«Այդ դերի համար արդեն պառավել էի». Արուս Ասրյան
copy image url

«Այդ դերի համար արդեն պառավել էի». Արուս Ասրյան

Մշակույթ 2 տարի առաջ - 22:26 26-11-2022
1903 թվականին Լոռվա Վարդաբլուր գյուղում ծնված դերասանուհի Արուս Ասրյանի ընտանիքը կարճ ժամանակ անց տեղափոխվեց Թիֆլիս, որտեղ ապագա դերասանուհին արդեն դպրոցական տարիքից սկսած աչքի ընկավ իր արտիստիկ կերպարով։ Ասրյանների ընտանիքում բոլորը երգում էին։ Արուսը մորից սովորել էր հայ ժողովդական երգերի մի մեծ շարք, որը կատարում էր դպրոցական միջոցառումների ժամանակ։ Եվ հենց այդ դպրոցական միջոցառումներն էլ հիմք դարձան դերասանուհու ձևավորման ու կայացման համար։



Այս մասին մի հետաքրքիր պատմություն է հիշում հենց ինքը` Արուս Ասրյանը.

«Թիֆլիսի Քրմոյան օրիորդաց վարժարանում, ուր սովորում էի 1919 թ., հոբելյանական երեկո էր կազմակերպված` ի պատիվ Հովհաննես Թումանյանի գրական գործունեության 25-ամյակի։ Վարժարանի սաների ուժերով բեմադրվելու էր «Անուշ» օպերան։ Անուշի դերը հանձնարարված էր ինձ։ Երեկոյին ներկա էին Հովհաննես Թումանյանը և Արմեն Տիգրանյանը։ Ներկայացումից հետո ինձ մոտեցան նրանք, խրախուսեցին և ասացին, որ իմ տեղը թատրոնն է։ Վերջ։ Այդ երկու խոշոր արվեստագետների կարծիքը սրբություն էր ինձ համար և այդ կարծիքը մեկընդմիշտ որոշեց իմ կյանքի ուղին»։

Արուս Ասրյանն իր դերասանական կյանքը սկսել է Թիֆլիսի թատրոնից։ Մի քանի փոքր, բայց հիշվող դերկատարումներ նա թողել է այս թատրոնում։

1925 թվականին «Դեզետիրկա» ներկայացման մեջ փոքր դերով հանդես եկած քսանամյա դերասանուհու մասին թատերագետ Ռուբեն Զարյանը գրում է. «Ծրագրում գրված էր` Արուս։ Այդ դերակատարման մեջ կար մի թեթևություն, որ չունեին մյուս դերասանուհիները։ Զարմանալի բան` մի երկու շարժում, հայացք ու ժպիտ և բնավորությունը գծված պատրաստ էր»։



1929 թվականին Արուս Ասրյանին հրավիրում են այն ժամանակվա` Լենինականի Մռավյանի անվան, այժմ` Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն։ Սա մի նոր ու կարևոր շրջան էր Ասրյանի բեմական և անձնական կյանքում։ Այստեղ նա խաղում է Շողակաթ` Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններում», որը դերասանուհուն ճանաչում է բերում։ Նաև հենց այս թատրոնում է, որ նա ծանոթանում է իր ապագա ամուսնու` Վարդան Աճեմյանի հետ, այնուհետև խաղում Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» աճեմյանական ներկայացման մեջ` հանդիսատեսին հիացնելով Միրանդոլինայի գունեղ ու հմայիչ դերով։



1940 թվականին Արուս Ասրյանը հրավիրվում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն։

Իր երկար կյանքի ընթացքում Ասրյանը հասցրել է խաղալ բոլոր ամպլուաներում։ Սկսում է սուբրետ դերասանուհու` թեթև, թռվռուն, աշխույժ կերպարներով, անցում բալզակյան տարիքի կանանց կերպարների մարմնավորմանը, ապա` ողբերգական հերոսուհիներ, իսկ կյանքի ավարտին` բազում դերեր, որտեղ ներկայացնում է մայրերի, մամիկների, տատիկների ու ծեր կանանց։



Արուս Ասրյանի դերացանկի հետ կապված մի հետաքրքիր հուշ ունի թատեագետ Լևոն Հախվերդյանը.
«Աճեմյանի տանը մտածում ենք մի լավ պիես Արուս Ասրյանի համար։ Ինչու՞ Սևիջ չուզեց (հիշեցրի «Այս տարօրինակ միսս Սևիջը» ամերիկյան պիեսը)։

Ասրյանը`

- Ի՛հ։

Աճեմյանը`

- Կուրա՞ժը։ (Նկատի ուներ Բրեխտի «Կուրաժ մայրիկը և իր զավակները» դրաման)։
Ես տաքացնում եմ` էլ ի՞նչ կա դեսուդեն ընկնելու, հարմար է ամեն ինչով, լուրջ դեր, լուրջ պիես, թատրոնն առաջ մղող գործ...

Ասրյանը`

- Հանդիսատեսից եմ վախենում։

Վստահեցնում եմ` դուք կունենաք ամենալա՛վ հանդիսատեսը։ Կարծես թե համաձայնում է։ Կարծես թե։ Հարցնում եմ` ինչու՞ 1962-ի «Մադամ Սան-Ժենը» չխաղացիք, ինձ շտապ թարգամանել տվիք ու չխաղացիք։

-Այդ դերի համար արդեն պառավել էի»։

Համաձայնեք, որ միշտ չէ, որ կարող ենք հանդիպել այսքան համեստ, ազնիվ ու անկեղծ ինքնագնահատականով դերասանուհիների։ Իր ուժերը ու տաղանդը չգերագնահատող Արուս Ասրյանը նույնիսկ չի հավատացել այն լուրին, թե արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը։ Այս մասին անեկդոտի պես հաճախ պատմել է Վարդան Աճեմյանը, որը էլի գրի է առել Լևոն Հախվերդյանը.
«Արուս Ասրյանին զանգահարում են ու ասում, թե Անտոն Քոչինյանն (ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար) ուզում է շնորհավորել իրեն Խորհրդային Միության ժողովրդական արտիստի կոչում ստանալու առթիվ։



Արուսը թե` մեծ կին եմ, եթե ինձ չեք հարգում, գոնե տարիքս հարգեցեք։
Ու լսափողը ցած է դնում։ Դու մի ասի Քոչինյանի քարտուղարն էր զանգում։ Քիչ անց, նորից զանգ` Արու՛ս, շնորհավորում եմ...»։

Կարծում է էլի ձեռ են առնում, բայց երբ տղան` Ալեքսանդր Աճեմյանը, հեռախոսով հաստատում է լուրը, Ասրյանը Քոչինյանի մասին ասում է.

- Լոռեցի՛ է, է՛, լոռեցի, ինչքան չլինի, ուզեց առաջինը ինքը շնորհավորել»։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը արժանանալուն չի հավատացել 250 դեր խաղացած, հաջողություն և ճանաչում վայելող Արուս Ասրյանը։

Կարդալով այս պատմությունը ու տեսնելով այժմյան դերասանական արվեստի համատարած արժեզրկումն ու խախտված չափանիշները` սկսում ես զարմանալ չափի զգացողության, իր տեղն իմանալու, ինքն իրեն չգերգնահատելու, չմեծամտանալու ու համեստորեն ապրելու մարդկային այս տեսակի վրա։

Այսօր դերասանուհի Արուս Ասրյանի ծննդյան օրն է։

Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված

17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
18:13 Բաքվում ֆիլմաշար են սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»