Երևան +13°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:28 25-11-2022

Գուցե մեր կառավարությունում կան «Դելտա», «Գամմա» կամ այլ ծածկանուններով այլ գործակալներ, որոնց վերաբերյալ ԱԱԾ-ում արխիվային փաստաթղթերը պետք է հրատապ ոչնչացվեն․ Ռոբերտ Հայրապետյան

Խորհրդարանը երեկ արտահերթ նիստով քննարկում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը։

Խորհրդարանական ընդդիմությունը մտահոգություններ ուներ նախագծի առնչությամբ, քանի որ այն ԱԱԾ պետին հնարավորություն էր տալու կամայականորեն ոչնչացնել արխիվային չգաղտնազերծված փաստաթղթերը։ Մինչդեռ ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը վստահեցնում էր, որ փաստաթղթերի ոչնչացման կարգը սահմանված է օրենքով և այս նախագծով այդ մասով որևէ նոր փոփոխություն չի նախատեսվում։

Oragir.News-ի հետ զրույցում իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն ասաց, որ ԱԱԾ փոխտնօրենի մեկնաբանություններին և պատասխաններին ծանոթ չէ, բայց մենք ունենք Ազգային անվտանգության մարմինների մասին գործող օրենք, որտեղ նշվում է, որ լիազոր մարմնի արխիվային նյութերը գաղտնազերծվում են օրենքով։

«Իսկ հիմա իրենք առաջարկում են փոփոխություն, որով սահմանվում է, որ լիազոր մարմնի արխիվային նյութերը «գաղտնազերծվում կամ ոչնչացվում են» օրենքով և «այլ իրավական նորմերով» սահմանված կարգով։ Այսինքն, ըստ էության, բերում են միանգամայն նոր 2 գործողություն՝ ոչնչացման լիազորություն, որը կարգավորվում է ոչ միայն օրենքով, այլ նաև այլ իրավական ակտերով, մինչդեռ մինչև հիմա ոչնչացման լիազորություն չի եղել։ Չգիտեմ՝ ինչ է պնդում ԱԱԾ փոխտնօրենը, բայց ակնհայտ է, որ գործող օրենքով ոչնչացման լիազորություն չունեն։ Չկա նաև «այլ իրավական ակտերով» վտանգավոր ձևակերպումը, ինչը նշանակում է, որ արխիվային նյութերի ոչնչացումը օրենսդրական մակարդակից իջացնում են մինչև անօրենսդրական մակարդակ։

Սա հղի է լրջագույն վտանգներով, որովհետև, եթե, օրինակ, Տավուշի մարզի Քովեր համայնքի գյուղապետը որոշի, որ մի արխիվային նյութ ոչնչացնել, որը, օրինակ, ադրբեջանական զորքի ներթափանցման վերաբերյալ է՝ հանգիստ կարող է ավագանու նիստ անել, ոչնչացնել ու իրեն ոչ ոք չի կարող ասել, որ անօրինական քայլ է արել, որովհետև ինքը դրա համար լիազորված է։

Չգիտեմ, ինչ լոլոներ է ասում ԱԱԾ փոխտնօրենը, բայց եթե նիկոլական պատգամավորներին հնարավոր է կերակրել ինչ-որ հայտարարություններով ու նրանց գրագիտությունը թույլ չի տալիս կարդալ ու հասկանալ, թե ինչ կար ու ինչ է փոխվում՝ մեզ մի քիչ ավելի դժվար է»։

Անդրադառնալով իշխանական պատգամավորների դիտարկումներին, թե եթե նման մտահոգություններ ունեին՝ պետք է ներկա լինեին հանձնաժողովում օրենքի քննարկմանը՝ Հայրապետյանն ասաց, որ հանձնաժողովում նախագիծը քննարկել են լիագումար մտցնելուց 1 ժամ առաջ։

«Միաժամանակ, լիագումար նիստում և հանձնաժողովում արտահայտած մտահոգությունները հանրային իրազեկվածության առումով մեծ տարբերություն ունեն, քանի որ երբ մտահոգությունները հայտնում ես լիագուրմար նիստում՝ հանրային ավելի լայն շերտերի ես իրազեկում, որ հիմա քո գլխին այսպիսի մի վատ օրենք է գալիս»։

Իրավաբանի դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ կան արխիվային փաստաթղթեր, որ երևի թե պետք է վերացվեն և, որպեսզի դրա համար հետո չդատվեն համապատասխան անձինք՝ դրա համար հիմա բերում են համապատասխան լիազորություն, որ օրենքով այդ մարդիկ իրավասու են դառնում դա անելու։

«Դրանից հետո նրանք կանցնեն գործի ու կոչնչացնեն համապատասխան արխիվային նյութերը, որոնք, օրինակ՝ կարող են բացահայտել թշնամական երկրի հակահետախուզության դիվերսիոն խմբերին առնչվող փաստաթղթեր։

Օրինակ, հնարավոր է, որ ադրբեջանական լրտեսական խմբերի մասին արխիվային նյութեր կան, որոնք Նիկոլի քաղաքական լեգիտիմացման և քաղաքական առաջընթացի խաչքավոր Ալիևն ասում է՝ հենց վաղը պետք է վերացված լինեն՝ նա էլ հնազանդորեն եկել է ու այս օրենքի փոփոխությունն է անում։

Հնարավոր է, որ օրինակ, Նիկոլ Փաշինյանի հետ պատգամավոր եղած ժամանակ ինչ-որ պայմանավորվածություններ լինեն, որոնց վերաբերյալ նյութերը հրատապ պետք է վերացնել ու հիմա փորձում են դա անել։

Կամ գուցե մեր կառավարությունում, բացի «Օմեգա» Արարատ Միրզոյանից, լինեն «Դելտա», «Գամմա» կամ այլ ծածկանուններ կրող գործակալ-պաշտոնյաներ, որոնց վերաբերյալ լինեն արխիվային փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ է ոչնչացնել»,- ասաց Հայրապետյանը։

Նա նաև ընդգծեց, որ այս քննարկումներից հետո, եթե նախագիծն ընդունվի, ապա ընդդիմությունն ունի գործիքակազմ՝ դիմելու Սահմանադրական դատարան՝ օրենքի Սահմանադրականությունը վիճարկելու։

«Այլ գործիքակազմ՝ ընդդիմությունը այս պահին չունի, կդիմեն, թե ոչ՝ արդեն խմբակցությունների որոշելիք հարցն է»։