Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:06 09-11-2022

Մեր դիրքերը հիմա ավելի թույլ են, քան անգամ կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրելու պահին․ Կարեն Վրթանեսյան

«Կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից երկու տարի անց կարելի է ասել, որ մեր դիրքերը շատ ավելի թույլ են, քան նույնիսկ այդ կապիտուլյացիոն եռակողմ հայտարարությունը ստորագրելու պահին»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ Նա վերահաստատեց դեռևս 1 տարի առաջ արած պնդումը, որ պատերազմն ու պարտությունները դեռևս չեն դադարել։

«Եթե հիշում եք, 2020 թվականի նոյեմբերի 10-ից իշխանությունների քարոզչությունն այսպիսին էր, որ չնայած ծանր կորուստներ են, չնայած ստիպված ենք ստորագրել այսպիսի վատ թաստաթուղթ, բայց գոնե այլևս կհաստատվի խաղաղություն։ Մենք դեռ 2020 թվականին տեսանք, որ ոչ մի խաղաղություն չկա։ Մենք տեսանք, որ Ադրբեջանը խախտում է այդ եռակողմ հայտարարության դրույթները․ գերիները չվերադարձվեցին, ադրբեջանական զորքը չկանգնեց այն դիրքում, որում գտնվում էր։ Խոսքը ԼՂԻՄ տարածքների մասին է։ Այդ Խծաբերդի դեպքերը, եթե հիշում եք, շարունակվեցին հայերի սպանությունները, գերեվարությունները։ 62 գերի միայն Խծաբերդի այդ դեպքով եղավ»,- ասաց նա։

Ըստ Վրթանեսյանի՝ արդեն հայտարարության ստորագրումից հետո արձանագրվեցին նաև հայտարարության մեջ չներառված գործողություններ ու իրադարձություններ։

«Արդեն Հայաստանի ղեկավարի՝ իր իսկ խոսքերով՝ «բանավոր ըմբռնմամբ», նա հանձնեց Սյունիքի անվտանգությունն ապահովող բոլոր բարձունքները, ինչպես նաև Իրանը Հայաստանին կապող Գորիս-Կապան մեր հիմնական ճանապարհը։ Ըստ էության՝ Հայաստանը զրկվեց Իրանի Հանրապետության հետ հուսալի կապից։ Մենք տեսանք, որ 2021 թվականի ապրիլի վերջից մայիսի 12-ը թշնամին ներխուժեց արդեն ՀՀ տարածք։ Ներխուժեց Սյունիքում, ներխուժեց Գեղարքունիքում։ Բոլոր այն տեղերից, որտեղից հայերը նահանջել էին, կրկնում եմ, եռակողմ հայտարարության մեջ դրա մասին որևէ բառ չկար, հակառակորդը փաստացի արդեն ներխուժեց Հայաստանի Հանրապետության տարածք, ընդ որում՝ առանց դիմադրության։ Առանց մեկ կրակոցի ներխուժեց մեր տարածք և ամրացավ այնտեղ՝ օգտվելով այն բանից, որ Հայաստանի իշխանությունները հայտարարեն, որ չեն պատրաստվում կռվել այդ հողի համար։ Հենց մեկը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինչ-որ ամայի սարի համար չեն պատրաստվում կռվել»,- հիշեց փորձագետը։

Սա, ըստ ռազմական փորձագետի, Հայաստանը կանգնեցրեց ռազմավարական լուրջ դիրքեր կորցնելու խնդրի առաջ։

«Դրանից հետո եղան 2021 թվականի նոյեմբերի 16-ի իրադարձությունները, երբ Իշխանասարը․․․ կան այնքան առաջ, որ կարող էին հրետակոծել Սյունիքի հետ կապող հիմնական ճանապարհը։ Այսինքն՝ ևս մեկ կետ ավելացավ, որ կարող է կապը խզել Իրանի հետ և ընդհանրապես Սյունիքի հետ։ Եվ արդեն Ջերմուկի իրադարձությունների ժամանակ տեսանք, որ նույն այդ ճանապարհը հրետակոծվել էր։ Նաև վնասվել էին էլեկտրահողորդակցման ուղիները։ Միջպետական պայմանագրով, որ մենք Իրանին գազի դիմաց հոսանք ենք տալիս։ Այդ հոսանքի մատակարարումը դադարեցվել էր։ Ընդ որում, ադրբեջանցիները կրակում էին ու չէին թողում դա վերականգնել»,- ասաց նա։

Փորձագետը հիշում է նաև այս ժամանահատվածում Հայաստանի իշխանությունների գործողությունների մասին նաև Արցախում։

«Արցախից, Հայաստանի իշխանությունները դուրս բերեցին զորքի մնացորդները, որ այնտեղ կային՝ լրիվ թուլացնելով ՊԲ-ն, ինչն էլ միանգամից բերեց Ադրբեջանի կողմից հարված Արցախի դեմ։ Եվ էլի խախտելով նոյեմբերի 9-ի դրույթները՝ առաջ եկան Քարագլուխ բարձունքում, նաև արևելքից առաջ եկան, բարձունքներ վերցրին վերահսկողության տակ։ Ըստ էության՝ մեզ ստիպեցին հրաժարվել Բերձորով անցնող ճանապարհից և այլն»,- ասաց նա։

Այս առումով՝ նա վկայակոչեց Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունները՝ Հայաստանի բոոր ռազմավարական բարձունքները զբաղեցնելու մասին։

«Ընդ որում, այդ բարձունքների զգալի մասը հենց ՀՀ տարածքի խորքում են։ Ջերմուկի կենտրոնից 4․5 կմ հեռավորության վրա են ընդամենը։ Այդ նույնն է, ինչ Երևանի կենտրոնից մինչև Երևանյան լիճ։ Մոտավորապես այդքան տարածք է»,- ասաց Կարեն Վրթանեսյանը։