Երևան +12°
Ներքին 1 տարի առաջ - 16:14 18-11-2022

Դիտակետից կարող էին թշնամուն խփել-ջարդել, բայց, ըստ փաստաբանի, խուճապ են տարածել ու փախել՝ առաջինը հրամանատարները

Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի երկրորդ դրվագում առկա է պատկեր, ըստ որի՝ մեր զինվորների պաշտպանությունը ճիշտ չի կազմակերպվել, մի շարք զինվորներ հայտնվել են փաստացի անպաշտպան վիճակում․ այսօր հրավիրված ասուլիսին նշեց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։

«Բայց արդյո՞ք դիվիզիոնի պաշտպանության կազմակերպման պատասխանատուն բանակի հրամանատարն է․ դիվիզիոնի պաշտպանությունը պիտի պատշաճ կազմակերպվեր դիվիզիոնի հրամանատարության կողմից։ Ի դեպ, այդ դեպքը եղել է ամսի 12-ին, իսկ դրանից օրեր առաջ ՊԲ նախարարի կողմից հրաման է արձակվել, որ կան մեր տարածք ներթափանցած դիվերսիոն խմբեր, ուստի յուրային զորքերին՝ անցնել շրջանաձև պաշտպանության։ Այս հրամանի առկայության պայմաններում, խի՞ խրամատներ չեն փորել, խի՞ երեխեքին չեն դիրքավորել, խի՞ չեն պատշաճ պաշտպանություն կազմակերպել, խի՞ են մարտկոցներն իրարից անկախ գործել։ Որակապես մի քանի անգամ ավելի պայմաններում խի՞ կրակ չեն բացել հակառակորդի ուղղությամբ»,- նշեց փաստաբանը։

Նա հաղորդեց նաև, որ նույն հրամանում նշված է, որ դիվիզոնի հրամանատարներից մի քանիսը դիտակետում, որը մարտկոցների տեղակայման վայրից մեկ կմ հեռավորության վրա է գտնվել, լսել է, հակառակորդի խոսակցությունը և հասկացել, որ դա թշնամին է։ «Հիմա հարց, եթե լսում ես մոտեցող խմբավորման խոսակցությունները, ինչո՞ւ այդ ժամանակը չես օգտագործում, որ հրանոթները ուղղվեն, այդ հեռավորության վրա կրակ բացեին, դուք էլ դիտակետից խփեիք-ջարդեիք։ Փոխարենը պանիկա է դրվել, տագնապ ու սկսել են խառը փախչել»,- ասաց նա՝ հավելելով, որ տեսանյութերից ակնհայտ է դառնում, որ տեղում խրամատներ չեն եղել։

Ջալալ Հարությունյանից, ըստ փաստաբանի, հրաման չեն ակնկալել․ «Իրենք իրենցով որոշել են հանեք-փախեք։ Տագնապը դրել են։ Խրամատներում ամրանալու փոխարեն ով ոնց հասցրել-փախել է, ու հրամանատարությունն առաջինն է դա արել»։