copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:30 30-11-2022

Ավինյանն այդ պաշտոնը զբաղեցնում է ապօրինի․ իրավաբան

Երևանի փոխքաղաքապետն իրավասություն չունի կատարելու այլ վճարովի աշխատանք կամ զբաղեցնել իր պարտականությունների հետ կապ չունեցող որևէ պաշտոն՝ բացառությամբ գիտական ու ստեղծագործական աշխատանքից։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ անդրադառնալով Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելը համատեղելիությանը։

«Չեմ կարծում, թե այդ Հետաքրքրությունների ֆոնդի ղեկավարի պաշտոնը ստեղծագործական կամ գիտական գործունեություն է՝ հատկապես, որ Հանրային ծառայությունների մասին օրենքը հստակ բացատրում է, թե ինչ է ենթադրում գիտական, ստեղծագործական կամ մանկավարժական գործունեությունը։ Եթե նա այս պաշտոնի հետ կապված որևէ վարձատրություն չի ստանում, բայց այդ պաշտոնը Երևանի փոխքաղաքապետի պարտականություններից չբխող պաշտոն է, ապա Ավինյանն այդ պաշտոնը զբաղեցնում է ապօրինի»,- ասաց նա։

Ըստ իրավաբանի՝ այս առումով, օրենքի պարզաբանումն այնքան հստակ է, որ դրա շուրջ այլ մեկնաբանությունները չեն ընդունվում։ Նա անդրադարձավ նաև ավելի վաղ ԱՆԻՖ-ի տարածած պարզաբանման մեջ հայտարարած տեսակետին, թե ԱՆԻՖ-ի ծրագրերի մի մասն ուղիղ կապ ունի Երևանի զարգացման ծրագրերի հետ։ Իսկ այդ ծրագրերի զգալի մասի արդյունավետությունը և իրականացվելիությունը կապ ունեն Երևանի քաղաքապետարանի գործառույթների հետ։ Արդյո՞ք այդ ծրագրերն իրականացնելու համար փոխքաղաքապետը պետք է նախագահի ֆոնդում։

«Տրանսպորտի և կապ նախարարի պաշտոնն էլ այնպիսի ֆունկցիոնալություն ունի, որ Երևան քաղաքում երթևեկության կանոնակարգերի ու այլ հարցերի հետ կապված որոշումներ է կայացնում։ Դե թող Ավինյանը գնա ու զուգահեռաբար փոխքաղաքապետի հետ միաժամանակ լինի նաև տրանսպորտի նախարար։ Հնարավո՞ր է, իհարկե ո՛չ։ Այստեղ հարց էլ ունենք․ եթե հետաքրքրությունների ֆոնդն իրավակազմակերպական ձևով գործող հիմնադրամ է, ապա պետք է ուշադրություն դարձվի նաև հիմնադրամների մասին օրենքին։ Արդյո՞ք հիմնադրամի նախագահն իրավասու է առհասարակ այլ պաշտոն զբաղեցնել»,- ասաց նա։

Իր խոսքով՝ այս դեպքում Ավինյանը փոխքաղաքապետ ընտրվելուց անմիջապես հետո պետք է քայլեր ձեռնարկեր՝ ֆոնդի խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարվելու ուղղությամբ, ինչը չի արել։
«Դե թող շարունակեր մնալ նաև Հայկական զարգացման բանկի խորհրդի անդամ, ինչո՞ւ չմնաց։ Դա էլ Երևանի քաղաքապետարանի հետ ուղիղ առնչություն ունի՝ իրենց տրամաբանությամբ»,- ասաց նա։
Իրավաբանի խոսքով՝ այստեղ կարող ենք գործ ունենալ մի քանի ռիսկային իրավիճակների հետ։
«Ամենամեծ ռիսկը, որ կարող էր լինել՝ իրավական անվտանգության խաթարումն է։ Որովհետև երբ դու լինելով բարձրաստիճան պաշտոնատար անձ՝ Երևանի փոխքաղաքապետ, չես ենթարկվում օրենքին՝ դրանով ոչ միայն խաթարում ես իրավական անվտանգությունը, այլև մյուս մարդկանց համար դա դիտվում է որպես ամենաթողության օրինակ։ Չեմ բացառում նաև, որ այնտեղ կարող են լինել նաև կոռուպցիոն ռիսկեր։ Որովհետև, եթե դու փոխքաղաքապետ ես և զուգահեռաբար նաև ֆոնդի նախագահ՝ մրցույթներ ու հազար հարցեր կան, որոնք քո պաշտոնով պայմանավորված, մասնակիցներին կարող են կաշկանդել և արդյունքում կոռուպցիոն ռիսկեր, վստահաբար ի հայտ կգան։ Էլ չեմ ասում այն մասին, որ քաղաքական կոռուպցիան կա ու կա»,- եզրափակեց նա։