Երևան +13°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:30 27-10-2022

0.5 տարի՝ ժամկետային, 4.5 տարի՝ պայմանագրային ծառայություն․ ըստ ռազմագետի՝ լավ առաջարկ է


Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է շարքային և սպայական կազմերին պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանված կարգով տալ պայմանագրային զինծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի։

Oragir.News - ի հետ զրույցում մեկնաբանելով այս նախագիծը՝ ռազմական պատմաբան, իրավագետ Մհեր Հակոբյանը նշեց, որ ուղերձը միանշանակ է՝ բանակը համալրելու խնդիր կա, և այս առումով կառավարությունը որոշակի քայլեր է անում։ «Սա ողջունելի քայլ է․ եթե մարդիկ ցանկություն ունեն, թող մեկուկես տարի ծառայության փոխարեն ծառայեն երեք անգամ ավելի ժամանակով, աշխատավարձով և ավելի ազատ պայմաններով (պայմանագրային զինծառայողների համար պայմաններն ավելի ազատ են, քան՝ ժամկետային զինծառայողների)»,- ասաց նա։

Հարցին, թե վեց ամսում զինծառայողները կարո՞ղ են անցնել բավարար պատրաստություն՝ Հակոբյանը պատասխանեց, որ անշուշտ համադրելի չի լինի տարիների կրթության ու փորձառության հետ, սակայն ճիշտ մոտեցման դեպքում մեծ խնդիր չէ։ «Ըստ էության, առաջարկվում է վեց ամիս ծառայելուց հետո շարունակել ծառայությունը՝ որպես պայմանագրային․ հուսով եմ՝ պաշտպանության նախարարությունում նրանց միանգամից չեն դիտարկի համահավասար փորձառու պայմանագրայինների հետ՝ ողջամտորեն գոնե մեկ տարի հատկացնելով ադապտացիոն շրջանին»,- ասաց նա։

Մհեր Հակոբյանը նշեց նաև, որ թեպետ առաջին հայացքից ծառայությունը, թվում է, երեք անգամ ավելի է, սակայն եթե նկատի ունենանք, որ երկու շաբաթ դիրքերում, երկու շաբաթ տանն է լինում մարդը, ապա այդ ժամանակը կրճատվում է կիսով չափ, և, ըստ էության, մարդը ծառայում է գրեթե մեկ տարի ավելի։ «Ինձ թվում է, սա լավ առաջարկ է, և շատերը կընտրեն այս տարբերակը, մանավանդ, որ պայմանագրայինների աշխատավարձը եկող տարի պիտի բարձրանա»,- ասաց նա։

Այսպես, կարծես, փորձ է արվում մաքրել բանակը նվազ պատրաստված զինվորականներից, և եթե այս օրենքը համադրվի ատեստացիա անցկացնելու որոշման հետ, ապա, կարելի՞ է ասել, որ տեսականորեն շուտով մեր բանակում առավել շատ կլինեն պատրաստված զինվորականները․ այս հարցին ի պատասխան՝ Հակոբյանը նշեց․ «Միանշանակ, տեսականորեն դա է նպատակը։ Նաև, 2023 թվականի բյուջեով նախատեսվում է պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացում։ Վստահաբար, եթե Հայաստանի Հանրապետության միջին աշխատավարձից էական բարձր աշխատավարձ առաջարկվի բանակում, ապա կադրերն իրենք կձգվեն այդ կողմ․ արհեստական միջոցառումների կարիք չի լինի»։

Անդրադառնալով դիտարկմանը, որ, թերևս, այս նպատակին է ծառայում նաև զինծառայողների համար նախատեսված ատեստացիան՝ Հակոբյանն ասաց․ «Ես ինքս եղել եմ պետական ծառայող ու բազմաթիվ վերապատրաստումներ-ատեստացիաներ եմ տեսել։ Խնդիրը դրանց որակն է և արդյունավետությունը։ Հնարավոր է ատեստացիան կազմակերպել այնպես, որ ոչ ոք չանցնի՝ ոչ ոքի աշխատավարձը չբարձրանա, կամ էլ ամեն ինչ լինի ձևական՝ բոլորին տրվեն հավասար գնահատականներ: Այսինքն՝ այն իր նպատակին չծառայի։ Այնպես որ շատ կարևոր է ատեստացիա անցկացնողի բարեխղճությունը, քանի որ այն միշտ ունի սուբյեկտիվիզմի տարր։ Եվ այս առումով հարց է՝ արդյո՞ք մենք ունենք այնքան կադրեր, որ այդ ատեստացիան կարողանան որակյալ անցկացնել»։

Ամփոփելով՝ Հակոբյանն ընդգծեց, որ տարիներ շարունակված հետընթացը բանակը բավականին քայքայել է, և հիմա վերականգնման համար անհրաժեշտ է համառ աշխատանք։ «Նոր իշխանությունների օրոք գրեթե հինգ տարի, դրանից առաջ էլ Սերժ Սարգսյանի իշխանության շրջանում սպայական որակի առումով մեր բանակը դանդաղ նահանջ էր ապրում։ Իսկ նման գործընթացներում դա նման է մի բաժակ բարձրորակ գինու, որի մեջ կաթիլ-կաթիլ ջուր է ավելանում, կողքից էլ ըմպում ենք։ Ժամանակի ընթացքում, պատկերացնում եք՝ այդ գինու որակը որքան է ընկնում։ Հիմա պիտի մեր բաժակի մեջ նորից կաթիլ-կաթիլ ավելացնենք գինին, որ ջուրը նորից գինի դառնա»,- ասաց ռազմական պատմաբանը։

Կարմեն Մարտիրոսյան