copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:48 18-11-2022

Անհամաձայնություններ՝ Պեմզաշենի դաժան սպանության գործում․ ի՞նչ են թաքցնում իրավապահները

Նախօրեին Պեմզաշենում տեղի ունեցած դաժան սպանության մանրամասների մասին ոստիկանությունը տեսանյութ էր հրապարակել, որում մի շարք անհամապատասխանություններ կային։

Ավելին՝ տեսանյութը մի շարք լրացուցիչ հարցերի առիթ է տալիս։

1․ Հարևանուհին տեսանյութում պատմում էր, որ մուտքի դուռը կողպված էր, և որ ինքը ներս էր մտել ետնամուտքից։ Ետնամուտքի դուռը բացվել է, նա կահույքը մի կողմ էր հրել ու ներս մտել։ Սական ոստիկանության հայտնած տեղեկատվության համաձայն, հանցագործները ներս են մտել մուտքի բաց դռնից, ապա եռակի սպանություն գործելուց հետո՝ հեռանալիս հանցագործները կողպել են մուտքի դուռը։

Ստացվում է, որ հոգեկան շեղում ունեցող ու թմրանյութի ազդեցության տակ գտնվողները եռակի սպանությունից հետո դրսևորել են զարմանալի սառնասրտություն ու սթափություն, ու արագ դեպքի վայրից հեռանալու փոխարեն կողպել են դուռը։

2․ Առնվազն հարցեր է առաջացնում այն, որ տեսանյութում ներկայացված ցուցմունքի փոքր հատվածում Վրույր Բարսեղյանն ասում է, որ «աղջիկը բաղնիքում գործ էր անում։ Վախից խփել եմ»։

Այնուհետև, նույն տեսանյութում ոստիկանության ներկայացված նկարագրության մեջ ասվում է, որ միջանցքում նրանց դիմաց է դուրս եկել Զարինե Մելիքսեթյանը, 41 ամյա տղամարդը բռունցքով խփել է գլխին, նա անգիտակից ընկել է հատակին։ Որից հետո 32-ամյա տղամարդը բակից հակի թելեր է բերել, կապկպել ու դանակի մի քանի հարված հասցրել Զարինե Մելիքսեթյանին, ապա տեղափոխել ննջասենյակ, որտեղ էլ այնուհետև գտել էին նրա մարմինը։

3․ Հատկանշական է, որ նախաքննության սկզբում գողության վարկածը հերքվում էր, ըստ նախնական տեղեկությունների, տանից ոչինչ գողացված չէր, անգամ պահարանի դարակները տեղաշարժված չէին, նույնիսկ սպանված կնոջ ոսկյա ականջօղերը չեն հանել։ Ոստիկանության տարածած տեսանյութից հայտնի է դառնում, որ միակ իրը, որ հանցագործները տարել էին՝ ոսկյա շղթան է, որը նա վաճառել էր 32 հազար դրամով։ Ինչպես կարող էր գողության համար տուն մտած հանցագործը վերցնել ոսկե շղթան ու չնկատել ոսկյա օղերը, կամ գումար չփնտրել անգամ տան դարակներում։

4․ Տեսանյութից այդպես էլ պարզ չի դառնում, թե ինչ հանգամանքներում էր 32-ամյա տղամարդը ստացել կրծքին դանակով վնասվածքը, որը ոստիկանների համար կարսկածի առիթ էր դարձել ի սկզբանե։ Տեսանյութից տպավորություն էր, որ կինն առհասարակ դիմադելու ոչ հնարավորություն, ոչ ժամանակ չի ունեցել։

5․ Տեսանյութում որևէ խոսք չկար, այն մասին, որ 31-ամյա Վրույր Բարսեղյանը հոգեկան խնդիրներ ունի, մինչդեռ մինչ այդ խոսվում էր այն մասին, որ նա «գժի թուղթ» ունի։

6․ Տեսանյութից ակնհայտ էր դառնում, որ 31-ամյա հանցագործը բռնության է ենթարկվել, ցուցմունքից առաջ։

7․ 41-ամյա Արկադի Բարսեղյանի փաստաբանը վստահեցրել է, որ իր պաշտպանյալը հանցագործության պահին այլ վայրում է եղել։ Ոստիկանության տեսանյութում նրա դերակատարության մասին որևէ դրվագ չկա, բացի այն, որ 41-ամյա տղամարդը միջացքում հարվածել է Զարինե Մելիքսեթյանին և նա միջանցքում ընկել է հատակին։

Առնվազն տպավորություն է, որ երկրորդին, ով հայտնի էր «Տիխի» մականունով, «արանքից հանում են»։