Երևան +14°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:34 23-11-2022

Այդ սուբսիդավորումն էլի սպառողի գրպանից է․ Պիպոյանը ջրի գնի ավելացման մասին

«Հանարային ծառայությունների ոլորտը մեր երկրում այն ոլորտն է, որ գները և մնացած բաները որոշվում են ոչ թե օբյեկտիվ քննություններից ելնելով, այլ իրականում կայացվում է քաղաքական որոշումներ»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ խոսելով ջրի գնի բարձրացման մասին։

Ըստ Պիպոյանի իրականացվում է սովորաբար քաղաքական որոշում, հետո հանրային ծառայությունները փաթեթավորում են այդ քաղաքական որոշումները։

Պիպոյանն ընդգծեց, որ օբյեկտիվ քննություն տեղի չի ունենում, այսինքն՝ հանրային ծառայությունները չի ունենում համապատասխան գործիքակազմ, որը կարողանում է հսկել ներկայացված փաթեթների իսկությունը, ունենում է վերահսկողական գործառույթներ և, ըստ այդմ, որոշվում է գինը և բաշխվում է հասարակության վրա։

«Այս տրամաբանության մեջ է, որ կարող է քաղաքական ամբիոնից, օրինակ՝ քարոզչության, կամ այլ պրոցեսի շրջանակներում, հնչի հայտարարություն, որ, օրինակ՝ ջուրը չի թանկանալու մինչև այսինչ թիվը։ Հետո որ թանկանա քաղաքական շրջանակները քննարկեն, բա դուք անբիոնից ասում էիք, որ չի թանկանա, տեսեք՝ թանկանում է»,- ասաց Պիպոյանը։

Պիպոյանը նշեց, որ սա ևս ապացույց է նրան, որ մեր երկրում պրոցեսները քաղաքական են. «Այսինքն՝ սա ուղղակի գալիս է ապացուցելու, որ մեր մոտ պրոցեսները ոչ թե տնտեսական են, ոչ թե բնականոն են, այլ քաղաքական են, ինչո՞ւ, որովհետև, ըստ էության, պարզ է, որ հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովին ներկայացվող փաթեթի վրա աշխատում է մի հաշվապահ, որը, մեղմ ասած, կոմպետենտ է, կանգնած է մի անգրագետ հաշվապահ, ով այս երկրում ստանում է 500.000-ից ավել աշխատավարձ, կարող է գրել երկու կմ-ից ավել ծախս, հետևաբար, այսքան դրամ, հետևաբար, ինքնարժեքում այսքան փոփոխություն, հետևաբար, այսքան դրամ խ/մ ջրի համար»։

Պիպոյանն ասաց, որ այս տիրույթում պետությունը վերահսկողություն չի իրականացնում, այլ զբաղվում է թղթերը վերահսկելու գործիքով. «Հիմա արդյոք պետությունը հսկում է, որ այն փաթեթը, որ ներկայացվել է այդ ծախսը արվել է, թե չէ, օրինակ, լրիվ ամբողջական նոր խողովակ է, թե կցորդ է։ Հսկողություն չկա, հետևաբար մնում է թուղթ ստուգելու գործիքը, իսկ թուղթ ստուգելու գործիքով օբյեկտիվ պատկեր չափել իհարկե դժվար գործ է։

Մենք ունենք ինդիգատր, թե հինգ տարի հետո կորուստը քանի տոկոս է կազմելու, բայց չունենք ինդիգատր միջանկյալ գնահատական տալու, թե, օրինակ՝ հինգ տարի հետո այսքան տոկոսի համար երկու տարի հետո ինչքան տոկոս պիտի լինի, որ մենք հասկանանք հինգ տարի հետո ինչքան տոկոս կունենանք, կամ չենք ունենա, ինչպես Երևան ջրի դեպքում եղավ՝ պայմանագիրն ավարտվեց, պարտավորությունները չկատարած գնաց, նույն կերպ «Վեոլիա ջուրը» չկատարած գնա, ընդամենը հետո կանվանափոխվի, կգա մեկ այլ կազմակերպություն, ուրիշ անունով կշարունակի այս ծառայությունն իրականացնել»։

Պիպոյանը ընդգծեց, որ եթե քաղաքական որոշումներ է կայացվում, ապա կայացված որոշման համար քաղաքական գործիչները պետք է գնահատական տան, այլ ոչ թե փորձագետները։

«Երբ որ տեսնում ես, որ անհրաժեշտ գործիքները չեն ներդրվում, այդտեղից անմիջապես հետևություն՝ քաղաքական որոշումներով են խնդիրները կարգավորվում, իսկ այնտեղ, որտեղ քաղաքական որոշումներ է քաղգործիչները պետք է գնահատական տան, ոչ թե փորձագիտական հանրույթը»։

Դիտարկմանը, որ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչև 2024 թվականը ջուրը չի թանկանալու՝ Պիպոյանն ասաց։ «Այդ խոստումը անցած տարի արդեն խախտվեց, քաղաքական դաշտում լայն քննարկման առիթ դարձավ՝ վայ, տեսաք՝ խոստացան, չարեցին։ Սրանք քաղաքական գործընթացներ են ոչ թե սոցիալ-տնտեսական կամ հանրային, որոշումների տրամաբանությունն ու փիլիսոփայությունը քաղաքական դաշտում է»։

Հարցին, թե եղավ որոշում, որ Կառավարությունն անհրաժեշտության դեպքում համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար, սա ինչ է նշանակում, Պիպոյանն ասաց. «Սա քաղաքական է, ընդ որում, հասարակական այն շերտերի համար ովքեր գնահատականները, գնահատականների տողատակերը խորը չեն պատկերացնում։ Այդ սուբսիդավորումը էլի սպառողի գրպանից չի սուբսիդավորվում, այդ սուբսիդավորման գումարը ի վերջո սոցիալական օժանդակման ծրագրերի տողից է գնում, չեղավ սպառողից։ Այսինքն՝ սպառողին փող պետք է տայինք, չենք տալիս սպառողին, տալիս ենք «Վեոլիային», սպառողն էլ ջրի համար նույնը վճարել եղավ, որ սպառողը չվճարեց»։