copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:33 11-08-2022

Այս ամենի թիվ մեկ պատասխանատուն Հայաստանի կառավարությունն է. Պարսյանը՝ ջրի գնի բարձրացման մասին

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

«Վեոլիա Ջուր» ընկերությունն առաջարկում է ջրի սակագինը այս տարի էլի բարձրացնել: Ընկերությունն օգոստոսի 8-ին հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով և առաջարկել է ջրի մատակարարման ու ջրահեռացման սակագինը գործող 200 դրամի փոխարեն սահմանել 209 դրամ՝ 1 խմ-ի համար։ Թե ինչ որոշում կկայացնի հանձնաժողովը, այս պահին հայտնի չէ, ուսումնասիրվում է առաջարկը:

Հիշեցնենք՝ 2018 թ․ աշնանը խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Կառավարության ու «Վեոլիա ջուր» ընկերության բանակցությունների արդյունքում որոշվել է, որ մինչև 2024 թ․ Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու։

Կա՞ն ջրի գնի բարձրացման օբյեկտիվ պատճառներ՝ հարցրինք տնտեսագետ Սուրեն Պարսյանին։

«Անցած տարի քննվում էր ջրի թանկացման հարցը այն տրամաբանությամբ, որ նրանք հիմա բարձրացնում են ջրի սակագինը 20 դրամով, 180-ը դարձնում են 200 դրամ, որը երկարաժամկետ կպահի գնի սակագինը, խոսում էին՝ մոտ 7-8 տարի այս ջրի սակագին պահպանել, երկարաժամկետ նպատակով էին այս բարձրացումը անում, բայց նրանք հաշվի չէին առել, որ օրինակ՝ էլեկտրաէներգիայի սակագինը կփոխվի փետրվարից, և էլեկտրաէներգիան թանկացավ ջրամատակարար ընկերության համար, իսկ ջրի դեպքում դա հիմնական ծախսերից մեկն է կազմում։ Բացի այդ՝ կա սղաճ, այսինքն՝ գնաճը բավականին բարձր է նախատեսվածից, նախատեսվածը պետք է լիներ 4 տոկոս, իսկ մենք ունենք արդեն յոթ ամսվա հաշվարկով՝ 7,3 տոկոս գնաճ, այսինքն՝ էլեկտրաէներգիայի սակագնի աճը՝ գումարած գնաճը, հիմք են հանդիսացել «Վեոլիա ջրի» համար, որպեսզի հայտ ներկայացնի։ Հանրային ծառայությունների հանձնաժողովը պարտավոր է այս հայտը ուսումնասիրել մինչև նոյեմբեր ամիսը և որոշում կայացնել, որոշում կայացնելուց հետո դա արդեն ուժի մեջ կմտնի 2023 թ․ հունվարի 1-ից»։

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է ինչ-որ ձևով զսպել ջրի գնի սակագնի բարձրացումը, Պարսյանն ասաց. «Նախկինում հանրային ծառայությունների հանձնաժողովը Կառավարության հետ համատեղ մի քանի տարբերակներ էր մշակել նման դեպքերի համար, օրինակ՝ նախկինում՝ 2018-2019 թվականներին, ջրի սակագինը չբարձրացնելու համար Կառավարությունը զիջել էր իր վարձավճարի գումարից, այսինքն, օրինակ, Կառավարությանը «Վեոլիա ջուրը» պետք է վճարի գումար՝ այդ համակարգի վարձակալության համար։ Հիշեցնեմ, որ Վեոլիա ջուրը վերցրել է Հայաստանի ջրամատակարարումը կոնսիցիոն կառավարման, այսինքն՝ վերցրել ինքը կառավարում է և նաև գումար է վճարում Կառավարությանը գույքի համար, հիմա պետությունը իր այդ վարձավճարը զիջեց, որպեսզի գինը չբարձրանա այդ տարիների ընթացքում։ Հիմա դարձյալ Կառավարությունը կարող է գնալ այդ քայլին»։

Անդրադառնալով կոմունալ ծառայությունների գնին և նրանց մեջ առկա շղթային, երբ մի ծառայության գնի բարձրացումը միանգամից ազդում է մյուսների գնի վրա, Պարսյանն ասաց․ «Երբ որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը եղավ, դեռ այդ ժամանակ ես նշեցի, որ մենք վերանայելու ենք ջրի սակագինը, քանի որ էլեկտրաէներգիան և գազը շղթայաբար թանկացնում են բոլոր կոմունալ ծառայությունների գները, ապրանքների ինքնարժեքները և այլն, այսինքն՝ սա կանխատեսելի էր՝ հաշվի առնելով էլեկտրաէներգիայի թանկացումը և գնաճի այս մակարդակը։ Հիմա խնդիրը նրանում է, որ Կառավարությունը, ձախողելով իր պարտավորությունը «Վեոլիա ջրի» նկատմամբ, այս իրավիճակն է ստեղծել։ Հիշեցնեմ, որ 2016-2017 թվականներին «Վեոլիա ջրի» հետ կնքված պայմանագրերի համաձայն՝ Կառավարությունը պետք է ներդրումներ կատարի ջրամատակարարման համակարգի մեջ, որը թույլ կտա նվազեցնել կորուստները․ այս պահի դրությամբ կորուստները 70-80 տոկոս են կազմում։ Եթե Կառավարությունը իր ներդումները կատարեր այս ընթացքում, նաև այս տարի, ապա «Վեոլիա ջրի» կորուստները կնվազեն, և ջրի գնի բարձրացման հայտի իմաստը կկորչեր, և հնարավոր է՝ հակառակ գործընթաց լիներ։ Ջրի գնի բարձրացման պատճառները մի քանիսն էին․ այսինքն՝ հիմնական խնդիրը այն է, որ մենք ունենք Էլեկտրաէներգիայի գնի թանկացում, որը պայմանավորված է ատոմակայանով, խնդիրը նաև այն է, որ Կառավարությունը չի կարողանում ջրամատակարարման համակարգում ներդրումներ կատարել ժամանակին, ամբողջ ծավալով, և այս ամենը հանգեցնում է ջրի սակագնի շարունակական աճի։ Այսինքն՝ այստեղ պետական կառավարման անարդյունավետության մասին պետք է խոսենք․ այս ամենի թիվ մեկ պատասխանատուն Հայաստանի կառավարությունն է»։

Հարցրինք Պարսյանին, թե հնարավո՞ր է ջրի սակագնի բարձրացման հետևանքով գների բարձրացում լինի նաև այլ ապրանքատեսակների և սննդի պարագայում, Պարսյան ասաց. «Իհարկե, շղթայաբար ազդելու է Հայաստանում արտադրվող ապրանքների, մատուցվող ծառայություններիի գնի վրա։ Լինի սննդի արտադրությու, լինի արդյունաբերություն, որտեղ մեծ քանակությամբ ջուր է օգտագործվում՝ բոլոր ուղղություններով․ դա շղթայաբար է տեղի ունենում»։