Երևան +14°
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 21:35 15-11-2022

Սա մեր ամենամեծ մարտահրավերն է, և մենք սխալվելու իրավունք չունենք․ միջազգայնագետ

Իրանն Ադրբեջանին երեկ հանձնեց այս շաբաթ արդեն երկրորդ բողոքի նոտան․ այն Իրանում Ադրբեջանի մի քանի քաղաքացիների «հանցավոր» գործունեության հետ էր կապված՝ նշել էին Իրանում՝ հավելելով, որ Ադրբեջանի դեսպանին ներկայացվել են մեղադրանքը հաստատող փաստեր։

Նույն օրը՝ նոյեմբերի 14-ին, Ադրբեջանում հինգ մարդ ձերբակալվեց՝ որպես Իրանին տեղեկատվություն փոխանցող․ Ադրբեջանը հայտարարեց, թե բացահայտել է «լրտեսական ցանց»։

Հիշեցնենք, որ նախորդ բողոքի նոտան Իրանի արտաքին գործերի նախարարությունը հղել էր Ադրբեջանին նոյեմբերի 11-ին՝ Ադրբեջանում պաշտոնյաների և լրատվամիջոցների կողմից Իրանի դեմ իրականացվող քարոզչական արշավի համար։ Իրանի ԱԳՆ-ն խստորեն բողոքել էր ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների «ոչ բարեկամական արտահայտությունների» և այդ երկրի լրատվամիջոցների հակաիրանական արշավի կապակցությամբ, կոչ արել անհապաղ դադարեցնել նման գործողությունները։

Իրան-Ադրբեջան հարաբերություններին էր անդրադարձել ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Նեդ Փրայսը․ «Իրանը սպառնալիք է տարածաշրջանի համար: Մենք կշարունակենք կանգնել մեր գործընկերների կողքին, աջակցել նրանց և, ի վերջո, դիմակայել այն ապակայունացնող ազդեցությանը, որը ներկայացնում է Իրանը և՛ իր տարածաշրջանում, և՛ գուցե դրանից դուրս», - ասել էր Փրայսը:

Իրան-Ադրբեջան սրվող արտահայտությունների համատեքստում փորձագետները հիշեցնում են, որ Ադրբեջանը Արցախից՝ երկու տարի առաջ բռնությամբ զավթած տարածքներում արդեն երեք օդանավակայան է կառուցել։ Քաղաքացիական երթևեկի առումով դա անիմաստ ծախս է, իսկ եթե խնդրին նայում ենք ռազմագիտական տեսանկյունից, ապա այս օդանավակայանները կարող են լրջագույն դեր խաղալ ընդդեմ Իրանի ռազմագործողությունների ժամանակ։

Տարածաշրջանում, կարծես, զարգացումները բավական արագ են տեղի ունենում, ի՞նչ ուղղությամբ են ընթանում դրանք, և ո՞րը կլինի մեր տեղն այդ գործընթացում։ Oragir.News-ի այս հարցերին ի պատասխան միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը նշեց, որ դրա համար նախևառաջ անհրաժեշտ է կատարել մեր շահերի հաշվառում և դրանց համադրում հավանական դաշնակիցների շահերի հետ։

«Սկսենք նրանից, որ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարեց, որ Իրանը շատ մոտ է միջուկային զենք ունենալուն։ Խոսքը ոչ թե ամիսների, այլ՝ շաբաթների մասին էր։ Դա լրջագույն անհանգստացնող գործոն էր ոչ միայն ԱՄն-ի, այլև՝ ԱՄՆ-ի տարածաշրջանային գործընկերների- դաշնակիցների համար՝ բնականաբար, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, նաև Թուրքիայի համար։

Երկրորդը պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանը օգտագործվելու է՝ որպես գործիք Իրանի դեմ գործողություններ իրականացնելու համար՝ մասնավորապես, Իրանին պատերազմի մեջ ներքաշելու կամ ռազմական ինչ-որ բախումների մեջ ներքաշելու տեսանկյունից, որը լեգիտիմ հիմք կտա Իրանի ախոյաններին ռազմական գործողություններ իրականացնել Իրանի շահերի դեմ՝ գուցե նաև Իրանի սահմաններից դուրս։ Եվ իրականում, Իրանին զսպելու միակ մեխանիզմը, կարծես, հենց դա է մնում։ Սա է տարածաշրջանային պատկերը՝ բավականին վտանգավոր, պայթյունավտանգ իրավիճակ է, որը պետք է ճիշտ գնահատել, ճիշտ հասկանալ դրա պատճառներն ու հետևանքները»,- նշեց Սուրեն Սարգսյանը։

Բողոքի նոտաներն, ըստ նրա, չափանիշ չեն, դրանք միշտ էլ կարող են լինել դիվանագիտական աշխատանքում։ «Բողոքի նոտաների վրա կենտրոնանալ պետք չէ։ Կարևոր են այն հայտարարությունները, որ արվում են թե՛ Իրանի կողմից, թե՛ Ադրբեջանի և թե՛ Թուրքիայի։ Բոլոր խնդիրների բացահայտումն այս հայտարարությունների մեջ է։ Նոտաները ցույց են տալիս պետությունների դիրքորոշումներն ու դիրքավորումները, բայց դրանք չեն ամենակարևոր գործոնները։ Ավելի կարևոր են հայտարարությունները, և բնականաբար դրանցից ավելի կարևոր են գործողությունները»,- ասաց միջազգայնագետը։

Հարցերին, որ եթե ակնհայտ է, որ Ադրբեջանը դաշնակցում է ԱՄՆ-ի, Իսրայելի հետ, մե՞նք որ դիրքում պիտի լինենք, ովքե՞ր կարող են լինել մեր դաշնակիցները՝ Սարգսյանը պատասխանեց, որ դաշնակցային հարաբերությունները կառուցելիս Հայաստանը պիտի առաջնորդվի բացառապես իր շահերով։ «Մեզ համար, կարծում եմ, անվտանգային խնդիրներն ամենակարևորն են։ Թե ինչ կլինի մեզ հետ տարածաշրջանային գերտերությունների բախման արդյունքում, որի մեջ անխուսափելիորեն կներքաշվեն համաշխարհային գերտերությունները, սա արդեն պիտի հասկանանք ու ճիշտ գնահատենք։ Սա մեր ամենամեծ մարտահրավերն է, քանի որ մենք սխալվելու իրավունք չունենք։ Ցանկացած սխալ քայլ, գործողություն բերելու է Հայաստանի համար վճռորոշ և ճակատագրական բացասական հետևանքների»,- ասաց նա։

Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը նախևառաջ պետք է գույքագրի իր շահերը, համադրի դրանք այլ պետությունների շահերի հետ և հաշվի առնի դաշնակից ընտրելիս։ «Տարածաշրջանային գերտերություններն իրենց տարածքներում չեն բախվելու, բախվելու են Սիրիայի սցենարով․ այս ամենը պետք է վերլուծել ու հասկանալ՝ Հայաստանն ապագայի ինչ տեսլական ունի, որպեսզի կարողանանք ունենալ, գլոբալ առումով, ապագա»։

Այսինքն, նման վերլուծություններ դեռ չկա՞ն․ հարցին ի պատասխան՝ Սուրեն Սարգսյանը նշեց․ «Ես վստահ չեմ՝ իշխանությունները նման վերլուծություններ արել են, թե՝ չէ, բայց Իրանի հետ պասիվ աշխատանքը նշանակում է, որ այդ վերլուծությունը չի արվել, Ռուսաստանի հետ պասիվ աշխատանքը նշանակում է, որ այդ վերլուծությունը չի արվել։ Եվ ընդհանրապես, արտաքին քաղաքականության մեջ չհաշվարկված և անհեռատես քայլերը կամ մեկքայլանի օպերացիաները բերելու են բացառապես բացասական հետևանքների»։

Կարմեն Մարտիրոսյան