Երևան +27°
Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 18:39 13-06-2022

Նիկոլի հեռանալուց հետո լռություն իջավ Դեղձուտի վրա՝ դատարկ, ոչինչ չասող լռություն

Օրերս Փաշինյանը այցելել էր Արարատի մարզ, ինչը հակասական մեկնաբանություների տեղիք տվեց այն առումով, որ նա Երևանում հարյուրավոր, հազարավոր թիկնապահներով շրջապատված է տեղաշարժվում, մինչդեռ այս լարված օրերին մարզ է մեկնել մենակ, առանց ուժեղացված թիկնազորի ու բերետավորների։ Ավելին, հասցրին այդ կապակցությամբ անգամ հոգեբանի տեսակետ ներկայացնել առ այն, որ Փաշինյանը երկված անձնավորություն է և ժամանակ առ ժամանակ «գելի սիրտ կերած» կարող է մենակ, առանց թիկնազորի դուրս գալ ժողովրդի մեջ։

Իրականում այս այցը ծրագրված էր վաղուց։ Մայիսին Ֆրի Նյուզի թղթակից հայտնի աղջիկը, որ ամիսներ առաջ «կորչի կապիտուլյանտը», «Նիկոլը դավաճան է» պաստառներով ցույցեր էր անում Փաշինյանի դեմ, հետո կարելի է ենթադրել, թե ինչ պատճաներով «ասում է միայն Նիկոլ, խմում՝ միայն Նոյ», մեկնել էր Դեղձուտ՝ մարդկանց տրամադրությունները շոշափելու։ Հարցը այն է, որ այս գյուղում նիկոլականներն այնքան քիչ չեն և գյուղամիջում համարձակվում են վերջինիս ինչ-ինչ հարցերում պաշտպանել։ Այստեղից են Մխչյան գյուղի տարածքում գտնվող հայտնի մեծածախ շուկայի տերերը, որ նախկին դաշնակցականներ են, հիմա՝ նիկոլական ու ամեն ինչ անում են առաջնորդին հաճոյանալու համար ու այդ ուղղությամբ գյուղում աշխատում են։ Ֆրի նյուզի աղջկա այցելությունն ավարտվել էր նրանով, որ գյուղի նիկոլականներն ու սրան չընդունողները իրար ծեծել էին (նշենք, որ այս գյուղում դաշնակցականներ կան, որոնց թվում և «Հայաստան» դաշինքի երիտասարդական թևից Գերասիմ Վարդանյանը, որ կալանավորված է)։ Ինչևէ։

Շաբաթ օրվա հանդիպումը ներկայացնող կադրերում Նիկոլին շրջապատել, հետը զրուցում են նրանք, որոնք Ֆրի նյուզի կադրերում Նիկոլի գովքն են անում։ Սրանք հիմնականում հարևան գյուղերից են։ Բայց էականը դա չէ։ Նիկոլը Արարատի մարզ էր մեկնել նույն, ուժեղացված թիկնազորով, անվտանգության առավելագույն միջոցառումների իրականացմամբ։ Մեկնելուց դեռ օրեր առաջ գյուղում գիտեին այդ մասին, դերերը բաշխվել էին։ Այդուհանդերձ, ամեն ինչ այնքան էլ սահուն չի անցել։ Մինչև գյուղ մտնելը՝ տեղացիները փորձել են փակել մուտքի ճանապարհը։ Բերետավորները իրենց բնորոշ վարվելակերպով անհնազանդներին «կարգի են հրավիրել»՝ 7-8-ին էլ, այդ թվում՝ նաև կանանց, լցրել ոստիկանության մեքենան, որ Երևան տեղափոխեն։ Բայց կարգազանցներին Երևան չեն հասցրել։ Այն բանից հետո, երբ Նիկոլը գյուղից հեռացել էր, բերետավորների ոստիկանական մեքենան Նուբարաշենի ճանապարհին՝ բնակավայրերից դուրս՝ ամայի տարածքում, «բեռնաթափել էր անհնազանդներին ու բարի ճանապարհ մաղթել»։ Ընդ որում, մեկ-երկուսի ոտքերին անգամ կոշիկ չի եղել, քանի որ քաշքշոցի ժամանակ ոտքերից ընկել է, ու այդպես էլ մեքենա էին «քարշ տվել»։

Ինչ վերաբերում է Նիկոլի՝ «գելի սիրտ» կերած լինելուն․․․ Գյուղի բոլոր մեքենաները, որ կանգնած են եղել այն դռների առաջ, որոնցով պետք է անցներ Փաշինյանը, մինչև նրա ժամանելը մանրակրկիտ ստուգման են ենթարկվել։ Հատուկ հայելիներով անգամ մեքենաների տակն են ստուգել ու տերերին արգելել մինչև վարչապետի հեռանալը մեքենաներին մոտենալ։ Նաև հսկողություն են սահմանել։

Փաշինյանի այցելության հերթական առանձնահատկությունն այն էր, որ «դիմավորողների» քանակը խիստ սահմանափակ էր։ Այնքան, որ նա հասցրեց ձեռքով բարևել բոլոր դիմավորողներին, այդ թվում՝ նաև դպրոցահասակ երեխաներին (իրենց իսկ ներկայացված կադրերում դա երևում է)։ Հասկանալի է, որ այդ քչությունը պայմանավորված չէր միայն նրան չսիրելով, այդ տարածքի բնակիչների նրան հանդիպելու ցանկության բացակայությամբ։ Չէին էլ փորձել, ի հակադրություն Դիմադրության շարժման, մարդաշատ ու ցնծագին ընդունելության ներկայացում բեմադրել։ Միայն այն հանգամանքը, որ այս խոշորացված համայնքում 38 գյուղ է, յուրաքանչյուր գյուղապետիկ ու նրա մեկ-երկու մտերիմները բավարար էին 150-200 հոգիանոց հավաք ստանալու համար։ Հատկապես որ դրանով իսկ շատ գյուղապետիկներ, որ հիմնականում նախկին Հանրապետական, ԲՀԿ-ական ու դաշնակներ են, իրենց անսահման նվիրվածությունը կցուցադրեին Արտաշատի համայնքապետին ու իրենց սրտի վարչապետին։

Պարզվում է, որ հավաքի կազմակերպիչները չեն ցանկացել, որ այն մարդաշատ լինի։ Ավելին, գերադասել են առանց այդ էլ հատուկենտ գյուղացիների փոխարեն քաղաքացիական հագուստով ոստիկանների։ Էդպես ավելի անվտանգ կլիներ մի քանի առումներով։ Այդ թվում նաև ավելորդ, նույնիսկ ոչ միտումնավոր անցանկալի հարցերի հնչելու հավանականությունն էր փոքրանում (հանդիպմանը, այնուամենայնիվ, նման դեպք եղավ)։ Հավելենք, որ վարչապետի հետ խոսողները, գյուղի հոգսերը քննարկողները հիմնականում այլ գյուղերի «փաշինյանական ակտիվիստներ» էին, որոնց նույնպես «ֆիլտրել» էին։ Այդ գյուղից հազիվ 6-7 հոգի էին, որ ընդամենը «վարչապետ ջան, մեջքիդ կանգնած ենք» ասողներ էին։

Բայց Դեղձուտը բոլորովին էլ «մեջքիդ կանգնած ենք» ասողների գյուղը չէ։ Այս գյուղն է ներկայացնում նաև Երևանի պետական համալսարանի այն լեզվաբան դոկտորը, որի հարցերը դեռ Նիկոլի կառավարման ամենաբարձր ռեյտինգի օրերին համալսարանում կայացած Նիկոլի հետ հանդիպումների ժամանակ ամենասուրն էին ու ամենատհաճը վերջինիս համար։
Նիկոլը հեռացավ գյուղից։ Ու ինչ ընդունելություն էլ որ լիներ, միևնույնն է, նա հիանալի հասկանում է, որ այդ ամբողջը ներկայացում է, բեմադրություն, միակ իրականը նրա ճանապարհը փակելու փորձն էր, որին հաստատ ինքը տեղյակ էր, ու այն կանանց ծղրտոցը, թե «էս գյուղերի մեջ ամենավատը մենք ենք, որ հենց մեր գյուղ է գալիս»։

Նիկոլի հեռանալուց հետո լռություն իջավ Դեղձուտի վրա՝ դատարկ, ոչինչ չասող լռություն։ Միակ աղմուկը լսվում էր հեռու դաշտից, որտեղ մարդիկ ոռոգման ջրի համար իրար կոկորդ էին պատռում։

Ամենից շատ դիտված

23:37 Լոռու մարզում, ընկերներով սինդրիկ հավաքելիս, տղամարդը կորել է. shamshyan.com
21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը կտրել են
19:10 Դպրոցի փոխտնօրենը գոռացել է աշակերտուհու վրա և լացացրել. Զովունիի դպրոցի աղմկահարույց դեպքի պատճառները
08:35 Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. Փաստ
19:45 Ալիևը «վերադարձրեց» 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի․ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգևորությունը
00:03 Մամայիս թևը կտրել են, արյուն է պետք. շների հարձակմանը ենթարկված կինն անգիտակից է
22:38 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
20:30 3-րդ բանակային կորպուսը նահանջի հրաման չի կատարի, եթե ազգային պահանջ լինի․ Սուրեն Պետրոսյան
19:00 Ինչու Փաշինյանի օրոք համաբանակային զորավարժություն չի եղել. ԳՇ նախկին պետի կարծիքը
22:30 Արցախը հանձնեցի, թողեք Հայաստանը փրկեմ․ Նիկոլ Փաշինյանի «արժանապատվությունը»