Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 19:59 10-06-2022

Երբ ՌԴ-ի հետ առևտուրը տեղափոխվում է ռուբլու հարթություն, մեզանում դոլարի և եվրոյի դիրքերը որոշակիորեն թուլանում են

Oragir.news-ի խնդրանքով դրամի կուրսի տատանումներն է մեկնաբանում «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանը։

Վերջին ամիսների փոխարժեքային միտումները երկու հիմնական գործոններով են պայմանավորված։ Առաջինը՝ դեպի Հայաստան արտարժույթային հոսքերն են։ Մարտ-ապրիլ ամիսներին նախորդ տարիների նույն ժամանակահատվածի կամ արտարժույթային շուկայի շրջանառության սովորական ծավալների համեմատությամբ՝ դեպի Հայաստան ավելի քան 200 մլն դոլար արտարժույթի լրացուցիչ հոսք է եղել։ Նման հոսքի արդյունքում ավելացել է արտարժույթի առաջարկը, ինչն էլ դրամի դիրքերն ամրապնդելու համար լավ հիմքեր է ստեղծել։ Մյուս կողմից, արտարժույթի պահանջարկի նվազման մասին որոշակի դատողություններ կան այն առումով, որ Ռուսաստանի հետ առևտուրը աստիճանաբար իրականացվում է ռուբլով, որի դեպքում դոլարի և եվրոյի նկատմամբ պահանջարկը նվազում է։ Սա առաջին, այսպես կոչված, ֆունդամենտալ հոսքերի գործոնն է։ Կա նաև որոշակի սպասումների գործոնի հանգամանքը։ Այն հոսքերը, որ եղել են մարտ-ապրիլին, մայիսին ակնառու չեն եղել, բայց նույն ընթացքում տեղի է ունեցել ռուսական ռուբլու մոտ 15% արժևորում, որը բնականաբար, փոխանցվում է հայկական դրամին։ Մեր տնտեսությունը, հայկական դրամը պատմականորեն ռուբլու հետ որոշակիորեն կապակցված են։ Ռուբլու և դրամի վարքագծերը որոշակիորեն կորելացված են։ Հիմնական սպասումների առումով՝ ռուբլու զարգացումները փոխանցվում են դրամին։ Ըստ էության մարտ-ապրիլ ամիսներին արտարժույթի հոսքերի հետ կապված զարգացումներն են մեզանում պայմանավորել փոխարժեքի վարքագիծը, իսկ մայիսին արդեն ռուսական ռուբլու զարգացումները։ Մոտավորապես այսպես կարելի է բնորոշել իրավիճակը։ Ինչ վերաբերում է փոխարժեքի փոփոխության՝ տնտեսության վրա ունեցած ազդեցությանը, ապա փոխարժեքի արժևորումը լավ է ներմուծողների համար, բայց վատթարացնում է երկրի վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշիվը։ Դա նպաստում է ավելի շատ ներմուծմանը և բացասաբար ազդում արտահանման վրա։ Այդ տեսակետից վճարային հաշվեկշիռը վատթարանում է։ Մենք նման իրավիճակներ ունեցել ենք 2005 և 2008 թթ․, երբ դրամն ինտենսիվ արժևորվում էր, որի արդյունքում ընթացիկ հաշվի որոշակի վատթարացում ունեցանք։ Թե այս անգամ ինչպես կդրսևորվեն զարգացումները, կախված է այս գործընթացների տևողությունից։ Եթե դրանք երկարատև լինեն, ապա ընթացիկ հաշվի բացասական զարգացումներ կունենանք։ Մյուս կողմից փոխարժեքի արժևորումը մի դրական բաղադրիչ ունի, դա այն է, որ գնաճային զարգացումները թուլանում են, որոշակիորեն կոմպեսացնում են գնաճը։ Չմոռանանք, որ մայիսին մենք բավականին բարձր՝ 9% գնաճ ենք ունեցել։

Շուկայական տնտեսությունն ունի անտեսանելի ձեռքի ինքնակարգավորման մեխանիզմ, որի տարրերից մեկն էլ այն է, երբ դեպի երկիր արտարժույթային հոսքերը ավելանում են, փոխարժեքը արժևորվում է և նպաստում է, որպեսզի այդ հոսքերը պակասեն։ Տնտեսությունն այդ զարգացումներին արձագանքում է և փորձում է ինքնակարգավորվել։ Բայց եթե այդ հոսքերը կարճաժամկետ լինեն, ապա կհանգեցնեն արժևորման։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ․ գործ ունենք կարճաժամկետ թե երկարաժամկետ հոսքերի հետ։ Անկախ դրանից՝ Էկոնոմիկայի նախարարության պահվածքից հասկացվում է, որ այդ գերատեսչության համար դրամի արժևորումը ցանկալի չէ արտահանմանը չվնասելու տեսանկյունից։

Վերլուծելով իրավիճակը՝ կարելի է եզրահանգել, որ ավելի հավանական է դրամի շարժը դեպի նախկին մակարդակ։ Արժևորման համար լուրջ հիմքեր չկան։ Բայց չմոռանանք, որ փոխարժեքը անկանխատեսելիության գործոն ունի։

Ինչ վերաբերում է Եվրոյին և ռուբլուն արժեքներին, դրանք միջազգային շուկաներից են կախված, քանի որ դրանք գնանշվում են փոխարժեքի սկզբունքով, հաշվարկվում են՝ ելնելով դրամ-դոլար և եվրո-դոլար փոխարժենքերից կամ դոլար-ռուբլի փոխարժեքից։ Մեր տնտեսության և դրամի կուրսի վրա էապես ազդում է նաև այն հանգամանքը, որ ՌԴ-ն մեր ամենախոշոր առևտրային գործընկերն է, որի հետ մեր առևտրի շրջանառության ծավալները կազմում են ընդհանուր առևտրի 1/3-ին։ Երբ ՌԴ-ի հետ առևտուրը տեղափոխվում է ռուբլու հարթություն, մեզանում դոլարի և եվրոյի դիրքերը որոշակիորեն նվազում են։ Բայց պետք է հաշվի առնենք, որ ՌԴ-ից եկած այցելուների հոսքը, որոնց մի մասը այստեղ է որպես աշխատուժ, իրենք դրսից ստանում են դոլարային եկամուտներ, այդ առումով կարող են որոշակրորեն կոմպեսացնել առևտրից եկող դոլարի պակասը։ Այդուհանդերձ, արտաքին առևտրի տեսակետից այդ փոխարինման էֆեկտը տեղի ունի, և դա ոչ թե դոլարի համար արժևորման ճնշում է առաջացնում, այլ արժեզրկման, որովհետև դրա պահանջարկը նվազում է։