Օրեր առաջ
Oragir.News-ն անդրադարձել էր այն խնդրին, որ քաղաքացիները ՀԿԱԾ-ի պատճառով չէին կարողանում մեքենաների տեխնիկական զննում իրականացնել։
Վարորդի ընկեր կազմակերպության իրավաբան Մհեր Հակոբյանը
Oragir.News-ի հետ զրույցում, առավել մանրամասն խոսելով խնդրից, ասաց. «ՀԿԱԾ-ում մարդու պարտավորությունները սովորաբար տուգանքներից են առաջանում, կան նաև բազում այլ դեպքեր․ օրինակ՝ մարդն ունի վարկային չմարված պարտավորություն, բանկին պարտք ունի, չի կարողանում ամսական վճարում կատարել, իրար հետ համաձայնության չեն գալիս․ ի՞նչ է անում այդ դեպքում բանկը։ Բանկը մտնում է դատարան և հասնում է նրան, որ դատարանը իր վճռով հաստատում է, որ տվյալ անձը պարտք է բանկին այսքան գումար, դրանից հետո եթե այդ վճիռը ստանում է օրինական ուժ, այդ վճիռը ուղարկում են ՀԿԱԾ»։
Խոսելով մինչև 2020 թվականը եղած իրավիճակից՝ Հակոբյանն ասաց, որ նախկինում մարդիկ, ունենալով ՀԿԱԾ, կարողանում էին մեքենայի տեխնիկական զննում իրականացնել առանց խոչընդոտներ. «Մինչև 2020 թվականը որևէ խնդիր չկար, մարդը, ունենալով ՀԿԱԾ արգելանք, մեքենայի տեխզննում կարողանում էր իրականացնել։ Այստեղ խնդիրն այն է, որ հիմա, երբ ՀԿԱԾ մարդու նկատմամբ կիրառում է արգելանք, միայն արգելանքով չի բավարարվում, նաև հետախուզում է հայտարարում պարտապանի գույքի նկատմամբ։ Առաջին հարվածը բնականաբար գնում է մարդու բանկային հաշիվներին, որովհետև դա ամենհեշտ միջոցն է, որը և՛ հասանելի է, և՛ էֆեկտիվ է, և՛ ճիշտ է»։
Հակոբյանը ընդգծեց, որ նախքան գույքի վրա կալանք դնելը՝ կալանքի տակ են վերցնում բարդկանց բանկային հաշիվները․ «Բայց քանի որ մեր երկրում բանկային հաշիվներ չունեցող մարդիկ կան, այս դեպքում հարվածը արդեն գնում է մարդու գույքի վրա, այսինքն՝ տուն, մեքենա և այլն։ Անշարժ գույքի, օրինակ, տան վրա դրված արգելանքը մարդու կյանքը բարդացնում է այնքանով, որ այն պահից, երբ արգելանք դրվեց, այդ տունը հնարավոր չի լինի վաճառել։ Մարդիկ կան, որ ապրում են այդ տան մեջ, չեն ուզում վաճառել, իրենց այդ արգելանքը չի խանգարում։ Հիմա քանի որ տրանսպորտային միջոցը ևս գույք է, և գույքի վրա դրվում է արգելանք, դրա մեջ մտնում է նաև այդ տրանսպորտային միջոցը։ Այդ տրանսպորտային միջոցի նկատմամբ հայտարարվում է հետախուզում, քանի որ տան տեղը արդեն ՀԿԱԾ-ն գիտի և հետախուզման կարիք չկա»,- ասաց Հակոբյանը։
Հակոբյանը նշեց, որ նախկին ԴԱՀԿ աշխատակիցները հետախուզում չէին իրականացնում․ «Առաջ հետախուզման մեխանիզմ ՀԿԱԾ-ն չուներ, քանի որ նրանց աշխատակիցները, չէին այցելում այդ մարդկանց տուն, փողոցում քայլեին, տրանսպրտային միջոցները գտնեին և դա այդպես մնում էր, և գույքի տերերը այդ մեքենան հանգիստ շահագործում էին»։
Հակոբյանը նշեց նաև, որ ներկայիս իշխանությունը 2019 թ․-ից այս փոփոխությունը արեցին և բարդացրեցին այն վարորդների կյանքը, որոնք ունեն մեքենա և ՀԿԱԾ։
«Պետությունը այսպես է մտածում․ մարդու կյանքը բարդացնեմ, տեխզննումը չանի, եթե տեխզննումը անցած չլինի, իրեն պետք է տուգանեն 20000-ի չափով, այդ մարդը չի կարողանալու այդ մեքենան վարել։ Սրանով ուզում են ստիպել մարդուն իր ՀԿԱԾ պարտավորությունները կատարել։ Մեխանիզմը սա է․ մարդկանց կյանքը բարդացնել»,- ասաց Հակոբյանը։
Հակոբյանն ընդգծեց, որ այս մեթոդը էֆեկտիվ է այն դեպքում, երբ պարտքը մեծ գումար չէ․ «Այս առումով, թվում է, էֆեկտիվ է և ճիշտ է, այո՛, եթե մարդ քիչ ՀԿԱԾ ունի, ենթադրենք 7500 դրամ է, դա մարդու համար թեմա չէ, միանգամից վճարում է, բայց շատ հաճախ այս վիճակում են հայտնվում այն մարդիկ, որոնց պարտքը շատ մեծ է, ասենք՝ մարդը 5 մլն վարկ է վերցրել, չի կարողացել փակել, ՀԿԱԾ-ն այդ գումարի չափով արգելանք է դրել, հիմա եկավ այդ մարդու մեքենայի տարեկան տեխզննման ժամանակը, այդ մարդը չի կարողանում այդ գումարը փակել՝ չունի, ինքը չարամիտ չվճարող չէ, այլ ուղղակի չունի։ Հիմա եթե այդ գումարը չունի և ըստ էության՝ իրեն արգելում են այդ մեքենան շահագործել, ինչ անի այդ մարդը, ինձ մոտ մի քանի մարդիկ եկել են այդ խնդրով»։
Հակոբյանը նշեց նաև, որ կան դեպքեր, երբ բանկը հաճախորդների հետ գալիս է որոշակի պայմանավորվածության, որ գումարը մաս-մաս մուծեն, բանկն էլ որոշում է, որ դա ավելի նպատակահարմար տարբերակ է․ «Կողմերը գալիս են համաձայնության, մարդը իր պարտքը վճարում է, բայց այդ ընթացում մարդուն արգելվում է իր մեքենայից օգտվել, սա խնդիր է որի լուծումը չկա, պետությունը չափից դուրս խիստ է վերաբերվում»։
Խոսելով տվյալ օրենքում բացթողումներից՝ Հակոբյանն ասաց. «Եթե ես կարգավորեի, գումարային սահմանափակում կդնեի․ օրինակ՝ տեխզննում չենք անում, եթե գումարը 100 000 է, դրանից վերև անում ենք։ Դա պետք է քննարկվի։ Ես սխալ եմ համարում, որ 7 500 և 5 մլն պարտք ունեցողին դնում են մի հավասարության մեջ»։
Խոսելով եղող պրակտիկայից՝ Հակոբյանն ասաց. «Շատ են դեպքերը, երբ մարդիկ ինչ-ինչ պատճառներով ընկել են պարտքի տակ, կյանքում սխալ են կատարել, հիմա իրենց օրվա հացի փողը վաստակում են այդ տաքսին քշելով, հիմա այդ մարդու ճանապարհը փակում ես, իր այդ վերջին մեքենան դու վերցնում ես․ այդ մարդը հա պետք է խախտում անի, ամեն օր իրեն պետք է ոստիկանությունը 20000 տուգանի, դա նորմա՞լ է։ Գաղափարը լավն է, բայց չափից դուրս խիստ և ուղղամիտ է կիրառված։ Գաղափարը ճիշտ է նաև այն առումով, որ եթե ՀԿԱԾ-ն հետախուզում է հայտարարում, պետական բոլոր մարմինները, քաղաքացիները, իրավաբանական անձիք պետք է պետական մարմնին աջակցեն։ Այստեղ պետությունը ճիշտ է անում, բայց կարելի է ուրիշ կարգավորումներ էլ անել»,- ասաց Հակոբյանը։
Հակոբյանն ասաց, որ նման իրավիճակում պարզ է, որ վարորդները դժգոհություն կհայտնեն. «Պարզ է, որ վարորդները կբողոքեն, մանր գումարներ ունեցողներին կարող ենք հանել, լուծվող հարց է։ Մեծ գումարներ ունեցողներն այ էսպիսի պրոբլեմի առաջ են կանգնում։ Մեքենան «ռասկուլաչիտ» (պահեստամասերի վերածում- խմբ․) են անում, ծախում, ես չգիտեմ, թե ինչ լուծում են տալիս դրան։ Գաղափարը լավն է, բայց ինչպես միշտ մանրուքները փչացնում են»,- ասաց Հակոբյանը։