copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:11 12-12-2022

Ադրբեջանցիները վրաններ են դրել Բերձորի միջանցքում․ միջանցքը չի գործում, Արցախը զրկված է կապի հնարավորությունից

Արցախը հիմա զրկված է Բերձորի ճանապարհով երթևեկելու հնարավորությունից, այնպես որ, մեղմ ասած, մենք հիմա շրջափակման մեջ ենք, միջանցքը այս պահին չի գործում, միաժամանակ, զրկված ենք կապի հնարավորությունից։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Րոպեներ առաջ ստացած տեղեկատվության համաձայն, Արցախի իշխանություններից այդ տարածքում դեռևս ներկայացուցիչ չկա, ես չգիտեմ, իրենք որևէ բան անում են, թե ոչ։ Որովհետև չի ստացվում ճշտել։ Ամեն դեպքում՝ այնտեղ մարդիկ կան, ում հետ կապ ենք պահում։ Մասնավորապես, մեր կուսակցության համահիմադիր՝ Դավիթ Գալստյանը»։

Նա նշեց, որ Ստեփանակերտից դեպի Շուշի առաջին անցակետից արդեն առաջ գնալն անհնար է, թույլ չեն տալիս, մինչդեռ, րոպեներ առաջ ստացված տեղեկատվության համաձայն այնտեղ 15-ից ավելի մեքենաներ կային։

«Այնտեղ հիմա ադրբեջանիցներ կան, ռուս խաղաղապահներ կան, բայց մեր կողմից հիմա որևէ մեկը չկա։ Մեր խմբակցության ղեկավարը, կուսակցության ղեկավարը փորձում են հասկացնել, որ կարևոր է, որ այնտեղ նաև հայկական կողմից մարդ լինի։ Ես հույս ունեմ, որ դեկտեմբերի 3-ին, երբ ճանապարհը փակվեց, մեր իշխանությունները պետք է հետևություններ արած լինեին և նրանց համար պետք է սպասելի լիներ, որ նման բան պետք է տեղի ունենա, իսկ թե հիմա ինչու է ուշանում արձագանքը՝ դժվար է ասել։ Ամեն դեպքում՝ այն, որ իրենք բավական մեծ նպատակներով են եկել, վկայում է, այն, որ 7 տասնյակից ավելի ադրբեջանցիներ վրան են դրել այնտեղ»։

Նա ընդգծեց, որառաջին հայացքից, սա հումանիտար աղետ է, որովհետև, եթե հիմա շտապ անհարժաշտություն առաջանա որևէ մեկին տեղափոխել Գորիսի հիվանդանոց՝ իրենք նման հնարավորությունից զրկված են լինելու։

«Միաժամանակ, Երևանում անցկացված Եվրատեսիլին Արցախի կառավարության մակարդակով որոշում կար, երեխաներին՝ որպես հանդիսատես ուղարկելու, հիմա այդ երեխաները, որոնց մեջ նաև շատ փոքր երեխաներ կան, չեն կարողանում վերադառնալ Արցախ։ Այսինքն՝ սա բավական խորքային և լուրջ քաղաքական խնդիր է, որին պետք է արձագանքեն թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունները։

Ես չգիտեմ՝ մեր իշխանությունները ունե՞ն ճգնաժամային կառավարման ծրագիր նման իրավիճակից դուրս գալու համար։ Միանշանակ, սա երեք երկրների ղեկավարների մակարդակով լուծելի հարց է։ Սա Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի հայտարարության բացահայտ չեղարկում է»։

Նա նաև ընդգծեց, որ այս իրավիճակին «հրաշալի» կապի օպերատորի տեղեկացմամբ՝ իբրև թե Հայաստանի տարածքում վնասվել է Արցախ տանող մալուխը, ինչի արդյունքում մենք ամբողջ օրը զրկված էինք կապից։ Այսօր էլ կապը խափանումներով է աշխատում, իսկ մենք նաև չգիտենք, թե հատկապես որտեղ է վնասվել մալուխը և արդյոք այն տարածքով չի անցնում, որ թշնամու վերահսկողության տակ է ու հենց թշնամին էլ վնասել է։

Այդ տեղեկատվությունը խիստ գաղտնի է պահվում, հետևապես, չեմ կարող ասել, թե ինչումն է խնդիրը։ Ամեն դեպքում՝ նման խափանումները հաճախակի են դարձել ու առավել ևս այդ խափանումները տեղի են ունենում այնպիսի ժամանակներում, երբ դրա կարիքը բավական շատ է»։