Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:13 26-12-2022

Տպավորություն է՝ հայկական կողմն ուզում է առժամանակ սառեցնել ռուսական միջնորդությամբ եռակողմ ձևաչափը․ փորձագետ

Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակում եռաչափ հանդիպման նախատեսված չլինելու փաստն արտգործնախաարների վերջին հանդիպման չեղյալ հայտարարման շարունակությունն է։ Oragir.News-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Արա Պողոսյանը։

Իր տպավորությամբ՝ հայկական կողմը որոշել է հատկապես ռուսական միջնորդությամբ նախաձեռնվող եռակողմ ձևաչափն առժամանակ սառեցնել։

Քաղաքագետը խնդիրը դիտարկում է մի քանի սցենարով։ «Սցենարներից մեկն այն է, որ Հայաստանին այս պահին ինչ-որ բան է պարտադրվում, որից հայկական կողմը փորձում է խուսափել՝ հանդիպումները չեղարկելու միջոցով կամ առհասարակ խուսափել՝ պատասխան չտալու միջոցով։

Սա, իհարկե, բավականին բարդ իրավիճակ է այն իմաստով, որ դիտարկելի է զրո դիվանագիտական աշխատանք։ Եթե հասել ենք այն վիճակին, որ պետք է հանդիպումների չեղյալ հայտարարման միջոցով հրաժարվենք մեզ համար վատ սցենարներից»,- ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ այս իրավիճակը միայն ժամանակավոր է և երկար շարունակվել չի կարող։ «Սցենարներից մյուսն էլ այն է, որ հանդիպումների ձևաչափն անցկացնել արևմտյան որևէ մայրաքաղաքում՝ առանց ռուսական կողմի մասնակցության։ Այստեղ ևս բարդ է ասել, թե ռուսական կողմի միջնորդության հետ կապված ինչպիսի խնդիրներ է տեսնում հայկական կողմը, որ նախընտրել է խուսափել դրանցից՝ մասնակցության չեղյալ հայտարարման միջոցով, որովհետև, գոնե վերջին հանդիպման ժամանակ հայտարարվեց, որ հայկական կողմն ընդունում է ռուսական կողմի առաջարկությունները, և հույս ունի, որ ՌԴ-ն կպնդի իր արած առաջարկությունը։ Խոսքը վերաբերում է Արցախի կարգավիճակին»,- ասաց նա։

Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանն ամեն կերպ փորձելու է խոչընդոտել հանդիպումներին արևմտյան ձևաչափ տալու հայկական կողմի փորձերը։

Ըստ նրա, ադրբեջանական կողմին այս պահին ավելի հարմար է ռուսական ձևաչափը։ «Եթե փորձենք երրորդ սցենարով դիտարկել՝ երկու կողմն էլ փորձում է խուսափել։ Այսինքն, երկու կողմն էլ փորձում է վերջնական որևէ պայմանավորվածությունից հեռու մնալ։ Ադրբեջանական կողմին սա ձեռնտու է այնքանով, որ ուժի կիրառման միջոցով փորձելու է մինչև ապագայում անխուսափելի հանդիպման կայանալու պահն իր համար հնարավորինս բարենպաստ պայմաններ ստեղծել։

Ասվածի վկայությունը նաև այն է, որ երկու օր առաջ Իլհամ Ալիևը հանդիպելով, այսպես կոչված, արևմտյալ Ադրբեջանի մտավորականների հետ՝ հայտարարում էր, որ հմա իրենք շատ ավելի բարենպաստ դիրքերում են և սեպտեմբերյան մարտերն իրենց ապահովագրեցին ապագայում ավելի մեծ խնդիրներից»,- ասաց նա։

Անդրադառնալով Բերձորի միջանցքն այսօր բացելու մասին լուրերին քաղաքագետը տեսակետ հայտնեց, որ ճանապարհը կարող է բացվել ռուս-ադրբեջանական կողմերի բանավոր պայմանավորվածությամբ։ «Եթե խոսքը բանավոր պայմանավորվածությունների մասին չէ՝ չեմ կարծում, թե գագաթնաժողովի ժամանակ կամ դրանից հետո հայկական կողմի հետ փաստաթղթավորված որևէ պայմանավորվածություն լինի։

Ես ավելի շատ հակված եմ, որ խնդիրը ռուսական դաշտում է, և, գուցե, Ադրբեջանը ռուսական կողմի որևէ առաջարկի, զիջման կամ որևէ բան ստանալու դիմաց համաձայնի բացել։ Հնարավոր է՝ ռուսական կողմն այնպիսի առաջարկ անի, որից Ադրբեջանը պարզապես չկարողանա հրաժարվել»,- եզրափակեց քաղաքագետը։