Երևան +14°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:51 27-10-2022

Ինչու էր Լյուսի Քոչարյանը #բռնության_ձայնով ցնցում հասարակական տրամադրությունները․ պատմություներից որևէ մեկով քրգործ չի հարուցվել

2019 թ-ին լրագրող Լյուսի Քոչարյանը պատմեց բռնության ենթարկված մի չեխ աղջկա պատմություն։ Պատմությունը լայն արձագանք գտավ, լրագրողը վստահեցնում էր՝ այս պատմությունից հետո ավելի քան 200 սեռական բռնության ենթարկված կանայք իր հետ կիսվում էին իրենց պատմություններով, որոնք Քոչարյանը հրապարկում էր #բռնության_ձայնը հեշթեգով:

Այդ պատմությունները բուռն քննարկման առիթ դարձան, շատերը պատմությունները անհավանական համարեցին, մյուսները՝ վիրավորված էին հայ տղամարդուն հրեշի կերպարով ներկայացնելու համար։ Համրաձակ պատմությունները ներկայացնելու համար հայ լրագրողուհին դարձավ ԱՄՆ Պետդեպարտամենտի Women of Courage (Կանանց՝ խիզախության համար) մրցանակի դափնեկիր:

Oragir.News-ն օրերս հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն, թե արդյոք հրապարակված դեպքերի առնչությամբ ոստիկանությունում հարուցվել են քրեական գործեր։

Ոստիկանությունից մեզ պատասխանել էին, որ 2019 թ-ի սեպտեմբերին լրագրող Լյուսի Քոչարյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված պատմությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստվել են նյութեր։ Նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել՝ ՀՀ քրեական դատավարության նախկին օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, որի օրինականությունը ստուգվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից։

Նշենք, որ վերոհիշյալ հոդվածը ենթադրում է, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե բացակայում է հանցագործության դեպքը, կամ արարքի մեջ հանցակազմ չկա։

Փաստաբան Մարինե Ֆարմանյանն ընդգծեց՝ քրեական հետապնդման համար պետք էր ունենալ հստակ դեպք, փաստեր և հանցակազմին համապատասխան բոլոր տարրերը։

«Ինչ վերաբերումէ հանցակազմի բացակայությանը, ապա նախ պետք է պարզել այդ դեպքերն, առհասարակ, իրականությանը համապատասխանո՞ւմ էին, թե՞ ոչ։ Եթե չեն համապատասխանում, ապա պետք է հասկանալ, թե ինչ նպատակ էր հետապնդում այդ պրոպագանդան, հասարակական ինչ ալիքներ, ինչ տրամադրություն ձևավորելու նպատակ էր հետապնդում»։

Փաստաբանն ընդգծեց, որ տեղեկատվությունը չափազանց քիչ է, որպեսզի հնարավոր լինի իրավական, գնահատողական դատողություններ անել։

«Ըստ երևույթին՝ լրագրողին կանչել ու բացատրություն են վերցրել, թե որտեղից իրեն այդ պատմությունները։ Գնահատականներ տալու համար, պետք է հասկանալ նաև, թե ինչ պատասխան է նա տվել վարույթն իրականացնող մարմնին այն հարցի առնչությամբ, թե որտեղից այդ պատմությունները։ Ասել է՝ հորինել եմ, գիրք եմ գրել, եթե, այո՛, կան նման դեպքեր, մարդիկ, բայց նրանց ինքնությունը չի բացահայտել։ Կամ էլ մատնանշել է անձանց, ասել է՝ գնացեք, փրկեք։ Հետո էլ այդ այդ անձանց են կանչել, նրանք ասել են, որ բողոքներ չունենք։ Այսինքն՝ մեզ ոստիկանության պատասխանից այնքան էլ պարզ չէ, թե ինչ է իրականում պարզվել հետաքննության ընքացքում։ Բացառված չէ նաև, որ լրագրողը ստեղծագործել է, գիրք է գրել՝ հասարակության էմոցիաները ցնցելու համար, եթե այդպես է, ապա նրան պատասխանատվության հնարավոր չէ կանչել»։

Փաստաբանը նաև նշեց, որ եթե մատնանշել է մարդկանց, ապա ոստիկանությունը գնացել, տեսել է, որ կա՛մ դեպքը չկա, կա՛մ էլ այնքան էլ հանցագործություն չի։ Ի դեպ, եթե կինը հայտարարում է, որ իր նկատմամբ բռնություն չի կիրառվել, դա դեռ հիմք չէ, որ հետապնդում չիրականացվի, քանի որ ընտանեկան բռնությունների դեպքերով ոստիկանությունը բավական ինտենսիվ հետամուտ է եղել։ Բայց ըստ ամենայնի՝ պարզել են, որ հանցակազմ չկա»։

Ինչ վերաբրում է Քոչարյանին ապատեղեկատվություն տարածելու համար պատասպանատվության կանչելուն, ապա, փաստաբանի պարզաբանմամբ՝ սա մասնավոր իրավահարաբերություն է։

«Եթե այդ կանանցից որևէ մեկը չի դիմել Քոչարյանին զրպարտելու կան վիրավորանքի համար պատասխանատվության կանչելու համար, ապա որևէ այլ միջոց չկա դրա համար։ Այսինքն՝ պետությունը չի կարող անձի շահերը պաշտպանելու համար մտնել քաղաքացիական դատարան, քանի որ քաղաքացիական իրավունքը մասնավոր իրավունք է»։