Արտաքին 3 տարի առաջ - 18:36 08-11-2022

Ալիևը հայտնել է, որ Հայաստանում ռևանշիստական ուժերը գլուխ են բարձրացնում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի կապակցությամբ Արցախի Հանրապետության՝ Բաքվի կողմից օկուպացված Շուշի քաղաք կատարած այցելության շրջանակներում զինվորականության առջև իր ունեցած ելույթում հայտարարել է, որ Հայաստանում «ռևանշիստական ուժերը գլուխ են բարձրացնում»։ Ինչպես փոխանցում է Ադրբեջանի նախագահականը, Ալիևն ասել է, որ Հայաստանում ի հայտ են գալիս ուժեր և շրջանակներ, որոնք չեն ցանկանում հաշտվել պատերազմի արդյունքների հետ։

Ալիևը մեղադրել է Հայաստանին՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթները չկատարելու մեջ։ Վերջինս հայտնել է, որ «Հայաստանն ամբողջովին դուրս չի բերել իր զինված ուժերը Ղարաբաղից», ինչպես նաև չի տրամադրել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Նա նշել է, որ ներկայումս Ադրբեջանի զինված ուժերն ավելի հզոր են, քան երկու տարի առաջ, և բոլորը՝ այդ թվում նաև Հայաստանը պետք է դա իմանան։

Ալիևը Հայաստանին կոչ է արել չմոռանալ 44-օրյա պատերզմի դասերը՝ նշելով, որ կրակի հետ խաղալը թանկ կարժենա։ Նրա խոսքով՝ եթե Հայաստանում ինչ-որ մեկը, լինի դա իշխանությունը, ընդդիմությունը և դրսից ուղարկված որևէ մեկը, իրենց դեմ վատ մտադրություն ունենա, ապա կրկին կտեսնի Ադրբեջանի երկաթե բռունցքը։

Ադրբեջանի ղեկավարն անդրադարձել է նաև սեպտեմբերի 13-14-ի դեպքերին՝ հույս հայտնելով, որ դրանք դաս կլինեն Հայաստանի համար։ Նա հայտարարել է, որ Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսական խաղաղապահ ուժերը։ «Ի՞նչ են անում հայկական զինված ուժերը Ղարաբաղում։ Մեր համբերությունն անսպառ չէ, և ես ուզում եմ ևս մեկ անգամ զգուշացնել, որ եթե այդ պարտավորությունը չկատարվի, Ադրբեջանը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր»,- ասել է նա։

Անդրադառնալով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի գործարկմանը՝ Ալիևը նշել է, որ դա Հայաստանի ստանձնած պարտավորությունն է։ Նա հայտնել է, որ Բաքուն երկու տարի շարունակ ձեռք չի տալիս Լաչինի ճանապարհով Հայաստանից Ղարաբաղ և հակառակ ուղղություններով գնացող մեքենաներին, քանի որ այդպիսի պարտավորություն է հանձնել։

«Հայաստանը պարտավորվել է նաև ճանապարհային կապ ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Երկու տարի է անցել, ոչ տեխնիկատնտեսական հիմնավորում կա, ոչ շարժ, ոչ երկաթգիծ, ոչ ճանապարհ։ Որքա՞ն պետք է սպասենք»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ սեպտեմբերի 13-ից 14-ը դեպքերը հենց այնպես տեղի չեն ունեցել՝ Հայաստանին մեղադրելով հերթական սադրանքն իրականացնելու մեջ։ Նա նշել է, որ Ադրբեջանի պատասխանը շատ արդյունավետ է եղել։ «Մեր պատասխանը կարող էր մի փոքր ավելի քիչ լինել, եթե նրանք կատարեին իրենց պարտավորությունները: Մեր պատասխանը կարող էր ավելի կոշտ լինել, եթե մենք ցանկանայինք նոր պատերազմ։ Մենք դա չենք ուզում, արյունահեղություն չենք ուզում։ Մենք ուղղակի ուզում ենք մեր իրավունքները»,- նշել է նա։

Ալիևը ուշադրություն է հրավիրել այն բանին, որ սեպտեմբերյան գործողություններից հետո Ադրբեջանի զինված ուժերը տեղակայվել են հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ առանցքային ռազմավարական բարձունքներում։ Նա Հայաստանին կոչ է արել հասկանալ, թե դա ինչ է նշանակում։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանը նոր գրաված ռազմավարական բարձունքներից կարող է դիտարկել Գորիս, Կապան և Ջերմուկ քաղաքները։

Ադրբեջանի ղեկավարը նշել է նաև, որ իրենք ներկայումս փոքր Սևան լճի ափին են և իրենց առջև է նաև Սևանա լիճը։ «Այս իրողությունները մենք ստեղծել ենք հայրենական պատերազմից հետո։ Ինչո՞ւ։ Նախ՝ ի պատասխան Հայաստանի ռազմական սադրանքների, մյուս կողմից՝ ապագա ռազմական սադրանքներից ապահովագրվելու համար։ Որովհետև իմ նշած բարձունքներից երեւում են Հայաստանի դիրքերի մեծ մասը, և եթե այնտեղ ուժերի կենտրոնացում լինի, մենք դա կտեսնենք և անհապաղ քայլեր կձեռնարկենք։ Միաժամանակ, քանի որ Հայաստանը չի կատարում իր միջազգային պարտավորությունները»,- նշել է նա։

Ալիևը միևնույն ժամանակ նշել է, որ եթե Հայաստանը ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել, ապա նախևառաջ պետք է կատարի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները։ « Հայաստանը պետք է անկեղծ լինի Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում. Նա չպետք է արհեստականորեն երկարացնի ժամանակը, չպետք է սպասի ինչ-որ հրաշքի, որ ինչ-որ մեկը կգա ու կկռվի նրանց փոխարեն։ Նրանց փոխարեն ոչ ոք չի գա ու կռվի, եթե անգամ գան ու կռվեն, միևնույն է, իրենց դիմաց կտեսնեն ադրբեջանական բանակը»,- ասել է նա։

Ադրբեջանի առաջնորդը նաև հավելել է, որ Բաքուն խաղաղություն է ուզում՝ սակայն արդար խաղաղություն։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի առաջ քաշած պայմաններն արդար են՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, և այդ պայմանների հիման վրա պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիրը։ «Եթե ​​Հայաստանը բարի կամք դրսևորի, կստորագրվի, եթե ոչ՝ չի ստորագրվի։ Թե ինչ կլինի դրանից հետո, ցույց կտա կյանքը»,- եզրափակել է նա ։







Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի