Երևան +9°
copy image url
Միտք Արտաքին 1 տարի առաջ - 20:41 15-11-2022

Ինչու է Պուտինը հեռու մնում G20-ի գագաթնաժողովից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի հաջորդ շաբաթ Բալիում կայանալիք 20 երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ Այս մասին հինգշաբթի օրը CNN-ին հայտնել են Ինդոնեզիայում Ռուսաստանի դեսպանատնից:

Պուտինին կներկայացնի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը․ ասել է դեսպանատան արարողակարգի ղեկավար Յուլիա Տոմսկայան։

Ամերիկյան Bloomberg լրատվականի փոխանցմամբ՝ G20-ի առաջիկա գագաթաժողովում, միջազգային նշանակության հարցեր քննարկելիս, երկրներն առաջին անգամ կբաժանվեն խմբերի։ Դա նշանակում է, որ բոլոր մասնակիցները համատեղ կքննարկեն հարցերը, իսկ Ռուսաստանը առանձին կհայտնի իր որոշման մասին։

Հիշեցնենք, որ վերջերս ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ևս հաստատել էր, որ Բալիում կայանալիք G20-ի գագաթնաժողովում Ռուսաստանը ներկայացնելու է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իսկ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Ինդոնեզիա։

Թեև պաշտոնական Մոսկվան հայտնել էր, որ Պուտինի՝ գագաթնաժողովին չմասնակցելը պայմանավորված է նախագահի ժամանակացույցով, ինչը ստիպում է ՌԴ նախագահին մնալ երկրում, բայց աշխարհաքաղաքական զարգացումներն ու փորձագետները այլ տեսակետներ են առաջ քաշում։

Վերջին անգամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկուսացված դրության մեջ էր հայտնվել G20-ի գագաթնաժողովում 2014 թվականին՝ Ղրիմը գրավելուց անմիջապես հետո, երբ նա ստիպված էր վաղ հեռանալ։

Իսկ արդեն ութ տարի անց՝ փետրվարին Ուկրաինայում լայնածավալ հարձակում սկսելուց և Արևմուտքին միջուկային զենքով սպառնալուց հետո, 70-ամյա ռուս առաջնորդը նախընտրեց ընդհանրապես բաց թողնել այս շաբաթվա G20-ի հանդիպումը արևադարձային Բալի կղզում:

The Japan times-ի փոխանցմամբ՝ քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Կալաչևն ասում է, որ Պուտինի՝ Բալի մեկնելուց հրաժարվելը արտացոլում է Ուկրաինայի հարցում «փակուղու զգացում»:



«Նա ասելու ոչինչ չունի», - ասել է Կալաչևը։ «Նա Ուկրաինայի վերաբերյալ որևէ առաջարկ չունի, որը կարող է բավարարել երկու կողմերին»:

Կրեմլից հայտնել են, որ Պուտինը նույնիսկ տեսաուղերձով ելույթ չի ունենալու գագաթնաժողովին։

Կրեմլը թեև պնդում է, որ Ռուսաստանը հեռու է մեկուսացված լինելուց, սակայն ռուս քաղաքական վերլուծաբան Տատյանա Ստանովայան նշել է, որ Պուտինը դաշնակիցներ է փնտրում Աֆրիկայում, Ասիայում և Մերձավոր Արևելքում։ Պուտինը ձգտում է խորացնել կապերը այն երկրների հետ, որոնք ավանդաբար լավ կապեր ունեն Մոսկվայի հետ, կամ նրանց հետ, որոնք նաև դեմ են համաշխարհային գործերում Միացյալ Նահանգների գերակայությանը:



«Նա փորձում է կառուցել հակաարևմտյան կոալիցիա», - ասել է Ստանովայան։ Սեպտեմբերին ռուսական բանակը ստիպված էր հետ քաշվել Խարկովի հյուսիսարևելյան շրջանից, իսկ ուրբաթ օրը Ռուսաստանը հայտարարեց, որ իր ուժերը դուրս է բերում ռազմավարական հարավային նավահանգստային Խերսոն քաղաքից, որը Կրեմլի նվաստացման նոր նշան է։

Այսպիսով՝ ռազմական նման անհաջողությունները, որ ունեցել է ռուսական բանակը Ուկրաինայում, պատճառներից մեկն է Պուտինի՝ գագաթնաժողովին չմասնակցելու համար։ Բացի դա՝ Պուտինը մեղադրել է Արևմուտքին պատժամիջոցների կիրառման համար։ Թեև երկու աշխարհաքաղաքական կողմերի միջև հարաբերությունները լարված են, բայց փորձագետների համոզմամբ՝ Ռուսաստանը այլևս համաշխարհային օրակարգի մաս չէ, և նրա անունը չի կապվում երրորդ համաշխարհային պատերազմի թեմայի հետ։