Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:27 07-11-2022

Անկեղծ ասած, հոգնել եմ, չեմ հետևում, չեմ ուզում մեկնաբանել․ Գաբրիելյանը՝ հանրահավաքի մասին


Նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ ընդդիմության կազմակերպած հանրահավաքը։ Հարթակից ներկայացվեցին թեզեր, որոնցից կարելի է առանձնացնել առավել առարկայականները․

Ա․ Պետք է փոխվի Հայաստանի անունից բանակցողը․ «Պարտության դեմքը պետք է փոխվի»։

Բ․ Նոր բանակցողը պետք է չլինի ավելի նիկոլ՝ ավելի զիջող, բայցև, պետք է տղայական կեղծ առավելապաշտությամբ չգնա արկածախնդրության։

Գ․ Հայ-ադրբեջանական բանակցությունների ձևաչափը պետք է լինի Երևան-Մոսկվա-Բաքու եռանկյունում․ «Աշխարհաքաղաքական կենտրոնների մրցակցությունից շահում է միայն Ադրբեջանը»։

Դ․ Խաղաղության ու լարվածության թուլացման համար պետք է բացվեն տրանսպորտային բոլոր տեսակի կոմունիկացիաները՝ բացառելով միջանցքային տրամաբանությունը: Սահմանների դելիմիտացիան պետք է իրականացվի սովետական քարտեզներով:

Ե․ Խաղաղության ու լարվածության թուլացման համար պետք է բացվեն կոմունիկացիաները՝ բացառելով միջանցքային տրամաբանությունը․ «Դա պիտի արվի Ռուսաստանի միջնորդությամբ»։

Կողք թողնելով հին ու բարի հեքիաթները՝ «նոր բանակցողի պարագայում պետք է բացառվի հին բարքերի կրկնությունը կամ այսօրվա այլասերված բարքերը», «Մեզ պետք է ոչ միայն ուժեղ ու անվտանգ, այլ նաև արդար Հայաստան կերտել, որտեղ իրենց լիարժեք տեր կզգան բոլոր մեր քաղաքացիները», «Այս շարժումը պարտավոր է ընդունել օբյեկտիվ քննադատությունն ու դասեր քաղել սեփական սխալներից», «Հայաստանը պետք է ժամանակ ու շունչ քաշելու հնարավորություն ստանա» (Ադրբեջանն էլ հենց պատրաստվում էր խոստանալ, որ այդ հնարավորությունը տալու է), կամ այսպիսի որակումները՝ «Սա մեզ համար միջազգային մասշտաբի խայտառակություն է», կենտրոնանանք հանրահավաքի ասելիքի վրա։

Ըստ էության, հարթակի բանախոսները նշում են, որ հարկ է իշխանափոխություն, քանի որ պետք է փոխվի բանակցողի դեմքը։ Ե՞վ։ Ի՞նչ է փոխվելու դրանից հետո։ Ոչինչ․ դիրքորոշումներում՝ ոչինչ։ Ասում են՝ նոր բանակցողը պիտի հավասարակշռված քաղաքականություն վարի՝ հիմնականում ավելի ռուսամետ (բայց դա այն է, ինչ կա այսօր), պիտի բացվեն տրանսպորտային ուղիները, բայց միջանցքի անուն չունենան, թեպետ դրանցով երթևեկելու են թուրքերն ու ադրբեջանցիները, իրենց տարատեսակ բեռներով հանդերձ, և դրանք հսկելու են ռուսները (դա ևս այն է, ինչ ասում են իշխանավորները)։ Այսինքն՝ ոչ մի էական փոփոխություն դեմքի փոփոխությունից բացի կրկին չեն խոստանում։ Եվ ամենաէականը․ դելիմիտացիան պետք է իրականացվի սովետական քարտեզներով։

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ ընդդիմադիրներից և իշխանությունից․ ընդդիմությունից խոստացան ավելի ուշ պատասխանել մեր զանգերին, սակայն չպատասխանեցին մեր զանգերին ոչ իրենց նշած ժամին, ոչ էլ դրանից հետո։ Իսկ իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ նույնական արտահայտություններից հոգնել է ու չի նախատեսում մեկնաբանել․ «Ես հոգնել եմ երեք-չորս տարի նույն ձայնագրությունը լսելուց։ Այսքանը։ Ես իրենց չեմ հետևել, ցանկություն չունեմ, չեմ ուզում մեկնաբանել իրենց հանրահավաքը, և այնտեղ հնչած թեզերը»։

Այն դիտարկմանը, որ ամեն դեպքում ընդդիմությունը ներկայացնում է ՀՀ քաղաքացիների որոշակի շերտի կարծիքը, ովքեր դուրս են եկել փողոց և իշխանությանը պահանջ են ներկայացնում՝ Սիսակ Գաբրիելյանն արձագանքեց․ «Անկեղծ ասած, հոգնել եմ․ ինձ համար տարբերություն չկա 2020 թվականի միտինգի արտահայտությունների ու (չգիտեմ՝ երբ էր իրենց հանրահավաքը) այս հանրահավաքի միջև, կա՞ մի տարբերություն»։ Ըստ Գաբրիելյանի՝ քաղաքական այս գործընթացը չմեկնաբանելու ցանկությունն էլ դիրքորոշում է։

Փաստորեն, ՀՀ քաղաքացուն այսօր էական այլընտրանք չի առաջարկվում․ կա միայն այն, ինչ արդեն կա՝ Փաշինյանի հետ կամ առանց նրա։

Չէ, հաստատ, մեզ նոր քաղաքական ուժեր են պետք։

Կարմեն Մարտիրոսյան