copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:00 30-11-2022

Երկու տարում՝ 4045 զոհ․ հրադադարի խախտումներ՝ կրկին փոքրացող պարբերությամբ

2020 թվականի 44-օրյա ինտենսիվ ռազմական գործողությունների արդյունքում պաշտոնական տվյալներով հայկական կողմն ունեցավ 3825 զոհ․ նրանց մեծ մասի մարմինները հայտնաբերվել կամ ԴՆԹ նույնականացվել ու հուղարկավորվել են։ Հազարավոր զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանների վիրավորւմներ, դեռևս անհայտ է անհետ կորածների ու գերեվարվածների թիվը․ կառավարությունն ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը (որ երկուսն էլ պաշտոնական մարմիններ են) հնչեցնում են տարբեր թվեր։

Հրադադարի հաստատման նոյեմբերի 9-ի պայմանավորությունը բնավ չպարտավորեցրեց Ադրբեջանին պահել այն․ խախտումները տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են մինչ օրս։ Հրադադարի կնքումից անմիջապես հետո ադրբեջանական զինուժը շարունակեց հարձակումները հայկական տարածքների վրա՝ փորձելով հնարավորին չափ շատ տարածքներ զավթել՝ շերտ առ շերտ մխրճվելով մեր երկրի մեջ։ Այդ օրերին մեր երկրի տարբեր հատվածներում հայերը զենքը ձեռքին շարունակում էին պահպանել իրենց տարածքները, այդ շրջանի զինված ընդհարումների, միջադեպերի մասին պաշտոնապես գրեթե ոչինչ չէր խոսվում։

Առաջին լուրջ ներխուժումը հաջորդ տարվա մայիսին էր Սև լճի տարածքում, ուր հայկական կողմը հետ քաշվեց առանց դիմադրության։ Հաջորդիվ Ադրբեջանը 2021-ի նոյեմբերի 16-ին հարձակվեց Սյունիքի մարզի Իշխանասար լեռան ուղղությամբ, եղան հրետանային մարտեր: Հայկական կողմից զոհվեց յոթ զինծառայող, տասը գերեվարվեց։

2022-ի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանը ձեռնարկեց 2020-ի պատերազմից հետո ամենալայնածավալ հարձակումը՝ Գեղարքունիքից մինչև հայ-իրանական սահման։ Հրետակոծեց ՀՀ քաղաքներն ու գյուղերը, ՀՀ տարածքից գրավեց առնվազն 15 ք/կմ։ Ադրբեջանի այս ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասավ 210-ի, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը դեռ համարվում է անհայտ, վիրավորվեց 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվեց 20 զինծառայող: Կառավարության տվյալներով՝ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով 7600 մարդ հարկադրված լքեց իր տունը, թիրախավորվեցին քաղաքացիական ենթակառուցվածքները, վնասվեց ավելի քան 200 շենք-շինություն։

Սեպտեմբերի 13-14-ից հետո առաջին հաղորդագրությունը հրադադարի խախտման մասին ստացվեց սեպտեմբեր 20-ին․ այդ օրը ադրբեջանական կրակոցներից վիրավորում չեղավ։

Ադրբեջանն ակտիվորեն խախտեց հրադադարը նաև հաջորդ օրը՝ սեպտեմբերի 21-ին․ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ բացեցին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Նույնպիսի խախտում արձանագրվեց նաև սեպտեմբերի 23-ին։ Այդ օրը ադրբեջանական զինուժի ստորաբաժանումներից մեկը նաև դիմեց սադրանքի՝ փորձելով անցնել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք․ փորձը կանխվեց։

Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ բացեցին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ․ հայկական կողմն ունեցավ երեք զոհ։

Հոկտեմբերի 3-ին, 5-ին, 8-ին, 10-ին, 12-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին, 20-ին՝ վաղ առավոտյան ու երեկոյան, 25-ին, նոյեմբերի 7-ին, 9-ին, 10-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակեցին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Որպես կանոն այս հաղորդագրությունների վերջում ՊՆ-ն նշեց՝ հայկական կողմից կորուստներ չկան, որ թերևս, ենթադրում է, որ չկան զոհեր, ծանր վիրավորումներ։

Նոյեմբերի 10-ի 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացավ զինծառայող, շարքային Պ. Խ.-ն․ նրա վիճակը գնահատվեց ծայրահեղ ծանր։

Նոյեմբերի 11-ին Ադրբեջանի զինուժը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ կիրառեց նաև ականանետ։

Նոյեմբերի 17-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացավ ՀՀ ՊՆ զինծառայող, շարքային Հ. Ա.-ն․ վիճակը գնահատվեց միջին ծանրության:

Նոյեմբերի 20-ին ևս մեր թշնամին խախտեց հրադադարի ռեժիմը։ Նույնը նոյեմբերի 21-ին՝ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ, 22-ին, 23-ին, որի արդյունքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացավ զինծառայող Ռ.Ա.-ն, ում առողջական վիճակը գնահատվեց բավարար։

Նոյեմբերի 24-ին ևս Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացեցին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Կրակեցին նաև նոյեմբերի 27-ին։

Երեկ՝ նոյեմբերի 29-ին կրակոցները շարունակվեցին կեսգիշերից սկսած շուրջ երեք ժամ․ հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացավ զինծառայող Ա.Զ.-ն․ վիճակը գնահատվեց բավարար։Իսկ ուշ երեկոյան ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացեց հայ-ադրբեջանական սահմանագոտու հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ։ Հայկական կողմը կորուստներ չունի․ հաղորդեց ՊՆ-ն։

Փաստորեն, 44-օրյա պատերազմից ի վեր հայկական կողմը ունեցավ 4045 զոհ՝ պաշտոնական տվյալների համաձայն։

Նկատենք՝ հետզհետե փոքրանում է պարբերությունն ու մեծանում է շփման գծում հրադադարի խախտումների դեպքերի թիվը։ Դրան զուգահեռ՝ Ադրբեջանը ինտենսիվորեն ռմբահարում է քարոզչական տիրույթում՝ անընդհատ մեղադրելով հայկական կողմից հրադադարի խախտումների ու տարատեսակ սադրանքների մեջ։ Իսկ փաստն այն է, որ հայկական կողմը բազմիցս պահանջել է անկախ դիտորդներ հրադադարի խախտումների «հեղինակներին» արձանագրելու համար, իսկ Ադրբեջանը թույլ չի տվել նրանց գորունեությունն իր տարածքում։ Այս ամենը մի խավարող հետնանկար է, որի վրա առավել վառ ուրվագծվում է ինտենսիվ մարտական գործողություններով սեփական ցանկություններին հերթական անգամ հագուրդ տալու՝ թշնամի բռնապետի ձգտումը։

Ամենից շատ դիտված

21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը հեռացրել են
08:00 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. Ժողովուրդ
14:11 Շենգավիթի քննչական բաժնում քաղաքացու են խոշտանգել․ փաստաբան
19:10 Դպրոցի փոխտնօրենը գոռացել է աշակերտուհու վրա և լացացրել. Զովունիի դպրոցի աղմկահարույց դեպքի պատճառները
19:45 Ալիևը «վերադարձրեց» 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի․ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգևորությունը
09:03 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ Հրապարակ
10:20 «Նիկո՛լ, ս.» պահանջով դուրս գանք փողոց. Վարդան Ղուկասյանի կոչը ընդդիմադիրներին
16:00 Փաշինյանի «խառնվելուց» հետո՝ գյուղացիներն այգիները մշակելու փոխարեն Երևանում շինարարություն են անում
09:00 Մարդկանց երեսը դառնում է պադոշ. պատմական 4 վիրավորանքները
17:30 Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման