, բացի այդ, Ադրբեջանն ու Թուրքիան սպառնում են Հայաստան- Իրան սահմանին, որը ևս Իրանի համար անվտանգային նշանակություն ունի»,- ասաց նա։

Փորձագետի գնահատմամբ՝ հաշվի առնելով ներկայացված բոլոր փաստերը՝ երկրների միջև լարվածությունը շարունակական է լինելու։