Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:53 15-12-2022

Մենք պարտավոր ենք օգտագործել Ադրբեջանի կողմից մեզ ընձեռված այս շանսը․ արցախցի քաղաքագետ

«Արցախում իրավիճակը դեռևս կրիտիկական չէ, բայց այնուամենայնիվ, մենք դեռ չգիտենք, թե որքան ժամանակ այս իրավիճակը կարող է տևել։ Մենք դեռևս չգիտենք, թե դեռ որքան ժամանակ ճանապարհը փակ կմնա»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց արցախաբնակ քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը։

«Բնական է, որ բոլորն էլ գիտակցում են, որ որքան էլ Արցախն ունենա սննդամթերքի ռեզերվ, պահուստներ, այդ ամենը, այնուամենայնիվ, սպառվող ռեսուրսներ են, մի օր սպառվելու են, թե որը ավելի շուտ կլինի՝ սպառո՞ւմը, թե՞ ճանապարհի բացումը՝ դժվար է ասել․ դա նաև կախված է մեր աշխատանքից։ Քաղաքական ու դիվանագիտական մակարդակում մենք պարտավոր ենք օգտագործել Ադրբեջանի կողմից մեզ ընձեռված այս շանսը, հնարավորությունը, դա մեծ բացթողում է, որը մենք պարզապես պարտավոր ենք օգտագործելու հօգուտ մեզ»։

Անդրադառնալով ռուս խաղաղապահների անգործության և միջազգային հանրության կողմից ոչ համարժեք արձագանքին՝ նա ընդգծեց, որ պետք է հասկանալ, որ այսօր Ռուսաստանը չունի այն միջազգային կշիռը, որը նրան թույլ կտա բավարարել իր տարածաշրջանային շահերը։

«Օրինակ, Պուտինի՝ Բաքու զանգից հետո ոչ միայն ճանապարհը չի բացվում, այլև հակառակը՝ գազն էլ են անջատում։ Սա խոսում է այն մասին, որ իրավիճակի կառավարման առումով Մոսկվան այլևս չունի այն գործիքակազմը, որին տիրապետում էր նախկինում։ Այս առումով մենք պետք է կարողանանք ստեղծված իրավիճակը հանգուցալուծել միայն միջազգային երաշխքների առկայության պայմաններում, որովհետև Բաքուն այլևս չի ենթարկվում ՌԴ խաղաղապահ զորակազմին, հակառակը, փորձում է սադրել։ Մենք տեսնում ենք տարբեր տեսանյութերով, որ ադրբեջանական լրատվամիջոցները, քվազի էկոլոգները մոտենում են ու խաղաղապահներին սադրիչ հարցեր են տալիս ու փորձում են այնպես անել, որպեսզի խաղաղապահները հունից դուրս գան և փորձեն ուժ կիրառել իրենց հանդեպ։ Դրանց հետո իրենք այդ փաստերը հավաքելու են ու հրապարակային դիմելու են տարբեր միջազգային կառույցների։ Իսկ մենք գիտենք, որ այսօր գրեթե ողջ աշխարհը տառապում է հայառուսականությամբ։ Այս ամենից հետո մենք պետք է հասկանաք, որ սրանով Բաքուն փորձում է ապալեգիտմիացնել խաղաղապահ առաքելությունը և 5-ամյա ժամկետից շուտ ազատվել խաղաղապահների ներկայությունից ու հարցը լուծել իր օգտին»։

Նա ընդհծեց, որ այս իրավիճակում մենք անելիքներ ունենք հենց միջազգային հանրության հետ, պետք է բոլոր տեղի ունեցող գործընթացները հավաքագրենք ու դիմենք միջազգային կառույցներին՝ ՄԻԵԴ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, և հնարավորինս արագ պահանջենք միջազգային երաշխիքները, որոնց առկայությամբ միայն Արցախում կարելի է ապրել նորմալ, խաղաղ պայմաններում։

Անդրադառնալով, այսպես կոչված, «բնակահպանների» առաջ քաշած նոր պայմաններին, որոնք ամենևին էլ քաղաքական բովանդակության չեն՝ նա նշեց, որ ընդհանրապես պետք չէ դիտարկել այն վարկածը, որ նրանք բնապահպաններ են, որովհետև կադրերում շատ լավ երևում է, թե ովքեր են նրանք։

«Նույնիսկ որոշները, պարզվել է, նախկին զինծառայողներ են, Ադրբեջանի և թուրքական բանակի զինծառայողներ կան, մյուսները պետական ապարատին ենթարկվող մարդիկ են, և, ըստ էության, չպետք է անգամ կասկած ունենալ, որ սա բնապահպանական ենթատեքստ ունի»։

Նրա դիտարկմամբ՝ մամուլից արդեն պարզ է, ու տեղեկություն կա, որ Բաքուն Կաշենի հանքը հանձնել է բրիտանական կազմակերպությանը, և ըստ էության՝ փորձում է այդ բնապահպանական ստուգմամբ ամբողջությամբ վերահսկողություն սահմանել հանքի տարածքի նկատմամբ ու շահագործումը հանձնել այդ բրիտանական ընկերությանը, որի հետ նախնական պայմանավորվածություն ունի։

«Բայց այստեղ խնդիրը միայն հենց Կաշենի հանքում չէ։ Սա նախադեպ է դառնալու և սրանով Բաքուն շարունակելու է իր քաղաքականությունը, եթե հանջողվի։ Իսկ հաջողվել չի կարող, արցախցիները պատրաստ են ցանկացած բարդ իրավիճակի, բայց այս հարցով մենք զիջումների չենք կարող գնալ։ Քանի որ վաղը գալու են ու պահանջելու են, ասենք, մի անտառի հետ կապված, կամ մեկ ուրիշ տարածքի կամ ընկերության նկատմամբ վերահսկողություն, այդ տրամաբանությամբ էլ ամբողջ Արցախը կվերցնեն իրենց վերահսկողության տակ։ Իրականում, սա նաև անմիջական վտանգ է Արցախի հայաթափման համար, քանի որ սա լուրջ հոգեբանական ճնշում է, իսկ Արցախի էթնիկական զտումը նրանց առաջնային պլանների մեջ են մտնում, որովհետև վաղը որևէ գերտերություն կամ միջազգայնին կառույց չի կարողանալու արցախահայությանը ստիպել լքել իրենց պատմական հայրենիքը, որովհետև սա Ադրբեջանի հող է։ Իսկ ներկա իրավիճակում տեղի ունեցող գործընթացները շատ լավ փաստագրված մենք պետք է ներկայացնենք միջազգային հանրությանը, պետք է ներկայացնենք որպես ապացույց, որ հնարավոր չէ խաղաղ համակեցություն, դա բերելու է ցեղասպանության»։