Երկրում դրական փոփոխությունները գրեթե միշտ սկսվում են փոքր քայլերից, բայց մեծ մղումներով ու նպատակներով։ Արդեն տևական ժամանակ է՝ դրա վառ օրինակ են ծառայում մեր կողքին ապրող ամենասովորական երիտասարդները։ Ասում են՝ եթե յուրաքանչյուրս տարեկան թեկուզ մի քանի տասնյակ ծառ տնկենք, ապա որոշ ժամանակ անց մեր երկրի անտառապատ տարածքների մեծացման երազանքն ավելի մոտ կթվա։ Ըստ նրանց, դրա համար շատ բան պետք չէ․ ընդամենը որևէ բան փոխելու ցանկություն ու մի փոքր ժամանակ։

«Անտառապատումը միշտ ենք կատարել։ Հիմա էլ ATP-ի հետ եկել ենք Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնք։ Էստեղ մոտ 60 հա տարածք ենք վերցրել։ Այստեղ դեռևս գարնանն արդեն 21 հազ․ ծառ ենք տնկել։ Համայնքից 15-20 տարի ժամանակով վարձակալություն է կատարվում։ Ցանկապատվում է, ծառերը տնկվում են։ Երբ որ տնկիները մեծանում ու ծառ են դառնում, ցանկապատը հավաքում ենք ու անտառը նվիրաբերվում է համայնքին»,- ասաց նախաձեռնության հեղինակ Խաչիկ Մարկոսյանը։

Տեղանքը հատուկ է ընտրված։ Խաչիկ Մարկոսյանի խոսքով՝ Լեռնանիստում, տարվա անգամ այս ժամանակահատվածում եղանակը համեմատաբար բարեխառն է, իսկ ցրտահարություններ ավելի քիչ են լինում։ Ասում է՝ այս տարածքում տնկիների «կպնելու» հավանականությունն ավելի մեծ է։

«Ծառատնկման աշխատանքների համար նաև վճարում ենք։ Նպատակն է, որ համայնքի բնակիչները գան ու մասնակցեն ծառատունկին, նաև գումար վաստակեն։ Օրինակ՝ այլ տեղերում համայնքի բնակիչները գալիս ու մասնակցում էին ծառատունկին, բայց այս բնակավայրից միացող չի եղել։ Հիմա նորից պետք է դիմենք, ասենք։ Հուսանք գոնե մի 10 հոգի կմիանա ու ավելի արագ կավարտենք ծառատունկը»,- ասաց նա։

Այդ բացը լրացնելու համար ծառատունկն իրականացնող նախաձեռնությանն է միացել նաև Նարինեն։ Նա այսպիսի նախաձեռնությունների նախկինում էլ մասնակցել է։ Իսկ այս ծառատունկի նախորդ օրը մի քանի այլ երիտասարդների հետ Երևանի փողոցներից մեկը մաքրել է կուտակված ու ամեն օր ավելացող աղբից։ Ասում է՝ այնտեղից մի քանի պարկ աղբ են հավաքել։ Լեռնանիստում էլ մի քանի ժամում ավելի քան 30 ծառ տնկեց։
«Իմ ընկերներից մեկը՝ Կարինեն զանգահարեց ու ասաց, որ գնում է ծառատունկի, կցանկանա՝ ես էլ միանամ։ Գիտի, որ շատ եմ սիրում ծառ տնկել։ Այսօր շատ կարևոր է այդ գործն անել մեր երկրի ու մեր ապագա սերունդների համար։ Նաև դու ես քեզ լավ զգում՝ երբ նայում ես արած գործիդ արդյունքին։ Սա շատ մեծ ջանք չի պահանջում, շատ մեծ ներդրումներ պետք չեն, բայց դրա արժեքը պարզապես անփոխարինելու աննկարագրելի է»,- ասաց Նարինե Փիլոյանը։

Ավելի վաղ՝ անցած ամիսներին, երիտասարդները տասնյակ հազարավոր ծառեր են տնկել նաև հանրապետության այլ՝ Տավուշի, Շիրակի ու Լոռու մարզերի մի շարք բնակավայրերում։
«Այս ամբողջ ընթացքում ավելի քան 600 հա ծառ ենք տնկել։ Ամեն մի տարածքը 50-60 հա-ով ծառատնկումն իրականացնում ենք»,- պատմեց Խաչիկ Մարկոսյանը։

Իր խոսքով՝ ծառատունկը դեռևս չի դադարել։ Այն իրականացվում է ամեն օր։ Տնկվում են հիմնականում վայրի միջավայրում մեծացող անտառային ծառատեսակներ՝ կաղին, սոճի, տանձ, խնձոր, կեչի և այլն։ Նախաձեռնության անդամները նպատակ են դրել այս աշնան ընթացքում ամբողջ տարվա տնկված ծառերի քանակը հասցնել 100 հազ․-ի։
«Դե, ինչքան եղանակը թույլ տա՝ ծառատունկը կանենք։ Մեզ այժմ առաջնահերթ մարդ է անհրաժեշտ։ Ինչքան շատ մարդ միանա՝ այնքան լավ կլինի, այնքան շատ ծառ կտնկենք»,-ասաց Խաչիկ Մարկոսյանը։

Այս առումով Նարինեն շարունակեց Խաչիկի խոսքը․ իր հնարավորությունների չափով պատրաստ է մաս կազմել այս կարևոր ու արժեքավոր գործին։
«Մեզ կենդանիներ ու բնություն է պետք։ Մենք գալիս են, օգտվում ենք այս բնությունից։ Որպեսզի վաղն էլ մեր երեխաները կարողանան օգտվել՝ այսօր մենք պետք է վերադարձնենք բնությանն այն, ինչ վերցրել ենք այդ նույն բնությունից»,- ասաց նա։

Նախաձեռնության բոլոր անդամները միասին միջինում օրական մինչև 2000 ծառ են տնկում։ Խաչիկ Մարկոսյաը վստահեցրեց, որ մեծաթիվ մարդկանց միանալու դեպքում այդ թիվը կարելի է նաև կրկնապատկել ու եռապատկել։