copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:47 15-12-2022

Սրանք դատարկ խոսքեր են, լուրջ ճնշումներ Ադրբեջանի վրա չեմ էլ սպասում․ քաղաքագետ

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպմանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի փակումը, Արցախի գազամատակարարման խափանումը և արդյունքում ի հայտ եկած հումանիտար խնդիրները։

Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ նախարարն ընդգծել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարել նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների շարունակվող օկուպացիայի խնդրին, Հայաստան֊Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, արցախյան հակամարտության հանգուցալուծմանը։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի, ռազմատենչ հռետորաբանության և հայատյացության իր քաղաքականությունը և առավելապաշտական մոտեցումները, այդպիսով խաթարելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգություն է հայտնել Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի` Բերձորի միջանցքի առումով: Նա կողմերին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը: «Գլխավոր քարտուղարն անհանգստությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի զարգացումներին»,- ասված է տարածված հայտարարության մեջ:

Գուտերեշը կողմերին կոչ է արել թուլացնել լարվածությունը, ապահովել միջանցքով ազատ ու անվտանգ երթևեկությունը` համաձայն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների: Գլխավոր քարտուղարը հաստատել է իր աջակցությունը տարածաշրջանում իրավիճակի կարգավորման պահպանվող ջանքերին:

Ի՞նչ կարող ենք ակնկալել այսօրինակ հայտարարություններից․ Oragir.News-ի այս հարցին ի պատասխան քաղաքագետ Արմեն Այվազյանն ասաց, որ այդպիսի հանդիպումներն, իհարկե, կարևոր են, սակայն դեռ չենք տեսնում, որ կարող են ունենալ լուրջ գործնական հետևանքներ։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարող է մի այդպիսի կարծիք արտահայտել, բայց ինքը չունի այն մեխանիզմը, որով կարող է ճնշում բանեցնել միջազգային իրավունքը խախտող կողմի՝ այս դեպքում, Ադրբեջանի վրա։ Սա ընդամենը մի հայտարարություն է։ Նույնը վերաբերում է մյուս պետությունների հայտարարություններին, որ մինչ օրս արվել են․ դրանք առայժմ հայտարարություններ են։ Եթե այդ հայտարարությունները չեն ուղեկցվում հստակ և խիստ ճնշումներով՝ տնտեսական, դիվանագիտական և այլն, ապա այդ հայտարարությունները կարող են հնչել ամիսներով, տարիներով, և չունենալ ոչ մի հետևանք։ Այնինչ գետնի վրա հետևանքներն իրենց զգացնել տալիս են։ Այսինքն՝ մենք մի կողմից ունենք հումանիտար ճգնաժամ՝ ագրեսիա և պատերազմ արցախահայության դեմ (պատերազմը միայն այն չէ, որ կրակում են թնդանոթները), մյուս կողմից ունենք անատամ հայտարարություններ, որ իրենց թիկունքում չունեն լուրջ ճնշման մեխանիզմներ։ Հետևաբար, սա առայժմ ընդամենը խոսքեր են։ Իսկ թե երբ հերթը կհասնի պատժամիջոցների, չունենք որևէ հստակ պատկերացում, որովհետև սրանք առայժմ կարելի նույնիսկ համարել դատարկ խոսքեր։ Սա նույնիսկ դիվանագիտական ճնշման առումով թեթև բան է»,- նշեց Այվազյանը։

Հարցին՝ կարո՞ղ է սա լինել հիմք պատժամիջոց պահանջելու, Այվազյանը պատասխանեց․ «Մենք միշտ էլ կարող ենք պահանջել, ամեն օր էլ պահանջում ենք, բայց տեսնում ենք, որ դեռևս ցանկությունը չկա մեծ տերությունների՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի, մյուս պետությունների կողմից դիմել հստակ գործողությունների, որ նախ և առաջ պատժամիջոցներն են։ Օրինակ, վերջերս ամերիկյան կոնգրեսականներից մեկը պահանջել էր դադարեցնել Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից մատակարարվող ռազմական օգնությունը կամ անվտանգության բնագավառում ֆինանսական օգնությունը։ Բայց դա ոչ մի բան է․ այսինքն՝ լավագույն պատժամիջոցն այն է, որ իրենք դադարեցնեն իրենց կողմից Ադրբեջանին մատուցվող ինչ-որ օժանդակություն՝ մի քանի տասնյակ միլիոնի։ Դա համարել լուրջ պատժամիջոց չի կարելի։ Այսինքն, մի շարք փուլեր կան մինչև խնդիրը հասնի պատժամիջոցների, բայց տրամադրվածությունը մեծ երկրների առայժմ չի նկատվում․ այդպիսի հայտարարություններ մենք շատ ենք լսել՝ սկսած 19-րդ դարից մինչև 1990-ականների պատերազմը, երբ Շուշիից ռմբակոծվում էր Ստեփանակերտը ամիսներով․ կային հայտարարություններ, բայց որևէ լուրջ ճնշում Ադրբեջանի վրա, չկար։ Հիմա էլ, ես չեմ սպասում, թե կլինի որևէ լուրջ ճնշում»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտից Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Ստեփանակերտ մայրուղին՝ Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիները ներկայանում են իբր բնապահպան-ակտիվիստներ, ճանապարհի վրա վրաններ են տեղադրել՝ արգելափակելով երթևեկը։ Հաջորդ օրը Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը՝ եղանակային այս պայմաններում իրականացնելով հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն Արցախի խաղաղ բնակիչների դեմ։

Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

13:11 Երևանում՝ տան հյուրասենյակում, հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. shamshyan.com
08:52 Տավուշցի ոստիկանները չեն ենթարկվել հրամաններին
21:49 Տավուշով չեն ավարտվելու զիջումները․ սա սպառնալիք է մեր պետականությանը. քահանա
13:00 Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը՝ դավաճանությո՞ւն․ դատախազության պատասխանը
20:48 Երևանում բախվել են թիվ 18 և թիվ 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր. shamshyan.com
16:00 Խանութ էր գնում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղային վաղը կհուղարկավորեն
12:32 Անբարոյականի պես ստեր եք խոսում. ՔՊ-ականի ելույթի ժամանակ ԱԺ-ում կրքերը թեժացան
07:12 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. Ժողովուրդ
22:41 Աղերսում եմ ձեզ, չթուլանաք․ Շուշան Պետրոսյան
23:28 Պետք է մեծ պարիսպներ սարքենք, որ Փաշինյանին չտեսնենք. հարցում` վարչապետի պատասխանի հետքերով