Գրեթե ամեն տարեվերջի Կառավարության ներկայացուցիչները, միմյանց հերթ չտալով, տարեվերջյան ասուլիսներ էին հրավիրում, ամփոփում նախորդ մեկ տարվա աշխատանքը, փորձում հաշվետու լինել հասարակությանը մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքի համար։ Այս տարի որևէ ոլորտի համար պատասխանատու գերատեսչության կողմից ամփոփիչ ասուլիսներ այդպես էլ չարվեցին։ Պաշտոնյաների հետ շփվելու և առավել անմիջական միջավայրում հուզող հարցերի պատասխաններ ստանալու հնարավորություն էր նաև կառավարության և Ազգային ժողովի կազմակերպած ընդունելությունը։
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Արմեն Խաչատրյանն
Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ այս տարի լրագրողների ընդունելույթուն չի կազմակերպվի։
«Վերջին մի քանի տարիներին Կառավարությունը այդ պրակտիկան չի կիրառում։ Ինչ վերաբերում է ամփոփիչ ասուլիսին, այս տարի այն չի նախատեսվում, իսկ հունվարին՝ չեմ բացառում»։
ԱԺ նախագահի մամլո խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց, որ ելնելով երկրում տիրող ընդհանուր իրավիճակից՝ որևէ կարգի ընդունելություն Ազգային ժողովում չի լինելու։
«Ինչ վերաբերում է ամփոփիչ ասուլիսին, Ալեն Սիմոնյանը նման պրակտիկա չունի, քանի որ նա մշտապես բաց և ազատ շփվում է լրագրողների հետ։ Տեղեկատվական առիթի բացակայության պարագայում ասուլիս չենք անում»։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, անդրադառնալով
Oragir.News-ի հարցին, թե արդյոք սա լրագրողներից խուսափելու հերթական փորձն է, քանի որ լրագրողներն վարչապետի հետ անմիջական շփումների հնարավորությունից արդեն տևական ժամանակ է զրկված են և անգամ ասուլիսներն անցկացվում են միջնորդավորված, պատասխանեց, որ տարեվերջյան միջոցառումների անցկացման մեջ խնդիր չի տեսնում, քանի որ այն իրավիճակում, երբ Արցախը բլոկադայի մեջ է և լուրջ հումանիտար խնդիրներ կան, Երևանում ճոխ ընդունելություններ անցկացնելն ու հանդիպումներ ունենալը հենց կարող էր քննադատության առիթ դառնալ։
«Ինչ վերաբերում է վարչապետի և այլ պաշտոնյաների շփումներին, դա, այո՛, լուրջ խնդիր է, որի մասին մենք բարձրաձայնել ենք։ Ես համարում եմ, որ և՛ երկրի վարչապետը, և՛ երկրի մյուս առաջին դեմքերը՝ ԱԺ նախագահ, երկրի նախագահ, ուղղակի պարտավոր են ասուլիսներ տալ, ոչ թե կարճ բրիֆինգներ, ինչպես ԱԺ միջանցքերում տրված մեկնաբանություններն են կամ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցները։ Այստեղ իսկապես էլ խնդիր կա, և այդ խնդիրը պետք է լուծել, անհրաժեշտ է, որ մյուս տարվա ընթացքում իշխանությունները վերանայեն իրենց շփումները և շփումների հնարավորությունները լրատվամիջոցների հետ։ Ես կարծում եմ, որ իսկապես լրատվամիջոցների հետ շփվելու լավագույն տարբերակը տարին մի քանի անգամ մամուլի ասուլիս տալն է, ընդ որում՝ ավանդական ձևաչափով, ոչ թե հանրայինի վարողի հարցերին պատասխանելով, ընդ որում՝ այդ, այսպես կոչված՝ ասուլիսներին մշտապես լրատվամիջոցներն ասել են, որ իրենց հարցերը կա՛մ անտեսվել են, կա՛մ ներկայացվել են խմբագրված տարբերակով, ինչի արդյունքում հարցի էությունը չի արտացոլվել»։ Անդրադառնալով ոլորտային ամփոփումների բացակայությանը՝ նա նշեց, որ թեերևս պետք է նախարարներին ու նրանց մամուլի քարտուղարներին հարցնել, թե ինչու նման ասուլիսներ չկան, քանի որ իսկապես տարեվերջին կամ հաջորդ տարեսկզբին մնան հաշվետությունները կարևոր են։ Ես առայժմ չեմ կարոցրել հույսը, որ իրենք միգուցե փորձելու են տարին ամփոփել և տրամադրել այն տվյալները, որոնք պետք է ներկայացվեն հանրությանը, բայց սովորաբար այն դրական ավանդույթները, որ ձևավորվել են տարիների ընթացքում՝ պետք է պահպանել և տարեվերջին հաշվետու լինել հասարակության առջև»։
Նա նաև ընդգծեց, որ որոշ դեպքերում, իհարկե, պաշտոնյաները խուսափում են, որովհետև մեզանում լրատվամիջոցները բևեռացված են ըստ քաղաքական ճամբարների․ «Հետևաբար, որոշ լրատվամիջոցների հետ իշխանությունները խուսափում են շփվել, ու հնարավոր չէ դա չտեսնել։ Սա միայն իշխանությունների խնդիր չէ, այլև լրատվամիջոցների, եթե լրատվամիջոցը գլխավոր նպատակը դնում է ոչ թե քննադատությունը, այլ նսեմացնելը, արժեզրկելը և վիրավորելը, ապա նման ռեակցիա կարող է առաջանալ»։