copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:00 30-11-2022

Երևանում ինչ- որ տոնակատարության են նախապատրաստվում, իսկ թշնամին ակնկալում է դեկտեմբերին տերը դառնալ իր առաջադրած կետերով խաղաղության պայմանագրի

Չեմ կիսում այն տեսակետը, թե Հայաստանի ու Արցախի վերջին օրերին հաճախակիացած կրակոցներով մեզ նախապատրաստում են հերթական կապիտուլյացիայի ստորագրմանը։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչ խնդիր են լուծում ադրբեջանցիները՝ Հայաստանի և Արցախի իրականացվող սադրանքներով ու հնչող կրակոցներով։

«Չեմ կարող պատասխանել, թե ինչու, բայց չեմ կարծում, որ Փաշինյանը որևէ փաստաթուղթ կստորագրի, հիմա միայն մի բանի հույս ունեմ, որ Փաշինյանը քիչ ավերածություններ անի, մինչև որ այս պահն անցնի։ Չնայած՝ դատելով վերջին 2 տարվա փորձից, ազերիները իրենց արտաքին քաղաքականությամբ մեզ ամեն անգամ պարտադրում են հերթական կապիտուլյացիան։ Սա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ մենք մեր հույսը չենք դրել մեր հիմնական դաշնակցի վրա, իսկ մեր հիմնական դաշնակիցը՝ հայոց բանակն է։ Իսկ մենք մեր ամենահավատարիմ դաշնակցին ուշադրություն չենք դարձնում ։ Մենք խոսում ենք այն մասին, թե իբրև մեր դաշնակիցը Ամերիկան է, Եվրոպան է, Ռուսաստանն է։ Որոշ մարդիկ ոգևորվում են, ասում են, թե եթե Ռուսաստանից ձեռք քաշենք , ապա Ամերիկան այստեղ զենքեր ու հրթիռներ կբերի։ Թե իբրև մեր դաշնակիցը Եվրոպան է, որովհետև Ֆրանսիայի սենատի օրակարգում Արցախի անկախության ճանաչումն է։ Այս ամենը փուչիկներ են, միակ ճշմարիտ դաշնակիցը, որ իրապես կարող է խփել թշնամու ճակատին՝ դա հայոց բանակն է»։

Նա ընդգծեց, որ աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ ունենում են թշնամիներ, սակայն մենք այն եզակի ու միակ ազգն ենք, որի թշնամին տարբերվում է իր դաժանությամբ, հայատյացությամբ։ «Իրենք ոչնչացրել են բոլոր նրանց, ովքեր այս տարածաշրջանում բնիկներ են եղել, մենք իրենց կոկորդին ոսկորի նման կանգնած ենք, աշխարհում մենք նաև միակ ժողովուրդն ենք, որ մեզ ղեկավարում է մի մարդ, ով «Պողոսի» հոգեբանությամբ մանիպուլիատոր է, բայց մեզ բոլորիս ինքն է «Պողոսի» տեղ դրել, ու այդ «Պողոսի» հոգեբանությամբ էլ բոլորին խառնել է իրար։ Հիմա էլ ասում է՝ «Խաղաղության» պայմանագիր կստորագեմ։ Հայաստանի առաջնորդը ոչինչ չպետք է ստորագրի, Հայաստանի առաջնորդը պետք է տեսակով պայքարող մարտիկ լինի, ինտելեկտուալ, հնարամիտ դիվանագետ, հավսարակշռված, իսկ այս հատկություններից ո՞րն ունի Նիկոլը, բացի էժան գավառային շուստրիությունից ու «Պողոսներին» խաբելու ունակությունից ։

Բայց ցավը նաև նրանում է, որ Պողոսները Հայաստանում շատ են՝ 680 հազար «Պողոս» կա, իսկ որակյալ փոքրամասնությունը հիմա գերի է անորակ ու անհայրենիք մեծամասնության ձեռքին»։

Արցախի Աժ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ ճանաչելով թշնամուն և տեսնելով ՀՀ իշխանություններին, որոնք այսօր պետք է պաշտպանեին Հայաստանի և Արցախի շահերը ՝ ակնհայտ է դառնում, որ այն ինչ տեղի է ունենում այսօր սահմանին՝ սա նույն քաղաքականության շարունակությունն է, որն առկա էր դեռ 2018 թ-ից, բայց առավել ակնառու էր 2020 թ-ի սեպտեմբերից հետո։
«Ես ռազմական փորձագետ չեմ, որ ասեմ, թե ինչ ծավալի ու ինչ է մեզ սպասվում, բայց որ սպասվում է՝ ակնառու է, որովհետև վարվող քաղաքականության պայմաններում, մենք անընդհատ ենք տեսնում, որ երբ Ադրբեջանն ուզում է որևէ բանի հասնել, իսկ ՀՀ իշխանությունների կողմից չկա պատշաճ հակազդեցություն, հետևաբար, այո, մենք տեսնում ենք, որ իրենք ռազմական կարճաժամկետ գործողություններ են անում, որոնց արդյունքում, մենք բազմաթիվ մարդկային ու տարածքային կորուստներ ենք ունենում ու արդյունքում, ինչ- որ բան զիջվում է՝ պատճառաբանությամբ, թե դրա դիմաց մեկ այլ բան են փրկում։ Արդեն բազմաթիվ անգամ դրա ականատեսն ենք, նույն իրավիճակը սեպտեմբերի 13-ին էր, նույնը Բերձորի, Աղավնոյի ու Սուսի հանձնման ընթացքում , նույն սցենարն է հիմա։ Ավելին՝ այս դեպքում արդեն տարբերություն էլ չկա, խոսքը Արցախի մասին է, թե՝ Հայաստանի»։

Նա նաև անդրադարձավ այն պնդումներին, թե Արցախի քաղաքական ուժերը խառնվում են Հայաստանի քաղաքականությանն՝ ընդգծելով, որ իրենք խառնվում են այնքանով, որքանով դա առնչվում է իրենց։ «Մենք լիիրավ դրա իրավունքը ունենք՝ ուղղորդելու և պահանջելու»։
Նա ընդգծեց, որ այս իրավիճակը շատ նման է 2020 թ-ի ամռանը տեղի ունեցող իրադարձություններին, երբ ամեն օր թշնամին սահմանն էր խախտում, իսկ արդեն շփման գծի ուղղությամբ են լինում հրադադարի խախտումները։

«Խնդիրն այն է, որ մենք չենք տեսնում Հայաստանի Հանրապետության իշխանությունների արձագանքը, փոխարենը տեսնում ենք զարդարվող մայրաքաղաքի, ինչ-որ տոնակատարությունների նախապատրաստություն, իսկ նպատակը բոլորիս էլ ակնհայտ է։ Թշնամին ակնկալում է դեկտեմբերին տերը դառնալ այն խաղաղության պայմանագրին, որի կետերն իրենք էին առաջ քաշել։ Դրան ի պատասխան, խեղճ ձայներ ենք լսում հայաստանյան իշխանություններից , այն մասին, թե իրենք էլ ինչ -որ առաջարկներ են արել, որոնց Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքում։ Բայց, ցավոք, մենք գիտենք, թե ինչ պայմաններով է Ադրբեջանն ուզում գնալ խաղաղության, փոխարենը չգիտենք, թե ինչ պայմաններով է ուզում գնալ այդ պայմանագրին Հայաստանի իշխանությունը։
Այս ամենից ելնելով, այն ինչ կատարվում է թե՛ Արցախի շփման գծի ողջ երկայնքով , թե՛ Հայաստանի սուվերեն տարածքում՝ կարծում եմ, օրինաչափ է»։

Նա ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում խնդիրը Հայաստանը ներկայացնող քաղաքական ուժերն են, որովհետև թշնամին չի փոխվել, նույնն է, ինչ տասնամյակներ շարունակ եղել է, փոխվել են միայն Հայաստանի իշխանությունները և վարվող քաղաքականությունը։
«Երբ ասում են լարվածություն՝ մեզ համար ավելի, քան պարզ է, թե ինչի մասին է խոսքը, երբ դա թարգմանում ես առօրյա խոսակցականով՝ դա նշանակում է, որ կուտակումներ կան թշնամու կողմից։ Մասնավորապես, ես 2 օր առաջ եմ խոսել բերքահավաք իրականացնող մեր բնակիչների հետ, որոնց թշնամին թույլ չի տալիս բերքահավաք իրականացնել։ Մարդիկ նռան դաշտերում չեն կարողանում բերքահավաք իրականացնել, վարուցանք կատարել, թշնամին թույլ չի տալիս, ընդ որում՝ երկար ժամանակ նման իրավիճակ չկար։
Իսկ Թաղավարտի ու Կարմիր շուկայի ուղղությամբ շարունակվում են բարձր հնչել մուղամները ։ Այսօր էլ նույն իրավիճակն է, ինչ Խրամորթի, Քարագլխի դեպքերի ժամանակ էր, դրա համար էլ մենք այսօր տագնապով սպասում ենք զարգացումների»։