Երևան +14°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:15 05-11-2022

Մանե Թանդիլյանն այցելել է Ալավերդի և հանդիպել համայնքի խնդիրներով մտահոգված քաղաքացիների հետ

Այսօր Ալավերդու՝ Հրանտ Մաթևոսյանի անվան քաղաքային գրադարանում հյուրընկալվել էր «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, ալավերդցի Մանե Թանդիլյանը։ Հանդիպմանը ներկա էին համայնքի խնդիրներով մտահոգված քաղաքացիները՝ հասարակական և մշակութային դեմքեր, ուսուցիչներ, երիտասարդներ։

Մանե Թանդիլյանը նշեց, որ հանդիպումից անմիջապես առաջ շրջել է քաղաքում, ծանոթացել առկա խնդիրներին, և քանի որ «Ապրելու երկիր» կուսակցությունը մեծ թվով ձայներ է ստացել վերջին ՏԻՄ ընտրություններում, ուստի հանձնառու է տարբեր ծրագրեր իրականացնել Ալավերդի քաղաքում։

Թանդիլյանը նշեց, որ հանդիպումից առաջ իրենց թիմի մի քանի անդամներով լվացել և թարմացրել են քաղաքի ամենահին շինություններից մեկը, որ Ալավերդու գործարանին կից գտնվող կառույցներից է և ավերված վիճակում է՝ կորած ցեխի և կեղտի մեջ, այնինչ մաքրելուց հետո պարզ դարձավ, որ այն բավականին հետաքրքիր շինություն է՝ զարդարված տարբեր բարձրաքանդակներով, և մասնագետների գնահատմամբ՝ բավականին երկար տարիների պատմություն ունի։

Մանե Թանդիլյանը շեշտեց, որ չնչին ծախսերով կարելի է նոր շունչ տալ քաղաքին։ Առաջիկայում նախատեսում են Դեբեդ գետի ափին՝ ժայռի վրա, Թումանյանի՝ խճանկարով կառուցված մեծ պատկերը և հայտնի Քարե կամուրջը լուսավորել, ինչը ավելի մեծ գրավչություն կհաղորդի քաղաքին։

«Մենք ենք քաղաքի տերը և եթե մենք տիրություն չենք անում, այն կորցնում է իր աուրան։ Քաղաքը մեղավոր չէ, որ այս վիճակում է։ Մեր անձնական շահերը և հետաքրքրությունները համայնքի շահից բարձր լինել չեն կարող»,- իր խոսքում ասաց Թանդիլյանը։

Քաղաքին նոր շունչ տալու վերաբերյալ քննարկում ծավալվեց, հնչեցին տարաբնույթ կարծիքներ։ Մանե Թանդիլյանն ասաց, որ առաջիկայում Ալավերդիում կուսակցությունը գրասենյակ կբացի, որի շնորհիվ կուսակցության և քաղաքացիների միջև համագործակցությունն ավելի առարկայական կդառնա։

Հանդիպման երկրորդ մասում Մանե Թանդիլյանը կուսակցության անունից գրքեր նվիրեց քաղաքային գրադարանին, առաջ քաշեց գրադարանի վերանորոգման և արդիականացման հարցը՝ նշելով, որ սա ևս իրենց օրակարգում է։ Այնուհետև հատվածներ ընթերցեց ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանի «Արբանէ» գրքից՝ անդրադառնալով հայ ժողովրդի առաքելությանը և մեր ժողովրդի առաջ ծառացած այժմեական խնդիրներին։

«Անկախությունը ամենաթողություն չէ, դա պատասխանատվություն է։ Մենք խառնել ենք ամենաթողությունը անկախության հետ, հայհոյանքը՝ կարծիքի»,- նշեց նա։