copy image url
Ներքին 1 տարի առաջ - 00:09 16-11-2022

Ինչու էլ չի աղմկում Տիգրան Ուրիխանյանը․ նա խոստանում էր «տրաքացնել»

Մեկ ամսից քիչ պակաս ժամանակ է անցել, ինչ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խոստանում էր բացահայտումներով «տրաքացնել» Հայաստանի քաղաքական դաշտը։ Նա խոստանում էր բացարձակ բացահայտումներ, որոնց ընթացքում չէր խնայելու ոչ մեկին, ու դրա համար պատասխանելու է բոլոր հարցերին։

Ֆեյսբուքյան իր էջով տարածած տեսաուղերձն ինտրիգային էր, խոստացված բացահայտումների ցանկը՝ ամենաակտուալը․ ինչ ստացավ Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելով, ոնց պատահեց, որ Ռոբերտ Քոչարյանի բանկի կառավարիչը դարձավ փոխվարչապետ ու մինչև օրս մնաց։ Ոնց ստացվեց, որ Ռուբեն Վարդանյանի աշխատողներից մեկը՝ Արարատ Միրզոյանը, դարձավ ԱԺ նախագահ, հետո ԱԳ նախարար։ Ոնց սկսեցին ՀՀ արտաքին քաղաքական կուրսը փոխելու գործընթացը։ Ում պատճառով զոհվեցին 5000-ից նվազ սակավաթիվ մեր երիտասարդության ներկայացուցիչները։ Երբ է սպասվում հաջորդ պատերազմը, և ով է դատվելու դրա համար։ Այս ինտիգային ու խոստումնալի լայվից հետո ողջ հանրությունը անհամբեր ու շունչը պահած՝ սպասում էր բացահայտումներին, հետևում Ուրիխանյանի էջում տեղադրվող նոր գրառումներին․․․, սակայն միակ բանը, որ հաջորդ օրերին հայտնվում էր նրա էջում՝ նույն լայվն էր՝ տարբեր վերանգրերով․ «Սկզբի համար․․․», «Երկիրս վարի տվող պոռնիկների համար...», «Սկսվում են բացահայտումները․․․»։

Իրականում ոչինչ այդպես էլ չսկսվեց, ճիշտն այն պահին, երբ բացահայտումների սպասումով լցված հետևորդներն արդեն հուսահատվել էին կամ մտածում էին, թե այ, միգուցե ինչպես և զգուշացնում էր Ուրիխանյանն իր լայվում, Սերժ Սարգսյանի կամ Միքայել Մինասյանի կամ էլի ինչ-որ մեկի ձեռքերն հասել են Հայաստանից դուրս գտնվող, բայց Հայաստանի ճակատագրով մտահոգ արդեն քաղաքական գործչին, երբ հանկարծ նա կրկին հայտնվեց իր նոր, բայց որևէ բացահայտում չպարունակող գրառմամբ․ «Ի դեպ, ազնվությանս վրա կասկածողներին Աստված կպատժի։ Իսկ ժամանակ անց ամեն ինչ պարզ կլինի, կարճ ժամանակ անց...»,- գրել էր Ուրիխանյանը։

Հիշեցնենք, որ նախկին քաղաքական գործիչը որոշել էր անկեղծանալ և աշխարհացունց բացահայտումներով հանդես գալ այն բանից հետո, երբ նրա նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել Հակակոռուպցիոն կոմիտեում։ Գործը վերաբերում է 2019 թվականին առանձնապես խոշոր չափի եկամուտ չհայտարարագրելուն։ Ուրիխանյանը հրավիրվել է հարցաքննության, սակայն հրաժարվել էր գնալ և մեկնել է Հայաստանից։

Կոմիտեից Oragir News-ին հայտնեցին, որ վարույթը նախաձեռնվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314․3 հոդվածով, նախաքննությունը շարունակվում է, սակայն հատկանշական է, որ Ուրիխանյանի նկատմամբ դեռ քրեական գործ հարուցված չէ։

Ում կամ ինչի է սպասում մեծահարուտ կուսկցապետերի՝ Գագիկ Ծառուկյանի, Արա Աբրահամյանի, Տիգրան Արզաքանցյանի հետ համագործակցած նախկին քաղաքական գործիչը իր սենսացիոն բացահայտումներով հայկական իրականությունը ցնցելու կամ, ինչպես ինքն է ասում, «տրաքացնելու» համար, իհարկե դժվար է ասել։ Բայց հստակ է, որ Ուրիխանյանի համագործակցությունն Արա Աբրահամյանի հետ չստացվեց այն բանի պատճառով, որ Ուրիխանյանը մասնակցել էր Փաշինյանի՝ ընդդիմության հետ հանդիպումներին՝ առանց Արա Աբրահամյանից ստացած «դաբրոյի»։

Մնում է սպասել քրեական գործով զարգացումներին, գուցե այդ ժամանակ խոստացված ինտրիգային հարցերից գոնե մի քանիսի պատասխաններն Ուրիխանյանը տա։