Այստեղ առկա է ենթադրյալ առերևույթ քրեորեն հետապնդելի արարք․ նախկինները փրկօղակ են դարձել գործող իշխանությունների համար
copy image url

Այստեղ առկա է ենթադրյալ առերևույթ քրեորեն հետապնդելի արարք․ նախկինները փրկօղակ են դարձել գործող իշխանությունների համար

Ներքին 2 տարի առաջ - 19:08 02-12-2022
Երևանի քաղաքապետարանում հրավիրված էր ասուլիս, որի նպատակը, ըստ էության, հայտարարելն էր, որ Հանրապետության հրապարակի շենքերի վրա առկա վնասվածքները և այն լուսանկարները, որ տարածվում են համացանցում, որևէ առնչություն չունեն ամանորյա լուսավորության աշխատանքների հետ։

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի պնդմամբ՝ դրանք նախկինում են արվել։ Չնայած դրան՝ փոխքաղաքապետ, նախկին արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանը վստահ է, որ տեղի ունեցածում որևէ քրեորեն հետապնդելի արարք կամ հանցակազմ չկա։

Փաստաբան Մարինե Ֆարմանյանն Oragir.News-ի հետ զրույցում ընդգծեց, որ այստեղ առկա է առերևույթ հանցակազմ․ «Երբ ուսումնասիրում ենք ՀՀ քրեական օրենսգիրքը, մասնավորապես հասարակական կարգի, բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների բաժինը, ինչպես նաև 301 հոդվածը, որը «Պատմության և մշակութային հուշարձանները վնասելը կամ ոչնչացնելը» դիսպոզիցիա ունի, ակնհայտ է դառնում, որ Քրեական օրենսգրքով նախատեսվում է, որ մշակութային հուշարձան վնասելը քրեորեն պատժելի, հետապնդելի արարք է։ Ես գտնում եմ, որ դա մեր մշակութային հուշարձանն է, և այնտեղ բոլտեր, մեխեր մեխելը կամ արտաքին որևէ այլ միջամտություն կամ բարբարոսություն իրականացնելը, այո՛, հանցակազմ պարունակում է»։

Փաստաբանը նշեց, որ անհասականալի և անիրատեսական էր նաև քաղաքապետարանի պատասխանը, թե իբր այդ զարդանախշերի վրա արված փոսերը կառուցապատող կազմակերպությունը պարտականություն է ստանձնել փակելու։

«Սա ոչ միայն ծիծաղելի է, այլ նաև բարոյական դաշտում պարսավելի է։ Իմ գնահատմամբ՝ այստեղ ենթադրյալ առևույթ քրեորեն հետապնդելի արարք առկա է։ Կարծում եմ, որ պատկան մարմինը պետք է արձագանքի դրան, որովհետև ամեն ինչ բոլորի, նաև իրենց աչքի առաջ է, չի բացառվում նաև, որ մենք հետամուտ լինենք այս առերևույթ հանցակազմի քննության համար միջոցներ ձեռնարկելուն»։

Անդրադառնալով փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի պնդումներին, թե նախկինների արած անցքեր են ու մեխած գամերն են, Ֆարմանյանն ընդգծեց, որ նման հարցերը պարզելու համար վարույթ պետք է նախաձեռնվի։

«Փորձագետները հանգիստ կարող են պատասխանել հարցին, թե որն է նախկինում արված անցք, որը՝ նոր արված անցք։ Տպավորություն է, որ նախկինները այս իշխանության համար փրկօղակ են դաձել, հիմա ով ինչ անի, նախկիններ են մեղավոր․ սա արդեն ծիծաղելի է»։

Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ճարտապետության պատմության և ժառանգության ամբիոնի վարիչ Էմմա Հարությունյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ բնականաբար, կարելի է պարզել, թե որ անցքեր են նախկինում արվել, որոնք՝ հիմա․ «Բայց հեռուստացույցով ու լուսանկարներով էլ են երևում, որ աշխատակիցները դռելով ծակեր էին անում, հիմա սրա նախկինը ո՞րն է»։

Անդրադառնալով Տիգրան Ավինյանի պնդմանը, թե արված թեթև միջամտությունները զարդանախշերի վրա չեն արվել, Հարությունյանն ասաց, որ զարդանախշի վրա անցքեր բացելը, բնականաբար, ավելի ծանր հանցագործություն կլիներ, բայց մյուսն քարերի դեպքում էլ է հանցագործություն, որովհետև դրանք էլ են բացառիկ քարեր․ «Ոչ մի մասնագետ հիմա չի կարող ասել, թե այդ անցքերը հնարավոր է իդեալական վերականգնել․ ինչպե՞ս են վերակագնելու։ Իսկ ասելու համար՝ որոնք են նախկինում արվել, որոնք՝ հիմա, խորը ուսումնասիրելու կարիք չկա, եթե տեղում մասնագետները նայեն, միանշանակ կարող են ասել, իսկ այն, ինչ ցույց էր տրվում հեռուստատեսությամբ, ակնհայտ էր, որ նոր է արվում։ Բնականաբար, այո՛ կան նաև հին անցքեր, բայց այն ծավալը՝ 5000-8000 անցք, բնականաբար դրանք բոլորը նոր անցքեր են»։

Ինչ վերաբերում է վերականգնման ծրագրի առկայությանը, որի մասին նույնպես այսօրվա ասուլիսում խոսում էր Տիգրան Ավինյանը, նա նշեց, որ այդ լուրջ ծրագիրը պետք է նախօրոք քննարկվեր, մինչդեռ իրենք որևէ բան անելուց առաջ չեն քննարկում․ «Նախօրեին իմ գործընկերներից Արտակ Գուլյանը, ով ԿԳՄՍ նախարարության Գիտամեթոդական խորհրդի անդամ է, հայտնել էր, որ 2 ամիս առաջ նախագիծ է քննարկվել՝ Հրապարակի շենքերի տոնական գեղարվեստական լուսավորության վերաբերյալ։ Սակայն նախագիծը մերժվել է։ Ընդ որում՝ տեխնիկական դետալները աշխատանքային քննարկման չի ներկայացվել։ Ամեն դեպքում՝ նախագիծը անընդունելի է եղել և հետ է ուղարկվել»։

Նա նաև անդրադարձավ Տիգրան Ավինյանի դիտարկումներին, թե իրենք թեթև միջամտություն են արել՝ ընդգծելով, որ 8000 անցք բացելը չի կարող թեթև միջամտություն համարվել․ «Ավելին՝ Հայաստանը մեծ խնդիր ունի տուֆ քարերի հետ, որքան դրանք գեղեցիկ են, նույնքան էլ դրանց պահպանման խնդիրն է լուրջ։ Մեր երկրն ունի կոնտինենտալ կլիմա, երբ ամառները շատ շոգ է, ջերմաստիճանը կարող է գերազանցել 40 աստիճանը, իսկ ձմռանը երբեմն մինչև 30 աստիճան ցուրտ կարող է լինել։ Այս եղանակային ամպիլտուդան երբեմն 60-70 աստիճանի է հասնում, որին դիմանալ է պետք։ Տուֆն իր մեջ ծակոտիներ ունի, ինչի պատճառով էլ փխրուն քար է․ երբ քարի մեջ խոնավություն է ներծծվում, իսկ ձմռանը սառչում է՝ վերածվելով սառույցի, իսկ սառույցը միակ նյութն է, որը սառչելիս ընդարձակվում է, արդյունքում՝ քարերը ճաքում ու ջարդվում են, իսկ պատերը սկսում են քայքայվել։ Տուֆն առհասարակ շատ հեշտ քայքայվող քար է։ Հիմա արված այդ անցքերում ավելի մեծ քանակի ջուր է ներմուծվելու, իսկ ձմռանը դա սառչելու է։ Կարծում եմ, գարնանը մենք կտեսնենք դրա հետևանքները։ Ինձ համար ակնհայտ է, որ սա հանցագործություն է, ու մեղավորներն անպայման պետք է պատժվեն, չի կարելի էսպիսի վերաբերմունք ունենալ, ու ում մտքով անցնում է, որոշի նման անցքեր բացել։ Ես վստահ եմ, որ նաև զարդանախշերի վրա են անցքեր եղել»։

Ձեզ գուցե հետաքրքրի