Երևան +18°
copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 10:19 10-01-2023

Ցավալի էր, երբ ազգի մի մասն այս իրավիճակում է, իսկ մյուսը՝ խրախճանքի մեջ․ դա հայ ազգին վայել չէ․ պատգամավոր

Արցախում այս պահին շատ ապրանքների խնդիր կա։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ հավելելով, որ առկա այդ բացերը լրացնելու համար իրենք ինտենսիվորեն գործակցում են ԱՀ օպերատիվ շտաբի հետ։

Այդուհանդերձ, իր խոսքով, ձեթի, մակարոնեղենի ու շաքարավազի Արցախ մատակարարելու մասին պաշտոնական որևէ տեղեկություն դեռևս հրապարակված չէ։ «Վաղը ժամը 12-ին Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունների ղեկավարներով հանդիպում ունենք օպերատիվ շտաբում։ Երևի թե այդ հարցերն այնտեղ ավելի մանրամասն կքննարկենք։ Կփորձենք հասկանալ, թե այդ ինֆորմացիան որտեղից ու ինչպես է տարածվել։ Այդ, որ ասում են՝ ապրանք է մտնում։ Հասկանանք՝ ապրանք մտել է ՀՀ-ի՞ց, թե՞ պահեստներից են հանել այդ ապրանքներն ու դրել շրջանառության մեջ։ Դրա պատասխանը դեռ հստակ տալ չեմ կարող»,- ասաց նա։

Գալստյանի խոսքով՝ Արցախում սննդի որոշ տեսակների գների ոչ մեծ բարձրացում նույնպես արձանագրվել է։ «Պետք է այդ մթերքներն ազատ վաճառքում լինեն, որ կարողանանք տեսնել գների այդ տարբերությունը։ Համայնքներում, ինչ-որ տեղ, արձանագրվել է, որ որոշակի թանկացումներ եղել են։ Բայց դա որպես խնդիր արձանագրվել էր մեր կողմից և ներկայացվել օպերատիվ շտաբին։ Կրծում եմ, որ իրենք անմիջապես պետք է քայլեր ձեռնարկեն, որ առանց այն էլ սահմանափակ քանակության ապրանքները չվաճառվեն ավելի բարձր գնով, քան իրականում կա։ Խոսքը շաքարավազի, ձեթի ու այդպիսի ապրանքների մասին է, որն օպերատիվ շտաբի կողմից տրամադրվում է խանութներին, և այդ խանութներից կան դժգոհություններ, որոնք շտկվելի են, որ ինչ-որ ծանոթների են վաճառում, կամ ինչ-որ մի 20 տոկոս գների տատանում են արձանագրում։ Կարծում եմ, որ, եթե այդպիսի դեպքեր եղել են՝ դրանք պետք է բացառվեն»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով, սակայն, ինքն այդպիսի դեպքերի դեռևս անձամբ չի հանդիպել։ Այլ խնդիրների մասին լսել է բնակիչերից։ Սակայն նաև բարձրաձայնում է իր իսկ արձանագրած փաստը․ Արցախում որոշ մթերքներ պարզապես սպառված են ու այլևս հնարավոր չէ գտնել։ «Մեզ մոտ մրգեր ընդհանրապես չկան, որ դրանք գները հասկանանք կամ էլ գնային համեմատություն անենք։ Ասենք կարող ենք թվարկել այն ապրանքները, որոնք վաճառվում են։ Հիմնականում հնդկաձավար է վաճառվում, այն էլ հերթի կանգնելու սկզբունքով։ Երշիկեղեն չկա, կաթնամթերքը սահմանափակ քանակության է, կարտոֆիլ ու բանջարաբոստանային կուլտուրաներ չկան։ Կանաչեղենը՝ ձյուն է եկել, երևի թե դա էլ արդեն խնդիր դառնա։

Արդեն մի ամիս բլոկադայի մեջ ենք։ Հասկանալի է, որ այն ապրանքները, որոնք ներմուծվում էին՝ այսօր այլևս չկան։ Մսամթերք կա, քանի որ անասունների խնդիր էլ կա։ Բայց դա էլ է ժամանակի հարց։ Եթե այս իրավիճակը երկար տևի՝ այդ անասունների քանակն էլ է նվազելու»,- ասաց նա։

Հարցրինք տարեվերջյան տոների ընթացքում Արցախում առկա իրավիճակից։ «Տոները մենք մենակ օրացույցում տեսանք, որ կարմիր է։ Մեզ համար դրանք օրացուցային տոներ էին, ոչ թե տրամադրության կամ, չգիտեմ, մեկը մյուսին շնորհավորելու։ Այդպիսի բան չկա, տոնական ոչ մի միջոցառում չի կատարվել։ Ընդհակառակը, սույն դեկտեմբերի 31-ին Եկեղեցու կողմից կազմակերպվել էր քայլերթ՝ դեպի Եղբայրական, և շատերը մասնակցել են։ Գիտենք՝ ինչու կառավարությունից ոչ ոք չի մասնակցել։ Բայց ԱԺ մեր 3 ընդդիմադիր խմբակցությունները մասնակցել են այդ քայլերթին»։

Ընդամենը փորձել ենք որոշ չափով երեխաների համար պահպանել Ձմեռ պապիկի այդ երևույթը։ Խանութներում եղած ապրանքներից ընտրություն է կատարվել, որպեսզի երեխաների նոր տարին համապատասխանեցնեինք Նոր տարուն։ Սակայն, կրկնում եմ, որ համոզված եմ, որ շատերը տներում տոնածառ չեն զարդարել, տոնական սեղաններ չեն եղել, կոլեկտիվներում որևէ միջոցառումներ չեն կազմակերպվել՝ կապված Նոր տարվա կամ Սուրբ ծննդի հետ։ Շատ ավելի ցավալի էր, երբ տեսնում էինք, որ ազգի մի մասն այս իրավիճակում է, իսկ մյուս մասը խրախճանքների, զվարճանքների մեջ։ Դա հայ ազգին վայել չէ»,-ասաց նա։

Գալստյանի խոսքով՝ իրենք պարբերաբար հանդիպումներ են ունենում և ունեցել ինչպես Ստեփանակերտի, այնպես էլ Արցախի Հանրապետության մյուս համայնքի բնակիչների հետ։ Ծանոթացել են առկա խնդիրներին ու տրամադրվածությանը։ «Եթե երկու բառով նշենք՝ շատ ողջունելի է, երբ հանրությունը պատրաստակամ է պայքարել այս իրավիճակում և չի ցանկանում ընդունել Արդրբեջանի կողմից առաջարկվող նախապայմանները։

Բնակչությունը ևս իր պայքարելու կամքը արտահայտել է մեր հանդիպումների ժամանակ։ Ընդամենը կարող եմ ֆիքսել, որ բնակչությանն առավելապես մտահոգում է այն, որ Հայաստանի իշխանություններն Արցախի իշխանությունների և արցախահայության հետ պատրաստ չեն պայքարի։ Նրանց կրավորական կեցվածքն, ինչ-որ տեղ, ընկճում է բնակչությանը։ Բայց, որ համատարած ընկճված իրավիճակ կա կամ խուճապ է սկսվել՝ այդպես էլ չէ։

Մենք հասկանում ենք, որ Հայաստանը օրվա իշխանությունը չէ, և մեր ազգը մի օր ոտքի է կանգնելու։ Մինչև համախմբում չլինի այս հարցի շուրջ, մինչև մենք բոլորս չհասկանանք, որ Արցախի հարցը զուտ արցախցիների օրվա խնդիրը չէ։ Ինձ թվում է՝ մենք այսպիսի իրավիճակներ դեռ շատ ենք ունենալու։

Ադրբեջանի այս վարքագիծը չի փոխվելու։ Ընդամենը, մեր պարտությունների հիմնական պատճառն այն է, որ մենք ենք շեղվել 2018 թվականից, երբ սկսել ենք պառակտել ազգը։ Մեր պարտությունների հիմնական խնդիրը, բոլորս էլ հասկանում ենք, որ այս պառակտվածությունն է։ Մինչև չվերականգնվի եռամիասնությունը՝ Հայաստան- Արցախ- Սփյուռք, մենք այսպիսի զրկանքներ ու պարտություններ դեռ ունենալու ենք»,- եզրափակեց պատգամավորը։