copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:50 27-10-2022

Քաղաքի լուսավորությունն ու տոնածառը չի կարելի միմյանց հետ խառնել, որովհետև տոնածառը խորհուրդ է կրում. Իզաբելլա Աբգարյան

«Այգ գրառումը, ինքնին, բավականին կոմունիկացիոն սխալներ է պարունակում, որովհետև նախևառաջ նշված չէ, թե երբ, որովհետև հոկտեմբերի վերջում, երբ տեղադրում ես նման գրառում, դա կարող է նշանակել հենց հոկտեմբերի վերջին, նոյեմբերին, այսինքն՝ ժամկետ չեն նշել»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ Իզաբելա Աբգարյանը՝ խոսելով Երևանի քաղաքապետարանի երեկվա տարածած հայտարարությունից, որում ասվում էր, որ այս տարի քաղաքում տոնածառը կտեղադրվի նախատեսվածից շուտ։

Հիշեցնենք՝ երեկ քաղաքապետարանից տեղեկացրին, որ հաշվի առնելով այս տարի Երևանի քաղաքապետարանի կողմից մեծամասշտաբ ամանորյա լուսավորության նախագծի իրականացումը և այն, որ Երևանում անցկացվելու է 2022 թվականի Մանկական Եվրատեսիլը, ու մեր քաղաքը բազմաթիվ հյուրեր է ընդունելու՝ Ամանորին ընդառաջ կենտրոնական տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ։

Խոսելով Եվրատեսիլի՝ Երևանում անցկացվելու և կենտրոնական տոնածառի տեղադրման կապից՝ Աբգարյանն ասաց. «Դա կապել հենց Եվրատեսիլի հետ և հայտարարել, որ մենք տոնածառը տեղադրում ենք, որովհետև հյուրեր են լինելու։ Դա սխալ է, որովհետև տոնածառն հոգևոր նշանակություն ունի, և կապված է Սուրբ Ծննդյան տոնի հետ, որը ի դեպ, Հայաստանում նշվում է հունվարին և ոչ կաթոլիկ երկրների նման դեկտեմբերի վերջին, այսինքն, եթե նույնիսկ պետք է տեղադրեին, մեկ շաբաթ շուտ կարող էին տեղադրել, առանց նման հայտարարություն անելու։ Ես գտնում եմ, որ քաղաքի լուսավորությունն ու տոնածառը չի կարելի միմյանց հետ խառնել, որովհետև տոնածառը խորհուրդ է կրում, այլ ոչ թե լուսավորության, գեղեցկության ատրիբուտ է, դա մի կողմից էլ վերաբերմունք է բուն եղևնու իմաստին։ Պատահական չէ, որ նույն Եվրոպայում վերջին տարիներին անընդհատ թեժ բանավեճներ են գնում, և ասում էին՝ տոնածառ չտեղադրեն, որպեսզի չվիրավորեն այլ հավատք ունեցողների հոգևոր զգացմունքները։ Այսինքն՝ կարևորությունը բուն տոնածառի չի կարելի նսեմացնել՝ ասելով, թե մենք լույսերի համար ենք անում, որ հյուրերը տեսնեն տոնածառը»։

Հարցին, թե որքանով է նպատակահարմար տոնածառի տեղադրումը այն դեպքում, երբ տասնյակ զինծառայողների մարմիններ դեռ հողին չեն հանձնել, Աբգարյանն ասաց. «Անկեղծ ասած՝ 2020 թվականից իմ տանը ո՛չ տոնածառ է դրվել, ո՛չ սեղան զարդարվել, որովհետև ես գտնում եմ, որ եթե կան ընտանիքներ, որոնք ողբում են, իհարկե, քո տոնն էլ չի կարող լինել տոն, եթե ես ունենայի փոքր երեխա, ով այդ ամենը չի հասկանում, կարող է՝ ես տեղադրեի մի փոքր բան, որ իմ երեխան ուրախանար, բայց իմ երեխաները չափահաս են և հասկանում են։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ թե՛ Երևանի բալիկները, թե՛ առհասարակ տարբեր մարզից, որ գալիս են տոնածառի մոտ, այդ երեխաները ողբերգությամբ չեն հասկանում, և այդ երեխաներին մանկություն է պետք, տոնածառ է պետք, և շատ վիճելի հարց է այս առումով՝ տեղադրե՞լ, թե՞ չտեղադրել։ Ի վերջո, կարևորը բովանդակությունն է, կարևորը իսկապես այդ ընտանիքներին ուշադիր լինելն է, և տոնածառը չէ մեծ հաշվով որոշում այդ ամենը»։