copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:18 11-11-2022

Օրենքի բեմադրական ձևակերպումը շատ վատն է, ինչու պետք է Արթուր Գևորգյանը և իր կինը լրատվամիջոցներից տեղեկանան իրենց գործից․ փաստաբան

Արթուր Գևորգյանը և իր ընտանիքի անդամները Հայաստանում չեն։ Մենք դեռ նյութերին էլ ծանոթ չենք։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գևորգյանի փաստաբան Հրանտ Անանյանը՝ անդադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսային՝ Արթուր Գևորգյանին ու դստերը՝ Աննա Գասպարյանին Դատախազություն հրավիրելուն և ծանուցմանը, ըստ որի՝ Արթուր Գևորգյանին պատկանող գույքը ենթակա է բռնագանձման։

Փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալներին հրավիրվել են Դատախազություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշումներ։

«Օրենքի բեմադրական ձևակերպումը շատ վատն է, ինչո՞ւ պետք է Արթուր Գևորգյանը և իր կինը կամ ցանկացած այլ անձ լրատվամիջոցներից տեղեկանան իրենց վերաբերյալ սկսված ուսումնասիրության և դրանց ամփոփ տվյալների վերաբերյալ։ Իրենք որևէ ծանուցագիր չեն ստացել»։

Հարցին, թե հատկապես որ գույքի վրա են կայանք դնելու, նա պատասխանեց, որ տեղյակ չեն․ «Ասում են՝ նոյեմբերի 14-ին եկեք՝ ծանոթացեք։ Իմ պրակտիկայում եղել են անգամ դեպքեր, երբ ասել են՝ մեկ շաբաթից եկեք, ծանոթացեք, գրել եմ իրանց, ասել եմ՝ ինչի մեկ շաբաթից, հենց հիմա եմ ուզում գալ՝ ծանոթանալ, ասել են՝ չէ, մեկ շաբաթից պետք է գաս։

Հիմա հայտնի էլ չէ, թե հատկապես որ գույքի վրա է կալանք դրվելու, բացարձակ տեղյակ չենք։ Բայց ենթադրում եմ, որ իրենք այնպես են հաշվարկներն անում, որ ամբողջ գույքի վրա էլ պետք է դրված լինի»։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում ձեռք բերված գույքին՝ Անանյանն ասաց, որ օրենքը նախատեսում է միջազգային համագործակցություն։ «ԱՄՆ-ն կկատարի դա, թե՝ ոչ, չգիտեմ, սակայն օրենքն այստեղ էլ խնդրահարույց, քանի որ գույքը կարող է բռնագանձվել ոչ թե հօգուտ ՀՀ-ի, այլ ԱՄՆ-ի։ Օրենքը գրելուց երկար չեն էլ մտածել, թե ինչ են անում»։

Անանյանն ընդգծեց, որ մտահոգություններ ունի «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի հետ կապված։ Ասում է՝ այնպես են ձևակերպել, որ իրենք ուսումնասիրում են գաղտնի, հետո կալանք են դնում գույքերի վրա, հետո տվյալը զետեղում են «Ազդարարում», լրատվամիջոցները տարածում են տեղեկատվությունը, ապա անձն իր վերաբերյալ տեղեկատվությունը ստանում է լրատվամիջոցներից։

«Դրանից հետո միայն իրենք ծանուցում են ուղարկում, ասում են՝ քո վերաբերյալ ուսումնասիրություն ենք սկսել , եթե ուզում ես՝ արի, ծանոթացի։ Այսինքն՝ մարդուն ուսումնասիրում են, հետո խայտառակում են, պիտակավորում են՝ առանց էդ մարդու հիմանվորումները լսելու, հետո նոր ծանուցում են։ Ստացվում է, որ օրենքը գրելուց այնպես են գրել, որ նպատակ են ունեցել ավելի շատ բեմադրական էֆեկտ լինի հարցի մեջ, հետո թե ինչ կլինի, կարևոր չի։

Խնդրահարույց է նաև «մեզ հայտնի օրինական եկամուտով այսինչի ձեռքբերումը չի հիմանվորվում» եզրույթը, որ կիրառվում է։ Սա նշանակում է, որ իրենց հայտնի չի աղբյուրը, բայց անձը կարող է հետագայում հիմնավորել, մինչդեռ մարդուն արդեն խայտառակել են՝ իր մասին լրատվություն տարածելով։ Այսինքն՝ քննություն է արվում՝ առանց անձի փաստարկները լսելու, գնահատելու։ Միգուցե այս օրենքը լավ նպատակ է հետապնդում առաջին հայացքից, բայց ես՝ որպես իրավաբան, բազում խնդիրներ եմ տեսնում, որը կարող է շատ իրավիճակներում շատ անարդար հետևանքների հանգեցնել»։

Սրանով մարդու վրա հետադարձով ապացուցման բեռ են դնում, ասում են՝ 5 կամ 25 տարի առաջ ունեցած գույքը կամ գումարը հիմնավորի, թե, օրինակ, 1991 թ-ին 200 հազար դրամով որևէ հողակտոր ես ձեռք բերել, որը հետագայում թանկացել ու դարձել է մի քանի միլիոն արժողությամբ գույք, ասում են՝ ֆինանսատնտեսական փաստաթղթերով ապացուցի, թե դու մի քանի միլիոն դրամով ոնց հարստացար, մարդը պարզաբանում է, թե ոնց է ձեռք բերել, ասում են՝ չէ, ֆինանսատնտեսական փաստաթուղթ պետք է բերես, թե 200 հազար դրամը որտեղից, պարզ է, չէ՞, որ օրինակ՝ 1991-95 թ-ի ֆինանսատնտեսական փաստաթուղթ բերել ուղղակի անհնար է, կարող է պարզապես ընտանեկան ժառանգություն հանդիսացող, օրինակ, ոսկին վաճառած լինել, դրա ֆինանսատնտեսական փաստաթուղթը ո՞նց պետք է ներկայացնի։

Կամ օրինակ, եթե մարդը իր աշխատանքին զուգահեռ տաքսի է քշել գիշերները ու խնայողություններ է ձևավորել, ինչպե՞ս է ֆինանսատնտեսական փաստաթղթով հիմնավորելու, որ տաքսի է քշել գիշերները կամ որ որևէ զարդ է վաճառել:

Իհարկե, կարելի է հայտնի անուններ հնչեցնելով փորձել արդարացնել այս օրենքի գոյությունը, այդ անունների շուրջ զանգվածների զգայունություն ունենանալու հաշվին, բայց որպես իրավաբան՝ օրենքի կարգավորումները այն տեսքով, որ առկա են, ես աբսուրդ եմ համարում»։

Նա նաև ընդգծեց, որ որքան չկարգավորված, թերի կարգավորված կամ երկիմաստ կարգավորված հարցեր կան օրենքում, իսկ դրանք առկա են, այս պահին բոլորը ի վնաս մասնավոր անձի է մեկնաբանվում։

«Արթուր Գևորգյանի հետ կապված գործը ակնհայտ կարճման ենթակա է, բայց երկար ժամանակ չի կարճվել, արհեստական պահվում է։ Մենք հիմնավորել ենք, որ խնդրո առարկա տունը ձեռք է բերել պաշտոնաթողությունից հետո։ Այն գրվել է ոչ թե մինչև 2019 թ-ի հունվարի 14-ը, այլ դրանից հետո՝ 2019թ-ի մարտի 6-ին։ Բայց մինչ օրս անիմաստ ձգձգվում է գործի կարճումը։

Օրենքի բացերից մեկն այն է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի վարույթները սկսում են, երբ անձը մի շարք հոդվածներով ներգրավված է լինում որպես մեղադրյալ։ Ստացվում է, որ անձը կարող է ներգրավվել որպես մեղադրյալ, ու հետո գործը կարճվի՝ արդարացնող հիմքով, բայց օրենքը չի անդրադառնում, որ եթե գործը կարճվեց կամ արդարացման դատավճիռ եղավ, ապա ապօրինի գույքի բռնագանձման օրենքով ուսումնասիրության վերանայում նույնպես լինի, դա չի նախատեսվում։ Ստացվում է՝ ցանկացածի նկատմամբ կարող են գործ հարուցել, հետո ասել, թե սխալվեցինք ու կարճել գործը, բայց իր նկատմամբ, բայց արդեն միջանկյալ հնարավորություն է եղել՝ ուսումնասիրություն սկսելու։ Ես կարծում եմ, որ եթե գործը կարճվում է, ապա դրա իրավական հետևանքը նույնպես պետք է վերացվի, այսինքն՝ ուսումնասիրությունը նույնպես պետք է դադարեցվի, որովհետև, ցանկացած անձի նկատմամբ կարող են հանգիստ որևէ սխալ հիմքով գործ հարուցել, ուսումնասիրություն սկսել, գործը կարճել, բայց ուսումնասիրության ընթացքն այլևս հնարավոր չէ կանգնեցնել։

Արդյունքում, մարդը ստիպված է ամբողջ ընտանիքի ֆինանասատնտեսական շարժը հիմնավորվել, ընդ որում՝ ոչ թե 1 կամ 2 տարվա կտրվածքով, այլ կարող են 25-30-40 տարի առաջ գնալ, իսկ դա անհնար է։ Միջին վիճակագրական քաղաքացուն, որ թափ տաս, տանը ոնց էլ լինի՝ մոտ 500 հազար դրամի ոսկի կունենա, իսկ հիմա ասում են՝ դե ապացուցի, թե քեզ որտեղից, քննչական մարմնի համապատասխան վարչությունն այս մեթոդով է աշխատում»։

Ամենից շատ դիտված