Երևան +10°
Ներքին 1 տարի առաջ - 12:37 10-11-2022

Ալիևը ոչ միայն սպառնում, այլև արդեն նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն․ Նիկոլ Փաշինյան

2 օր առաջ, 2022 թվականի նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի անվտանգության և կայունության համար։

Այս մասին ՀՀ Կառավարության հերթական նիստի մեկնարկին հայտարարության ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ՝ նոյեմբերի 8-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի կապակցությամբ Արցախի Հանրապետության՝ Բաքվի կողմից օկուպացված Շուշի քաղաք կատարած այցի շրջանակներում հայտարարել էր, թե Հայաստանում «ռևանշիստական ուժերը գլուխ են բարձրացնում»՝ չհաշտվելով պատերազմի արդյունքի հետ։

Նա նաև մեղադրել էր Հայաստանին՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունների դրույթները չկատարելու մեջ։ Կոչ էր արել չմոռանալ 44-օրյա պատերազմի դասերը՝ սպառնալով, թե կրակի հետ խաղալը կարող է թանկ արժենալ։

Ի պատասխան Ալիևի այդ ստահոդ ու սպառնալից հայտարարություններին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստին բարձրաձայնեց Ադրբեջանի ղեկավարի կողմից անցած երկու տարիներին իրականացրած ոչ կառուցողական քաղաքականությանը՝ հայտարարելով, որ այս անգամ էլ Ալիևն այդպիսի հայտարարություններ արել է Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման և հավանական խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հենց հաջորդ օրը, երբ կողմերի պատվիրակությունները դեռ չէին էլ հասցրել վերադառնալ իրենց մայրաքաղաքներ։

Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանի նախագահն այս հայտարարություններով խախտում է ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ գրավոր արձանագրված ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու պամանավորվածությունները, այլև 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում հրապարակված հայտարարությքան կետերը։

Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանը լիարժեքորեն կատարում է իր պարտավորությունները, և Ադրբեջանն է, որ չի ցանկանում օգտվել ընձեռված հնարավորությունից, ինչն, իր խոսքով, բացարձակապես անհասկանալի է։

Այս ֆոնին նա կրկին հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին թույլ տալ Հայաստանի ճանապարհներով կապ հաստատել Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ՝ երկու երկրների միջև սահմանին հսկիչ անցագրային կետերի ստեղծման միջոցով։

«Եթե Ադրբեջանն իսկապես խաղաղություն է ուզում ու տրամադրված է խաղաղության, եկեք, ուրեմն, բացենք այդ հսկիչ անցագրային կետեը, եկեք մարդկանց համար հնարավորություն ստեղծենք, պարզ է՝ նրանք սկզբից կտատանվեն, կմտածեն, բայց երբ համոզվեն մտադրությունների անկեղծության մեջ, թե Հայաստանի, թե Ադրբեջանի քաղաքացիները միանշանակորեն կսկսեն օգտվել տեղաշարժի այս նոր հնարավորությունից»,- ասաց նա։

Փաշինյանը նաև հայտարարեց, որ այս հարցով պատրաստվում են նաև նոր առաջարկ ներկայացնել Ադրբեջանին։ Նաև հայտարարեց, որ Հայաստանը որևէ հայտարարությամբ ճանապարհների կառուցման պարտավորություն չի ստանձնել։

Փաշինյանն անդրադարձավ նաև Արցախի տարածքում տեղակայված ռուս խաղաղապահներին, Բերձորի միջանցքի և Ալիևի կողմից հերթական անգամ կոպտագույն խախտմամբ բարձրացված, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարություններին։

Հայտարարեց․ «Ալիևը ոչ միայն սպառնում, այլև արդեն նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն»։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում։

Ձեզ գուցե հետաքրքրի