Երևան +14°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 23:02 20-12-2022

Նա մեզանում չգնահատվեց և անժամանակ գերեզման իջավ

1849 թվականի դեկտեմբերի 21-ին Կոստանդնուպոլսում ծնվել է հայ մեծ դերասան, բանաստեղծ, գրող, նկարիչ Պետրոս Ադամյանը։ Նա հայ բեմում Համլետի առաջին դերակատարն է և շեքսպիրյան իր դերակատարումներով դասվել է աշխարհի մեծագույն ողբերգակների շարքին։

Պետրոս Ադամյանը սովորել է Ղալաթիայի Սբ. Փրկիչ կաթոլիկ եկեղեցու դպրոցում։ Տիրապետել է լատիներեն, իտալերեն և ֆրանսերեն լեզուներին: 16 տարեկանում առաջին անգամ «Արևելյան թատրոնում» բեմ է բարձրացել երկու բառանոց մի դերով և արժանացել խրախուսանքի: 1867-ից նա արդեն նույն թատրոնի դերասան էր: Արևելյանից հետո Ադամյանը խաղացել է Թոմաս Ֆասուլաճյանի, ապա նաև Պետրոս Մաղաքյանի դերասանախմբերում: 1879 թվականին հրավերը Թիֆլիս շրջադարձային էր մեծ դերասանի համար։ Այստեղ նրան սպասում էին մեծ ու հնչեղ դերակատարումներ` Չացկի (Ա. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Կորրադո (Պ. Ջակոմետտի «Ոճրագործի ընտանիքը»), Միքայել (Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»)...



Պետրոս Ադամյանը հյուրախաղերով շրջագայում է Ախալցխայում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում, Շուշիում, Նոր Նախիջևանում, ապա նաև Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կիևում, Խարկովում, Բաքվում և այլուր։ Նա մեծ ճանաչում ու համբավ ուներ այս բոլոր քաղաքների թատերական միջավայրում։ Ադամյանը ոչ միայն հայերեն, այլ երբեմն նաև ֆրանսերեն էր խաղաղում Արբենինի, Համլետի, Օթելլոյի դերերը` օտարազգի հանդիսատեսի համար։



Մամուլը Ադամյանին համեմատել է իտալացի հռչակավոր դերասաններ Թոմազո Սալվինիի և Էռնեստո Ռոսսիի հետ: Թեև, երբ 1890-ականներին Էռնեստո Ռոսսին հյուրախաղերով հանդես է եկել Թիֆլիսում, հանդիսատեսը թատրոն է գնացել տեսնելու ու համեմատելու, թե ով է ավելի մեծ` Ռոսսի՞ն, թե՞ Ադամյանը։ Հովհաննես Թումանյանը իր հոդվածներից մեկում հիշում է.

«Դուրս եկավ Ռոսսին, հսկա դերասանը՝ Դանիայի դժբախտ ու փիլիսոփա արքայազունը։ Հասարակությունը հափշտակված, շունչն իրեն պահած հետևում էր մեծ ողբերգուին։ Գործողությունը վերջացավ։ Վարագույրն իջավ։ Թատրոնը դղրդաց միահամուռ ու անընդհատ ծափահարությունից։ Ռոսսին ստիպված մի քանի անգամ բեմ դուրս եկավ՝ մինչև որ հասարակությունը հանգստացավ։
Եվ հասարակությունը հանգստացավ թե չէ, նույնիսկ Ռոսսու թարմ խաղի ահագին տպավորության տակ գրեթե միաձայն արձակեց իր վճիռը.

-Սքանչելի է... Բայց Ադամյանին չի հասնիլ։

Ես իմ կյանքում, թերևս երբեք ինձ էնքան հպարտ չեմ զգացել իբրև հայ, ինչպես էն գիշեր։

Բայց, այսուամենայնիվ, չեմ կարող ասել՝ հպարտությո՞ւնս ավելի մեծ եղավ, թե՞ վիշտս...

Նա մեզանում չգնահատվեց, և անպաշտպան, անժամանակ գերեզման իջավ»։



«Նա մեզանում չգնահատվեց» արտահայտությունը ինչպես շատ-շատերի դեպքում, այնպես էլ Պետրոս Ադամյանի պարագայում գործել է լիուլի։

1888-ին Պոլսում նշել են Ադամյանի ստեղծագործական գործունեության 25- ամյակը։ Անկազմակերպ, անփույթ երեկոյից հետո կազմակերպիչները Ադամյանին ներկայացրել են երեկոյի ծախսերը և պահանջել վճարել դրանք։ Նյարդային վիճակից, վիրավորանքից ու հուզմունքից Ադամյանը կոկորդում սուր ցավ է զգացել ու բժշկի չդիմելով` մի քանի օր անց կրկին բեմ է դուրս եկել կիսադատարկ դահլիճի առջև։



Նյութական կարիքը, օրեցօր վատթարացող առողջությունը և ձայնի կորուստը Ադամյանին գամել են անկողնուն։ Նա վաճառել է հանդիսատեսից ստացած իր հուշանվերները, որպեսզի կարողանա հոգալ իր նվազագույն ապրուստն ու բուժումը։ Նրա արվեստի ռուս երկրպագուները` իմանալով Ադամյանի ծանր վիճակի մասին, աջակցության համար նամակով դիմել են Պոլսում ռուս դեսպանին ու խնդրել օգնել մեծ դերասանին։ Ամբողջովին հյուծված Ադամյանին դեսպանատան աշխատակիցները տեղափոխել են Պոլսի ռուսական հիվանդանոց։ Սակայն վիճակն արդեն ծայրահեղ վատ էր։ Կարճ ժամանակ անց դերասանին հիվանդանոցից դուրս են գրել` տանը մահանալու համար։

Պետրոս Ադամյանը 1891 թվականի հունիսի 3-ին մահացավ միայնակ, անտեսված, մոռացված ու վիրավորանքը սրտում։ Նա ընդամենը 41 տարեկան էր։ Մեծ դերասանին թաղեցին Պոլսի Շիշլիի գերեզմանատանը` բանաստեղծ Մկրտիչ Պեշիկթաշլյանի կողքին։



Հովհաննես Թումանյանը Պետրոս Ադամյանի մահից երկու տասնամյակ անց գրեց. «Նա դարձավ ինձ համար մի մշտական վիշտ, մի գեղեցիկ վիշտ, մի իսկական Համլետ, որ բարձր ձիրքերով ծնվել էր մի շատ խեղդուկ մթնոլորտում...

Եվ խեղդվեց...»։

Նաիրա Եղիազարյան