Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:29 07-11-2022

Սպասում էինք արցախյան հանրահավաքի շարունակություն, բայց ստացվեց հերթական ընդդիմադիր հավաք․ քաղաքագետ

«Տպավորություն էր, թե Երևանի հանրահավաքը լինելու էր արցախյան հանրահավաքի շարունակությունը, բայց, ցավոք սրտի, այն դարձավ հերթական ընդդիմադիր հավաքներից մեկը»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը։ Նրա խոսքով՝ Երևանում չկարողացան կենտրոնացնել օրեր առաջ Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում առկա էներգիան ու խոսքը։

«Ստեփանակերտում ինչով էր հիշարժան, հանրահավաքում, կարծեք թե, արտահայտվում էր ամբողջ Արցախի կարծիքը, և այն կարծես համախմբում և միավորում էր արցախյան ամբողջ «էսթաբլիշմենթը»՝ ընդհանուր նպատակի շուրջ։ Իսկ Երևանում տեղի ունեցավ այն, որ հերթական անգամ ընդգծվեց, որ չկա միասնականություն, չկա միակամություն, և հանրահավաքն, ըստ էության, արտահայտեց ոչ թե արցախյան օրակարգը, այլ աստիճանաբար վերածվեց հակաիշխանական ցույցի կամ միտինգի։ Ասել է թե՝ վերածվեց հերթական միտինգի»,- ասաց նա։

Քաղաքագետի խոսքով՝ այս անգամ ինքն ակնկալել է, որ հանրահավաքն իսկապես կարող է տարբերվել մինչև այս Երևանում տեղի ունեցած մյուս հավաքներից՝ և՛ բովանդակային, և՛ քաղաքական խոսույթի տեսանկյունից։ Այս առումով՝ առանձնացրեց միան Անդրանիկ Թևանյանի կողմից առաջ քաշած մեկ թեզը։

«Կարծեմ պրն․ Թևանյանը (Անդրանիկ Թևանյան՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր – խմբ․) թեզեր հնչեցրեց։ Այնտեղ ընդամենը մեկ թեզի կարելի է անդրադառնալ և փորձել հասկանալ՝ որտեղ էր տարբերությունը՝ իշխանության և ընդդիմության ասելիքի կամ թեզերի միջև։ Ասում է՝ բանակցողը պետք է փոխվի, հետո շարունակում է՝ նոր բանակցողը չի կարող ավելի զիջողական լինել, քան ներկա իշխանությունները»,- մեջբերեց նա։

Ըստ քաղաքագետի՝ այս թեզը բերում է ընդդիմության ու իշխանության օրակարգերի, եթե ոչ տեսանելի, ապա խորքային մերձեցման։

«Այսինքն՝ այն զիջումները, որոնք կարող են ավելին լինել, ընդունելի չեն, և նոր բանակցողը դրանք չպիտի ընդունի։ Իսկ այն զիջումները, որոնք արել են այսօրվա իշխանությունները, ընդունելի են»,- տեսակետ հայտնեց նա։

Քաղաքագետն այս թեզերը դիտարկեց երկու տեսանկյունից․ «Նրանք կարող են անկեղծ չլինել այն իմաստով, որ, օրինակ, իրենց պատկերացրած թեկնածուին, հատկապես ադրբեջանական իշխանությունների և արտաքին աշխարհի կողմից չթիրախավորելու համար, բերեն այն թեզը, որ մենք համաձայն ենք։ Բայց հիշեցնեմ, որ սա ռետրոակտիվ էֆեկտ է ունենալու հասարակության վրա (retro - հետադարձ, հետ և activus - գործուն, երբ նոր նյութի յուրացումը դժվարացնում է նախկինում սերտածի վերարտադրությունը- խմբ․)։ Այսինքն՝ հասարակությունն արդեն մարսելու է այն բոլոր զիջումները, որոնք արդեն իսկ տեղի են ունեցել։ Եվ հաջորդը՝ եթե անկեղծ է։ Այսինքն՝ եթե խորքային վերլուծության արդյունքում են հանգում նրան, որ ամեն դեպքում՝ այն բոլոր զիջումները, որոնք տեղի են ունեցել, էդպես էլ պետք է լինեին։ Եվ ավելի նպաստավոր հնարավոր չէր, բայց պետք էր գոնե ավելի շատ զիջումներ չանել»,- ասաց նա։

Քաղաքագետը տեսակետ հայտնեց, որ ստացվում է, որ մինչև այս՝ ընդդիմության բոլոր թեզերն ու մեղադրանքները, որոնք հնչեցվում էին իշխանությունների հասցեին, պարզապես տապալվում են։

«Ես, իհարկե, այդ կարծիքին չեմ։ Կարծում եմ, որ իշխանություններն արժանի են քննադատության՝ և՛ այդ զիջումների համար, և՛ հավանական կամ ենթադրելի ցանկացած այլ զիջման համար։ Բայց դա նշանակում է, որ մեր խորհրդարանական ընդդիմությունը և այդ պահին ամբիոնում գտնվող ընդդիմությունն այնքան էլ այդպես չի կարծում, և կարծում է, որ մինչև այդ եղած բոլոր զիջումները կարելի է մարսել, և դրանք նորմալ են։ Հիշեցնեմ, որ այդ ենթադրելի զիջումների շարքում են նաև ՀՀ սուվերեն տարածքի բռնազավթումը թշնամի Ադրբեջանի կողմից, այդ թվում՝ նաև սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողությունների արդյունքում 50-ից ավելի դիրքերի անցմամբ թշնամական վերահսկողության ներքո»,- ասաց փորձագետը։

Ձեզ գուցե հետաքրքրի