Մշակույթ Ներքին 3 տարի առաջ - 09:37 29-10-2022

Կլոդ Արմեն Մութաֆյանը Մատենադարանում ներկայացրել է իր հեղինակած «Երուսաղեմը և հայերը» գիրքը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հոկտեմբերի 28-ին մասնակցել է անվանի հայագետ, պատմաբան Կլոդ Արմեն Մութաֆյանի «Երուսաղեմը և հայերը» գրքի շնորհանդեսին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում (Մատենադարան) տեղի ունեցած միջոցառմանը ԿԳՄՍ նախարարը կատարած աշխատանքի համար առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Կլոդ Արմեն Մութաֆյանին, նաև շնորհավորել ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:

«Պարո՛ն Արմեն Մութաֆյան, թեև մաթեմատիկան Ձեր առաջին մասնագիտությունն է, այնուամենայնիվ հսկայական է Ձեր ներդրումը Ֆրանսիայում հայագիտության զարգացման, ինչպես նաև հայոց պատմության ու մշակույթի հանրահռչակման գործում: Հատկապես մեծ է Ձեր ավանդը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում: Ձեր ջանքերով է նաև, որ Հայոց ցեղասպանությունն օրենսդրորեն դատապարտող առաջին պետությունը դարձավ Ֆրանսիան»,- փաստել է Վահրամ Դումանյանը:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ Կլոդ Արմեն Մութաֆյանը, թեև իր գործունեությունը շարունակել է Ֆրանսիայում, երբեք չի դադարել հայ լինելուց և միշտ հավատարիմ է մնացել իր արմատներին ու հավաքական հիշողությանը, և պատահական չէ, որ նա ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ է, Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր, Մատենադարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի երկարամյա բարեկամ:

Ըստ աղբյուրի՝ Վահրամ Դումանյանը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Կլոդ Արմեն Մութաֆյանի վաստակը հայ մշակույթի պահպանման, հայագիտության զարգացման ու հանրահռչակման գործում, և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2022 թվականի հոկտեմբերի 21-ի հրամանագրով Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետու­թյան գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Կլոդ Արմեն Մութաֆյանը պարգևատրվում է «Մովսես Խորենացի» մեդալով:

Նշվում է, որ Կլոդ Արմեն Մութաֆյանը շնորհակալություն է հայտնել պարգևի համար և ներկաներին պատմել «Երուսաղեմը և հայերը» գրքի ստեղծման գաղափարի մասին: Այն նվիրված է հայկական Երուսաղեմին. «Գրքում ներկայացված են 5-րդ դարից սկսած Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում և Սուրբ քաղաքում պահվող հայկական նշխարները, Երուսաղեմի տարբեր եկեղեցիներում պահպանվող հայատառ խճանկարները, Կիլիկիայի թագավորների արժեքավոր գավազաններ, պատրիարքարանում պահվող և Սալահ ադ-Դինին վերագրվող արտոնագիրը»։

Հեղինակի խոսքով՝ գրքի կարևորագույն արժանիքներից մեկը հայ ձեռագրական մշակույթի գոհարների բացահայտումն է։ Այն ունի ուսուցողական և ճանաչողական բացառիկ նշանակություն։ Կլոդ Արմեն Մութաֆյանը նաև նշել է, որ պատկերագիրքը հրատարակել է միջազգային ճանաչում ունեցող «Belle Lettre» հրատարակչատունը։

«Երուսաղեմը և հայերը» գրքի շնորհանդեսին ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին