copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:03 20-12-2022

Ես շատ վաղուց գիտեմ, որ ազդում եմ ինչ-որ մարդկանց նյարդերի վրա, մտածում են՝ սա լավ առիթ է՝ ինձ վախեցնելու համար․ Գևորգ Էմին-Տերյան

Oragir.News լրատվական կայքի խմբագիր Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի համար, այն է՝ «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ»։

Նման մեղադրանք հարուցելու համար հիմք է հանդիսացել ֆեյսբուքյան իր էջում Էմին-Տերյանի գրառումը․ «Ի նշան բողոքի՝ պետք է հրապարակի տոնածառը վառել»։

Գևորգ Էմին Տերյանի համար իրավապահ մարմինների նման արձագանքը իր գրառմանն անակնկալ էր։ Ավելին, ասում է՝ մեղադրանքը ո՛չ իր համար է հասկանալի, ո՛չ իր փաստաբանի։

«Մեղադրանքում նշված է որևէ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն քարոզելը, անհանդուրժողականություն տարածելը։ Ես, ճիշտն ասած, հարցեր ունեմ, թե այդ որ անձինք են, որ իրենց նույնացնում են տոնածառի հետ, ովքեր են այն անձինք, որ ապրումակցում են տոնածառին։ Ես կփորձեմ դա հասկանալ առաջիկայում։ Թերևս, այդ առնչությամբ առանձին հրապարակմամբ հանդես կգամ, գուցե դա կրոնական խումբ է, քաղաքական կամ ռասսայական, կարող է սեռական խումբ լինել, օրինակ։ Անպայման հարապարակում կլինի այն մասին, թե մարդկանց ինչ խումբ կարող է լինել տոնածառի հետ կապված, բայց բուն մեղադրանքը ինձ համար դեռևս անհասկանալի է»։

Էմին-Տերյանի ֆեյսբուքյան էջում կատարած հրապարկմանը հաջորդել Կառավարության դիմաց ընդդիմության հանրահավաքը, որի ընթացքում ոստիկանական մեծաթիվ ուժեր հսկողություն էին իրականացնում տոնածառի մոտ։ Ոստիկանության այս կուտակումը քննադատության արժանացավ հանրության շրջանում։

Էմին-Տերյանին հարցրինք, թե հնարավո՞ր է, որ նման ոստիկանական ուժերի կենտրոնացումը որևէ կերպ արդարացնելուն էր ուղղված այս գործի հարուցումը, նա պատասխանեց, որ թերևս ինչ- որ մեկը, որ հումորի զգացողություն չունի, կարդացել է իր գրառումը և քանի որ հայերեն էլ լավ չի հասկանում, պատուհանից տեսել է ու պատկերացրել ինչ-որ բաներ։

«Օրինակ, տոնածառը բոցերի մեջ կամ գուցե այդ մարդը իրեն նույնացնում է տոնածառի հետ և խուճապահար հրահանգ է տվել շրջափակել տոնածառը, պաշտպանել։ Հետո էլ իրենք փորձում են արդարացնել իրենց գործողությունները, իբր շատ իրավաչափ և համարժեք գործողություն է եղել․ մի քանի հարյուր ոստիկանով անպաշտպան երկրում պաշտպանել տոնածառը։ Երկրորդ․ ես շատ վաղուց գիտեմ, որ ազդում եմ ինչ-որ մարդկանց նյարդերի վրա, հիմա մտածում են, որ սա շատ լավ առիթ է ինձ վախեցնելու համար, կարծում են՝ գուցե ես շատ բաներից հետ կանգնեմ։ Ակնհայտ է, որ սա պատվեր է, իրավապահներն իրենք էլ են նշում, որ իրենք ոչինչ անել չեն կարող, որ դա որոշված բան է։ Օրինակ, երեկ ցուցմունք տալիս քննիչի տարբեր հարցերից ակնհայտ երևում էր, որ դա ինչ-որ մեկին հաճոյանալու համար է արվում»։

Նրա դիտարկմամբ՝ մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ հումոր ասելով շատերը հասկանում են էժանագին, կենցաղային մի բան։

«Չի կարող սարկազմը իրականության հետ կապ չունենալ, դա սարկազմ էր, թող իրավապահները բացեն, կարդան սարկազմի սահմանումը։ Մյուս կողմից էլ կա ուղիղ խոսք և կա գեղարվեստական խոսք։ Գեղարվեստական խոսքը չի կարող համեմատություն, փոխաբերություն կամ չափազանցություն իր մեջ չպարունակել։ Ես, իհարկե, գրող չեմ, բայց սովորական քաղաքացին էլ կարող է գեղարվեստական խոսք օգտագործել, խոսքն ավելի ազդեցիկ դարձնելու համար։ Ցավոք, մեր իրավական համակարգը չի հասկանում ո՛չ հումոր, ո՛չ սարկազմ, ո՛չ չափազանցություն, ո՛չ էլ գեղարվեստական խոսքի որևէ առանձնահատկություն»։

Քրեական գործ հարուցելուց օրեր անց Էմին-Տերյանը լուսանկար էր հրապարակել հրապարակից՝ տոնածառի հետ։ Հարցրինք, թե արդյոք տարածքում ոստիկաններ կային, նա նշեց, որ ցանկություն ուներ մոտենալու տոնածառին, բայց մտավախություն կար, որ կարող է դա ընկալվել որպես սադրանք։

«Որոշ իրավապահներ ինձ ասում էին, որ եթե ես ընդդիմության հանրահավաքի օրը Կառավարության դիմաց տեղի ունեցած ցույցին մասնակցած լինեի, ինձ անպայման ձերբակալելու էին, բախտս բերել է, որ չեմ մասնակցել։ Չեմ կարող ասել՝ որքանով է ճիշտ, որքանով է սուտ, բայց ամեն դեպքում՝ ասողներն իրավապահներ էին։ Լուսանկարվելու օրը, ճիշտն ասած, ուզում էի մոտենալ տոնածառին, բայց մտածեցի, որ գուցե հումորս իրոք չհասկանան։ Օրինակ, գուցե գրպանումս կրակայրիչ գտնեն․․․ դրա համար էլ որոշեցի բախտս շատ չփորձել ու շատ չմոտեցա տոնածառին, բայց խոստանում եմ, մոտ ապագայում ավելի մոտենալ ու ավելի մոտիկից լուսանկար հրապարակել»։

Հարցին, թե մտավախություն չունի՞, որ եթե տոնածառին որևէ բան պատահի, իրավապահները մտածելու են, որ իր խոսքից ազդված որևէ մեկն է գործել, նա պատսխանեց․ «Իրականում մտավախություն ունեմ, թե հանկարծ կարող է քամին շուռ տալ տոնածառը կամ ծիտիկները շատ ծրտեն տոնածառի վրա, ու հետո ասեն՝ ես եմ հատուկ արել։ Ամեն դեպքում շատ ծիծաղելի է։ Իրավապահ համակարգը հաշվի չի առել, թե ով է արել գրառումը, ես ահաբեկչական խմբավորման ղեկավար չեմ, այլ լրատվական կայքի խմբագիր եմ»,-ասաց Էմին-Տերյանը։

Փաստաբան Վաչե Սիմոնյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ հոդվածը, որով մեղադրանք է առաջադրված՝ նախատեսված է պաշտպանելու անձանց անձնական կյանքի իրավունքը, բարի համբավը, պաշտպանի հասարակական անվտանգության կարգը, որպեսզի որևէ որոշակի առանձնահատկություն ունեցող անձանց իրավունքները չոտնահարվեն։

«Մեղադրանքի մեջ նշվում է, թե ինչ հատկանիշներով պայմանավորված անձանց խմբի նկատմամբ է անհանդուրժողականություն հրահրել։ Եթե քննիչը բացեր այդ «այլ պայմաններով» ձևակերպումը, գուցե կհասկանայինք, թե ինչ հատկանիշներով անձանց խմբին է վերաբերում։ Գուցե հումորային կարող է հնչել, բայց մենք կհասկանայինք, օրինակ, տոնածառերի՞ նկատմամբ է անհանդուրժողականություն հրահրվել, մեզ համար անհասկանալի է՝ ինչ հատկանիշներ ունեցող անձանց նկատմամբ է հրահրվել անհանդուրժողականությունը։ Բայց այդ՝ գրառումը ինքնին չէր կարող համարվել հանցագործություն, խտրական վերաբերմունքի հրահրում։ Պարոն էմին-Տերյանը հանրությանը հայտնի է որպես լրագրող, լրագրողների նկատմամբ խոսքի, արտահայտվելու իրավունքը շատ ավելի պաշտպանված պիտի լինեն։ Ատելության խոսքը ունի իր հատկանիշները» ։

Նա նաև հիեցրեց, որ Էմին-Տերյանը մինչ այս գրառումը Արմենիա հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդման շրջանակներում ունի պամֆլետային հավելված, որտեղ տոնածառի հետ կապված էլի հումոր էր արել։

«Այսինքն, երբ ուսումնասիրում ենք ու դիտարկում ենք այս գրառումը մնացածի համատեքստում, ակնհայտ է դառնում, որ սա հումոր է, երբ քննիչն ասում է, որ բազմաթիվ օգտատերեր հավանության են արժանացրել գրատումը, պետք է նշել, որ նրանք որպես հումոր էին դա ընկալել։ Ավելին, քննիչը շահարկում է, ասում է, գրել եք՝ ի նշան բողոքի՝ պետք է վառել տոնածառը, այդ ձևակերպումը տեղ է գտել նաև Հանրային ռադիոյի հաղորդագրության մեջ, որտեղ նշված է, թե այս տարի տոնածառը կվառվի նախատեսվածից շուտ։ Այսինքն, վերցրել են «տոնածառը վառել» ձևակերպումը և դա կապել են ինչ-որ անձանց հետ՝ համարելով դրա խտրական վերաբերմունք կոնկրետ անձանց խմբի հանդեպ։ Բայց թե ինչ հատկանիշներով են այդ անձինք օժտված, դա չենք կարողանում գտնել։ Մենք կարող ենք միայն գուշակություններ անել, թե կոնկրետ որ անձանց խմբի մասին է խոսք։ Բայց ես դա չեմ անի, վարույթ իրականացնող մարմինը ինքը պետք է այդ բնորոշումը տա և ասի, թե որ խմբի անձանց մասին է խոսքը։ Ընդ որում՝ պարտադիր պետք է անձ լինի։ Օրինակ, եթե քննիչը գրեր, որ ուղղված է եղել այն անձանց դեմ, ովքեր շատ են սիրում նոր տարի տոնել, մենք կհասկանայինք, որ այդ անձանց դեմ է ատելություն դրսևորվել, իսկ սա ուղղակի հումոր է եղել, ընդ որում՝ որևէ մեկը չէր պատկերացնում, որ սա էսպես է ընկալվելու ու գործ է հարուցվելու»։

Նա նաև ընդգծեց, որ հենց նման գործերի առկայությունն է պատճառը, որ երկրի վարկանիշը անկում է ապրում ժողովրդավարության տեսանկյունից։

«ՄԻԵԴ-ն առհասարակ ողողված է նման գործերով, ու հենց այսպիսի գործերով են առավելապես որոշումներ կայացվում երկրի դեմ։ Մենք վստահ ենք, որ եթե ոչ ներպետական դատական ատյաններում, ապա միջազգային դատարաններում անպայման հաղթելու ենք»։

Անդրադառնալով գրառումը ընդդիմադիրների ակցիայի շրջանակում տեղի ունեցած մոմավառությանը՝ նա ընդգծեց, որ երջանիկ պատահականությամբ Էմին-Տերյանի խուզարկությամբ կրակայրիչ չի հայտնաբերվել։

«Նա էլեկտրական այքոս է ծխում, հակառակ դեպքում, եթե կրակայրիչը հայտնաբերվեր դա կարող էր ճանաչվեր որպես հանցագործության գործիք կամ իրեղեն ապացույց։ Սա զավետալի իրավիճակ է, բայց մեր իրականությունն է։ Պատկերացրեք, որ մի ամբողջ ջոկ կամ գումարտակ շրջափակել էր տոնածառը, դրա համար ինչ-որ լուրջ պատճառ էր, չէ,՞ պետք, հիմա պատճառն էլ ստեղծվել է։ Փորձել են հիմնավորել, որ եղել է ռեալ վտանգ, որ կարող էին հրկիզել տոնածառը դրա համար էլ շրջափակել են, հակառակ դեպքում՝ այդ իրավիճակն էր զավեշտի վերածվելու։ Եթե մինչ այս քրեական գործի հարուցումը տոնածառի շրջափակումն առնվազն տարակուսելի էր թվում, հիմա մարդիկ հասկացել են, որ ինչ-որ պատճառ պետք է գտնեին իրենց արարքը հիմնավորելու ու այդ ամենին լրջություն տալու համար, բայց սա հակառակ էֆեկտն է ունենալու։ Հիմա փորձում եմ լրջացնել տոնածառի շրջափակումը՝ տակը դնելով որևէ քրեական դեպք, բայց հենց դա է ավելի մեծ զավեշտի վերածվելու»։

Փաստաբանը տեղեկացրեց, որ գործով ավարտ է հայտարարվել և գործն ուղարկվել է հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու, և գործը դատարան ուղարկելու համար։

«Մենք համապատասխան միջնորդություններ կուղարկենք դատախազին, հուսով եմ դատախազը միջնորդությունները կբավարարի և վարույթը կկարճի, թերևս առանց մեր միջնորդությունների էլ հույս ունեմ, որ դատապազը չի համաձայնի մեղադրանքը պաշտպանել դատարանում, քանի որ շատ անհարմար իրավիճակում կհայտնվի, անկեղծ չեմ նախանձում այն դատախազին, ով դատարանում նման մեղադրանք կպաշտպանի»։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ երբ 2020 թ-ի մարտ-ապրիլ ամիսներին նախորդ գումարման ԱԺ-ում քննարկվում էր այս նախագիծը, այն բավական բուռն քննարկում ունեցավ։

«Սովորաբար օրենքներն ընդունվում են մի շարք փաթեթներով, այս հոդվածն ունի բավականին ծավալուն հիմնավորում․ միջազգային փորձի մեջբերումներ եղան, և այլն, որտեղ իշխող քաղաքական ուժը վստահեցնում էր, որ այս հոդվածը չի կարող չարաշահվել, որ այն ատելության խոսքի դեմ պայքարին է ուղղված»։

Նա նաև ընդգծեց, որ այս հոդվածը ի սկզբանե նախատեսված էր ծայրահեղ դեպքերում կիրառելու համար։

«Ընդ որում՝ պետք է լինի կոնկրետ մարդկանց խումբ, որպեսզի մարդկանց խմբի նկատմամբ ատելություն, բռնություն քարոզվի, հստակ պետք է լինի, թե ինչ է նկատի առնվում բռնություն ասելով։ Այս գործով հստակ կարելի է ասել, որ մեր իրավական համակարգը ֆուտորրիզմի նորանոր բարձրունքներ է գրավում, քանի որ անհասկանալի է, թե խոսքն ում է վերաբերվում, եթե խոսքը տոնածառերին է վերաբերում, դժվար է տոնածառերին մարդկանց խումբ կոչելը և, եթե տոնածառների նկատմամբ բռնությունը, կամ տոնածառը վառելու մասին հրապարակային խոսքը ինչ- որ այլ սոցիալական խմբի է հասցեագրվում, ապա ո՞ւր է այդ սոցիալական խումբը։ Գուցե վարույթ իրականացնողղ մարմինը նկատի է ունեցել, որ Սանտա Կլաուսի կամ Ձմեռ պապի դե՞մ է ուղղված այս գրառումը։ Ամեն դեպքում շատ տարօրինակ կիրառում է այս հոդվածի։ Ես մասնագիտական հետաքրքրությամբ կհետևեմ այս գործի հետագա ընթացքին։ Ավելին՝ կարծում եմ այս հոդվածը այս գրառման մասով նույնքան կիրառելի կարող է լինել, որքան մեկ այլ հոդված, որ մասնագիտական շրջանակներում հայտնի է «էկոցիդ» անվամբ։ Ես կոչ կանեի մեր իրավապահ մարմիններին, որ մեղադրանքը վերավորակեն էկոցիդով, որովհետև որքան տրամաբանություն կա իրենց մատնանշած հոդվածի մեջ, նույնքան էլ տրամադանություն կարող է լինել էկոցիդի հոդվածը իրավապահ մարմինների կողմից կարելու մեջ»։

Իրավապաշտպանը նաև նշեց, որ եթե սարկազմը մի կողմ թողնենք, ապա ակնհայտ է, որ այս գործը քաղաքական տարր ունի, իսկ քաղաքական տարր ունենալու համար պարտադիր չէ, որ անձը քաղաքական գործիչ լինի։

«Գևորգ Էմին-Տերյանը, քաղաքական գործիչ չէ, բայց ակտիվ հանրային գործիչ է, հրապարակային անձ է և իշխող քաղաքական ուժի ակտիվ քննադատ է, ես տեսնում եմ իշխող քաղաքական ուժի առանձին ներկայացուցիչների կողմից Գևորգ Էմին-Տերյանին լռեցնելու կամ արտահայտած դիրքորոշումների համար ապօրինի ճանապարհներով պատժելու փորձ»։