Երևան +10°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:01 09-12-2022

«Խելքից պատուհասը» Երևանի բերդում` Սարդարի պալատում

1827 թվականի դեկտեմբերի 10-ին Երևանում` Սարդարի պալատում տեղի է ունեցել Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» պիեսի առաջին բեմադրությունը։

Ինչո՞ւ և ինչպե՞ս ռուս դրամատուրգ, բանաստեղծ, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի չափածո այս կատակերգությունը, որ 19-րդ դարի ռուս դասական գրականության նշանավոր երկերից մեկն է, հայտնվեց Հայաստանում ու առաջին անգամ բեմադրվեց մեր երկրի մայրաքաղաքում։



Ալեքսանդր Գրիբոյեդովը դրամատուրգ ու բանաստեղծ լինելուց բացի` դիվանագետ էր: Նա 1818 թվականին նշանակվել է ռուսական միսիայի քարտուղար Պարսկաստանում, իսկ 1822-ին Թիֆլիսում ստանձնել է Կովկասի ռուսական զորքերի հրամանատարությանն առընթեր դիվանագիտական մասի քարտուղարի պաշտոնը։ Հենց այդ ժամանակ էլ դիվանագետ-գրողը գրել է իր հայտնի կատակերգությունը, որտեղ ներկայացրել է 1819-1820-ականների Մոսկվան, մասնավորապես Ռուսաստանի ավանդական ազնվականության և ազնվական դասի առաջադեմ երիտասարդության միջև եղած գաղափարական կոնֆլիկտն ու պայքարը։

Բնականաբար, Պետերբուրգի ու Մոսկվայի բարձրաշխարհիկ հասարակությունը չէր կարող ընդունել ու հանդուրժել այս թեման։ Ռուսաստանի առաջին քաղաքներում պիեսը տպագրելու և բեմադրելու Գրիբոյեդովի ջանքերն ապարդյուն են եղել։ Գրաքննությունը ոչ մի կերպ թույլ չի տվել, որ գրողն իրականացնի իր այս նպատակը, թեև պիեսը բազմաթիվ օրինակներով արդեն արտագրվել էր ու ձեռագրերը տարածվել էին Ռուսաստանի նույնիսկ հեռավոր ծայրամասերում։



«Խելքից պատուհաս» պիեսի ձեռագիր օրինակները, դեռ տպագրվելուց առաջ, հասանելի են եղել նաև հայկական շրջաններում։ Դրանցից մեկը գտնվում է Միքայել Նալբանդյանի անձնական արխիվում։

1824 թվականին Գրիբոյեդովը ևս մեկ անգամ փորձել է «Խելքից պատուհասը» բեմ հանել Պետերբուրգում ու կրկին ձախողվել է, որից երեք տարի հետո իր երազանքը իրականացել է Երևանում։

1827 թվականին, երբ ցարական զորքերը պաշարում, ապա գրավում են Երևանի խանության մայրաքաղաք Երևանի բերդաքաղաքը` ռազմական գործողությանը մասնակցում է նաև Ալեքսանդր Գրիբոյեդովը։ Հենց այս իրադարձությունից հետո, 1827 թվականի դեկտեմբերի 10-ին, Երևանի բերդում` Սարդարի պալատում բեմադրվում է «Խելքից պատուհասը»։ Այս իրադարձությանը մամուլն անդրադառնում է միայն 1832-ին։ «Тифлисские ведомости» թերթը գրում է. «...«Խելքից պատուհաս» կոմեդիան խաղացվել է 1827 թվականին, Երևանի բերդում, հեղինակի ներկայությամբ։ Կոմեդիան գրելիս Գրիբոյեդովը կարո՞ղ էր կարծել արդյոք, որ նրա բեմադրությունը ինքը կտեսնի պարսկական սատրապի բնակարանում...»։



«Պարսկական սատրապի բնակարան» ասածը Երևանի խանության Սարդարի նստավայրն էր, որ գտնվում էր Երևանում` Հրազդան գետի ձախ ափին։ Սարդարի պալատը կառուցել է սարդար Քաջար Մահմադ խանը` 1791 թվականին։ Պալատի հայելազարդ սրահի ճարտարապետն է Միրզա Ջաֆարը։ Հսկայական գումարներով կառուցված այս պալատը, ըստ ականատեսների՝ իր շքեղությամբ ու հարմարանքներով զիջում էր միայն Պարսից շահի պալատին։ Պալատն ուներ մանրակերտ շատրվաններ, բազմաթիվ հարկաբաժիններ, գեղեցիկ որմնանկարներ։



Հենց այս պալատի սրահներից մեկում էլ ռուսերենով ներկայացվել է «Խելքից պատուհասը»` 20-րդ Հետևակային դիվիզիայի ռուս սպաների ու նրանց ընտանիքների անդամներից կազմված սիրողական-դերասանական խմբի ուժերով։

Կարելի է ասել, որ Գրիբոյեդովը` Երևանի գրավմանը մասնակցելու համար պարգևատրվել է ո՛չ միայն «Երևանի գրավման» մեդալով, այլ նաև` իր գրական գլուխգործոցի բեմադրմամբ։ Չէ՞ որ սա պիեսի միակ բեմադրությունն է, որին գրողը ներկա է եղել։



Ռուսական թատրոնում «Խելքից պատուհասը» ամբողջությամբ բեմ է բարձրացել միայն 1830-ին, երբ Գրբոյեդովն արդեն ողջ չէր։

«Խելքից պատուհասի» հայկական բեմելի մանրամասները մեզ չեն հասել։ Այս մասին պատմում են թատերագիտական հոդվածները, ժամանակի մամուլի կցկտուր տեղեկությունները և Սարդարի նախկին պալատի տեղում գործող «Արարատ» գինու և կոնյակի գործարանի պատի վրա 1937 թ. ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի թողած արձանագրությունը։


Նաիրա Եղիազարյան