Երևան +19°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 17:09 26-11-2022

Ես ամենաշատը ուզում եմ գտնել այն կնոջը, որի սիրեկանն ինձանից անճոռնի է

1864 թվականի նոյեմբերի 24-ին Ֆրանսիայի Ալբի քաղաքում ծնվել է Անրի Մարի Ռայմոնդ դը Տուլուզ-Լոտրեկ-Մոնտֆան։ Նույն ինքը` բոլորիս ծանոթ ֆրանսիացի նկարիչ Անրի դը Տուլուզ-Լոտրեկը։ Երկար ազգանունը վկայում է նրա ազնվական ​​ծագման մասին։ Կոմսերի և վիկոնտների ժառանգների ընտանիքում ծնված Անրիի մայրն ու հայրը զարմիկներ էին և մտահոգ էին իրենց մեղսագործությամբ։

Ծնողների ինցեստային ամուսնության կամ «արյունապղծության» պատճառով Անրին ծնվել էր հազվադեպ գենետիկ հիվանդությամբ՝ նրա ոսկորները շատ փխրուն էին։ 13 տարեկանում նա կոտրեց կոնքը, մեկ տարի անց` նաև ոտքը: Ծնողները թաքցնում էին հիվանդությունը ու բոլորին հավատացնում, որ որդին վթարի հետևանքով է վիրավորվել։ Երկու վնասվածքներն էլ սարսափելի հետք թողեցին: Տղայի ոտքերը դադարեցին աճել և զարգանալ: Տարիների հետ Անրի դը Տուլուզ-Լոտրեկը վերածվեց թզուկի՝ անհամաչափ մեծ գլխով ու մարմնով: Նրա հասակը կանգ էր առել մեկուկես մետրի վրա, չէր կարողանում քայլել առանց ձեռնափայտի։



1867 թվականին ծնվեց և նույն տարում էլ մահացավ Անրիի փոքր եղբայրը։ Այս դեպքից հետո ծնողները բաժանվեցին։ Մինչև 8 տարեկանն Անրիին խնամում էր դայակը։ Այնուհետև տղան մեկնեց Փարիզ ու միացավ մորը։ Փարիզում նա սկսեց նկարել։ Նրա առաջին ճեպանկարներում ու ծաղրանկարներում երեխայի տաղանդը նկատեց ընտանիքի բարեկամ, խուլ ու համր նկարիչ Ռենե Պրինստոն։ Նա էլ սկսեց նկարչության դասեր տալ տղային։Անրիի առաջին պրոֆեսիոնալ նկարները ձիերի ու շների պատկերներ են։ Դա այն էր, ինչ նկարում էր իր ուսուցիչը։



1882-ին Պրինստոյի խորհրդով Տուլուզ-Լոտրեկը սովորեց նկարիչ Լեոն Բոնի, ապա նաև` Ֆերնան Կորմոնի արվեստանոցներում։ Հենց այստեղ էլ ծանոթացավ ու ընկերացավ Վինսենթ Վան Գոգի հետ։ Նրանք այնքան էին մտերմացել, որ նույնիսկ այդ շրջանի նրանց աշխատանքներում նկատելի նմանություններ կան։ Վան Գոգի եղբայր Թեոն շատ հաճախ զբաղվում էր նաև Տուլուզ-Լոտրեկի նկարների վաճառքով։ Իսկ Տուլուզ-Լոտրեկը, որ հիացած էր Վան Գոգով, մի անգամ, նույնիսկ, մենամարտի հրավիրեց նկարիչ Անրի դը Գրոսին` ով քննադատել էր Վան Գոգի արվեստը ու վիրավորել նրան։ Լոտրեկի պահանջով` Գրոսը հրապարակավ ներողություն խնդրեց Վան Գոգից։ Ի դեպ, Տուլուզ-Լոտրեկին է պատկանում Վան Գոգի ամենահայտնի դիմանկարներից մեկը։



Իմպրեսիոնիստներից Լոտրեկի վրա մեծ ազդեցություն են գործել նաև Էդուարդ Մանեն և Էդգար Դեգան։ Վերջինիս «պարուհիները» ոգեշնչեցին ու գրավեցին Անրիին այնքան, որ Լոտրեկի ստեղծած պարուհիների պատկերները դարձան գովազդային պաստառներ, իսկ ինքը անուն հանեց հենց այդ պաստառների շնորհիվ։


1889 թվականին Փարիզում բացվեց Մուլեն Ռուժը։ Լոտրեկին պատվիրեցին ստեղծել ներկայացման գովազդային պաստառը։ Սա դարձավ շրջադարձային պահ նկարչի հետագա ողջ կյանքում։ Այդ պաստառի 3 հազար կրկնօրինակները կախեցին Փարիզի բոլոր փողոցներում, և հասարակությունը` ոգեշնչված հիշարժան պատկերից, այցելեց կաբարե: Ի նշան երախտագիտության՝ Մուլեն Ռուժը նկարչին բոլոր ներկայացումների անվճար մուտք տրամադրեց։

Մուլեն Ռուժում Լոտրեկը հանդիպեց իր մուսային` պարուհի Լուիզ Վեբերին, ով գրավեց նկարչի ուշադրությունը ոչ միայն իր փարթամ բարեմասնություններով, այլ նաև անկաշկանդ ու անպարկեշտ պահվածքով։ Տուլուզ-Լոտրեկի մյուս սիրելին Ժաննա Ավրիլն էր, որի յուրօրինակ ​​պարային ոճը ոգեշնչեց նկարչին` ստեղծելու հերթական սկանդալային պաստառը, որտեղ պարուհին պատկերված էր կիսաշրջազգեստը վեր բարձրացրած: Պաստառից հետո պարուհու կարիերան ծաղկեց, և դա մտերմացրեց նրան Լոտրեկի հետ։



Մուլեն Ռուժի համար նկարած պաստառները սկսեցին հաջողություն բերել ոչ միայն կաբարեին, այլ նաև նկարչին։ Բոլորը ուզում էին իրենց պաստառներն ու ազդագրերը պատվիրել հենց Տուլուզ-Լոտրեկին։

Ապրելով Մոնմարտրում՝ Անրին դարձավ կաբարեների, բարերի, կրկեսների և հասարակաց տների մշտական ​​հաճախորդը։ Թատրոնում կամ կրկեսում նստած` նա էսքիզներ ու ճեպանկարներ էր անում, պատկերում դերասաններին, պարողներին, ատլետներին։ Հասարակաց տներում նրա բնորդները թեթև վարքի տեր կանայք էին։ Մյուս իմպրեսիոնիստների պես` Անրին էլ նախընտրում էր աշխատել բնությունից, բնօրինակից ու բնորդից, բայց ի տարբերություն իր գործընկերների, երբեք չէր ձգտում դեպի բարձր հասարակությունը։ Նրան գրավում էր փարիզյան հատակի գիշերային կյանքը:



Մոնմարտրի հասարակական վայրերում Լոտրեկին փաղաքշաբար կոչում էին սրճեփ` իր փոքր հասակի և արտասովոր արտաքինի համար: Նկարիչը չէր վիրավորվում դրանից և հաճախ, նույնիսկ, այս թեմայով ծաղրանկարային ինքնադիմանկարներ էր նկարում։ Չնայած արտաքին տձևությանը, այնուամենայնիվ, Անրի դը Տուլուզ-Լոտրեկի պահվածքից զգացվում էր, որ նա ամենաիսկական ազնվական էր` բարեկիրթ շարժուձևով, սիրալիր, հմայիչ և հումորի մեծ զգացումով։

Սակայն շվայտ ու բոհեմական կյանքը նկարչին հասցրեց վերջնական կործանման։ Ալկոհոլի հանդեպ կախվածությունից բուժելու և իր միջավայրից կտրելու համար մայրը Անրիին տեղափոխեց հոգեբուժարան, որտեղից դուրս գալուց հետո նկարիչը շատ կարճ ապրեց։ 1901-ին նախ կաթվածահար եղան Անրի դը Տուլուզ-Լոտրեկի ոտքերը և նա ընդհանրապես դադարեց քայլել: Չնայած անդամալույծ ոտքերին, հաշմանդամի սայլակով տեղաշարժվելուն, նյարդային ծանր վիճակին, լսողության կորստին, այնուամենայնիվ, Լոտրեկը շարունակում էր նկարել:



Օրեցօր նկարչի վիճակը ծանրանում էր, քանի որ կտրուկ սրվում էր նաև սիֆիլիսը, որով տառապում էր 22 տարեկանից ի վեր: Ի հայտ եկան նաև նախկինում լիովին չբուժված տուբերկուլիոզի հետևանքները:

Մահն անխուսափելի էր դարձել։ 1901-ի սեպտեմբերի 9-ին Տուլուզ-Լոտրեկը հրաժեշտ տվեց կյանքին՝ չհասցնելով բոլորել իր 37 տարին։ Ապրած կարճ կյանքի ընթացքում Անրի դը Տուլուզ-Լոտրեկը ստեղծեց 737 կտավ, 275 ջրաներկ, 363 տպագիր և պաստառ, 5084 գծանկար, մի քանի կերամիկական աշխատանքներ և վիտրաժներ։ Հայտնի չէ նաև, թե քանի գործ է կորել կամ ոչնչացրել։

Լոտրեկը մեռավ` երազելով միայն մի բանի մասին. «Ես ամենաշատը ուզում եմ գտնել այն կնոջը, որի սիրեկանն ինձանից անճոռնի է»:

Նաիրա Եղիազարյան