Ներքին 3 տարի առաջ - 21:19 02-12-2022

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը դադարեցնում է գործունեությունը. կստեղծվի նոր, անկախ կառույց. հայտարարություն

2021 թվականից Բաց հասարակության հիմնադրամներում իրականացվում է վերափոխումների լայնածավալ գործընթաց, որի նպատակն է ուժեղացնել կազմակերպության ազդեցությունը մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների պաշտպանության գործում։ Այս գործընթացը նախատեսում է ամբողջ աշխարհում Բաց հասարակության հիմնադրամների ավելի քան 20 ազգային հիմնադրամների գործունեության վերանայում և անցում տարածաշրջանային կառավարման կառուցվածքի: Կազմակերպության վերափոխման այս առանցքային փուլում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը նախապատվություն է հայտնել առաջ տանել իր աշխատանքը որպես լիովին անկախ հիմնադրամ, որն առանձնանում է կազմակերպության գլոբալ ցանցից։

Այսպիսով, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը դադարեցնում է իր գործունեությունը որպես Բաց հասարակության հիմնադրամներ կազմակերպության ցանցի մաս։ 2023 թ․-ին կստեղծվի լիովին նոր, անկախ, տեղական կառույց, որի գործունեության ուղղությունների և ռազմավարության մասին կտեղեկացվի լրացուցիչ։ Այս նոր կառույցը մինչև 2025թ․-ը նվազող ֆինանսավորում կստանա գլոբալ հիմնադրամից։

Բաց հասարակության հիմնադրամները սկսել է գործունեությունը Հայաստանում 1997 թ․-ին և մինչև օրս ավելի քան 63 միլիոն ԱՄՆ դոլարի ծրագրային աջակցություն է տրամադրել Հայաստանին՝ օժանդակություն ցուցաբերելով քաղաքացիական հասարակության խմբերի լայն շրջանակի, ներառյալ՝ հետաքննող լրագրողների, իրավապաշտպանների, ընտրություններն ու հանրային ծախսերը մշտադիտարկող կազմակերպությունների: Հայաստանում 25 տարիների գործունեության ընթացքում Հիմնադրամի առաքելությունն ուղղված է եղել քաղաքացու, անհատի իրավունքի, ազատությունների և արժանապատվության պաշտպանությանը։ Դա դրսևորվել է այնպիսի ծրագրերով ու նախաձեռնություններով, ինչպես Հիմնադրամի օժանադակությամբ Հայաստանում պալիատիվ բուժօգնության և խնամքի ծառայությունների ներդնումն է, հոգեկան առողջության բարելավման միջազգային արդի մոդելների ներկայացումը, սոցիալական արդարության գաղափարի ջատագովությունը կրթության համակարգում, սոցիալապես խոցելի երեխաների համար կրթության բացը լրացնելու ծրագրերը, հետևողական աջակցությունը Հայաստանի փակ և կիսափակ հաստատություներում՝ հոգեկան առողջության հաստատություններում, տարեցների խնամքի տներում, քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանությանը։

Վերջին տարիների փորձություններին որպես արձագանք և Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով Հիմնադրամն ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել՝ ճգնաժամի ընթացքում հրատապ աջակցություն տրամադրելու հասարակության առավել խոցելի խմբերին։ 2020 թ․-ի 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո Հիմնադրամն աջակցել է պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիական բնակչությանը՝ ֆինանսավորելով ավելի քան 535 հազար ԱՄՆ դոլարի մարդասիրական աջակցության ծրագրեր։ Այս աշխատանքներին զուգահեռ Հիմնադրամի նախաձեռնությամբ պատրաստվել, տեղական և միջազգային ատյաններում ներկայացվել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստահավաք զեկույցը։

2020 թ․-ի պատերազմից հետո Հիմնադրամն ինտենսիվ աշխատանք է իրականացրել Ադրբեջանի իրագործած պատերազմական հանցագործությունները, Հայաստանի և Արցախի դեմ շարունակվող ագրեսիայի հետևանքները միջազգային հարթակներում ներկայացնելու և դրանց վերաբերյալ միջազգային հանրության պատշաճ արձագանք և ներգրավածություն ապահովելու ուղղությամբ։

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի