ԵՄ դիտորդները սկսել են առաքելությունը․ մարզպետարանների հետ աշխատելու ընթացակարգ չկա
copy image url

ԵՄ դիտորդները սկսել են առաքելությունը․ մարզպետարանների հետ աշխատելու ընթացակարգ չկա

Ներքին 2 տարի առաջ - 15:05 21-10-2022

ԵՄ դիտորդական խումբը հայ-ադրբեջանական փաստացի շփման գծում սկսել է իրականացնել իր առաքելությունը․ հայտնի է, որ դիտարկվել են Գեղարքունիքի և Սյունիքի հատվածները։ Ըստ Եվրոպայի Խորհրդի կայքի՝ 40 փորձագետից բաղկացած խումբը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանում է դիտարկման համար։ Առաքելությունը աշխատելու է սահմանի հայկական կողմից․ Ադրբեջանը համաձայնել է համագործակցել այնքանով, որքանով կհամարի, որ առնչվում է խնդրին։

Oragir.News-ը փորձեց Սյունիքի մարզի համայնքապետարանների աշխատակազմերի քարտուղարներից ճշտել՝ ինչպե՛ս են իրականացվել ԵՄ դիտորդական խմբի աշխատանքները, ո՛ր հատվածներում, և արդյոք այդ աշխատանքներում ներգրավված են նաև մեր մարզպետարանների աշխատակիցները։

Կապանի համայնքի հատվածում ԵՄ դիտորդական առաքելության մասին մեր հարցին ի պատասխան՝ Նելլի Շահնազարյանը նշեց, որ չի կարող պատասխանել, քանի որ այդ հարցերով ինքը չի զբաղվում։

Քաջարան գյուղի հարակից շփման գծում դիտորդության մասին մեր հարցերին ի պատասխան Մագաղատ Ավետիսյանը նշեց․ «Ես չեմ տիրապետում այդ տեղեկատվությանը։ Կարծում եմ՝ ոչ։ Համենայն դեպս, եթե նույնիսկ եկել-գնացել են, մեզ չեն տեղեկացրել»։ Հարցին, թե ինչ ընթացակարգով պիտի համագործակցեն, ինչ դեր ունեն այդ դիտարկումներում, Ավետիսյանը պատասխանեց, որ այդ առումով որևէ հստակ ընթացակարգ, պայմանավորություններ չկան։
Գորիսի հատվածում առաքելության մասին հարցերին Լուսինե Ղուկասյանը չկամեցավ պատասխանել․ «Ես ընդամենը աշխատակազմի հարցերով եմ զբաղվում։ Դրսի հարցերի մասին չեմ կարող պատասխանել»։ Նա ասաց, որ չգիտի՝ այդ հատվածում դիտարկում եղել է, թե ոչ։

Տաթևում ևս դիտորդների մասին մեր հարցերը մնացին անպատասխան։ Մարի Թևոսյանն ասաց, որ դեռ հստակեցված չէ նրանց հետ աշխատանքի ընթացակարգը՝ խնդրելով այս թեմայով բոլոր հարցերն ուղարկել գրավոր։

Սիսիանի հատվածում դիտորդների առաքելության մասին հարցերին ի պատասխան Աննա Կարապետյանը նշեց․ «Ես չեմ կարող այդ մասով ձեզ ինֆորմացիա հաղորդել»։ Հարցին, թե գուցե կա հրահանգ՝ լրագրողների հետ այդ մասին չխոսել՝ Կարապետյանը հերքեց․ «Բացարձակ, ես ուղղակի այդ ինֆորմացիային չեմ տիրապետում»։ Հարցին՝ տեղյա՞կ են, թե ինչպես է արվելու ԵՄ դիտորդական առաքելությունը, ինչ դեր են ունենալու մարզպետարանի աշխատակիցները՝ նա պատասխանեց․ «Մեզ ոչ շրջաբերական է եկել, ոչ ցուցումներ ենք ստացել։ Դեռ հայտնի չէ»։

Նշենք նաև, որ ըստ ԵԽ կայքի՝ ԵՄ դիտորդները սահմանին տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև` մարդու իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ իրենց դիտարկումները կներկայացնեն եվրոպական կառույցներին ու ծառայություններին․ այդ զեկույցը դատավճռի դեր չի ունենա։

Ռուս խաղաղապահների՝ Հայաստանի անվտանգային հարցերում դրսևորած պասիվության ֆոնին Արևմուտքից ստացվող՝ աջակցության պատրաստակամության մասին հայտարարությունները, ԵՄ դիտորդական խմբի ժամանումը Հայաստան տպավորություն է ստեղծում, որ փոխվում է Հայաստանի անվտանգային վեկտորը կամ նվազագույնը գնում ենք այս առումով դիվերսիֆիկացիայի ուղղությամբ։

Հասկանալու համար՝ որքանով է այդ մոտեցումը հիմնավոր, և գործնականում կարո՞ղ ենք հուսալ, որ, այս ֆորմատը, ինչպես ասում են, գետնի վրա խնդիրներ կլուծի, մենք պիտի գոնե ինչ-որ տվյալներ ունենանք այն մասին, թե ինչ է արվում, ինչպես, ինչ ազդեցություն է ունենալու։ Բայց եթե ողջ ինֆորմացիան փակ է, ապա հարցերն առավել շատանում են։

Կարմեն Մարտիրոսյան