copy image url
Միտք 2 տարի առաջ - 20:07 25-03-2022

Մարզպետարանների պաշտոններով Նիկոլ Փաշինյանը կբավարարի իր «նվիրյալներին»

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները մարտի 23-ի առավոտից հերթական անգամ փակել էին Երեւան–Սևան մայրուղին։ Այս գյուղերը դեմ են համայնքների խոշորացման ծրագրով Սևան խոշորացված համայնքի կազմի մեջ մտնելուն։ Դեկտեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման ընտրություններն էլ բոյկոտել էին՝ չմասնակցելով դրանց։ Մինչ այդ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ում հետ հանդիպում էին պահանջում բնակիչները, դեռ Գեղարքունիքի մարզպետ եղած ժամանակ խոստացել էր որևէ այլընտրանքային, ընդունելի լուծում գտնել։

«Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերը իրավաբանորեն համարվում են խոշորացված Սևան համայնքի կազմում, և որեւէ այլընտրանքային լուծում այս համայնքների մասով առհասարակ չի քննարկվում»,– դժգոհությանն ի պատասխան նախարարության տեսակետը փոխանցել էր նախարարի մամլո խոսնակ Սոնա Հարությունյանը։

Խոստումները մոռացած և գյուղերի բնակիչներին այդպես էլ չհանդիպած Գնել Սանոսյանն էլ ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ «այս ամիսների փորձը ցույց է տալիս, որ այդ խոշոր միավորները արդարացնում են իրենց, և ծովագյուղցիների մտահոգությանը, թե խոշորացման արդյունքում տուժելու է իրենց համայնքը, արդարացվածչէ»։

Մինչդեռ Ծովագյուղը միակ դեպքը չէ։ Դեռ 2018 թ․՝ թավշյա հեղաշրջումից ամիսներ անց, հավատացած, որ գործ ունեն արդարության մարտիկների հետ, Շիրակի մարզի խոշորացված Ախուրյան համայնքի բնակիչները խոշորացման որոշումը չեղարկելու և համայնքներին իրենց նախկին կարգավիճակին վերադարձնելու պահանջով միջպետական ճանապարհ էին փակել: Խոշորացման հետ կապված լուրջ անհանգստություններ կային Լոռու մարզում և այլ տարածաշրջանների համայնքներում։ Այն ժամանակվա տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը մարդկանց «բացատրում» էր, թե «նախկինում սա արվել է շատ վատ ձևով, էական խախտումներով՝ առանց հաշվի առնելու ամենակարևորը՝ հանրության ձայնը»:

Դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո անցել է ավելի քան երեք ամիս, ու պարզվում է, որ իրենք՝ խոշորացման շրջանային տարբերակի կողմնակիցները փորձում են հասկանալ, թե որն էր խոշորացման նպատակը, և «ուր է այն տանում»։ Հարցը նրանում է, որ եթե խոշորացնողները դեռ չեն հասկացել իրենց արածի բուն էությունը, ապա Ծովագյուղի ու Սեմյոնովկայի բնակիչները չեն հասկացել ամենակարևորը․ նրանք ուզում են իրենց տարածքում ինքնակառավարում իրականացնել։ Մինչդեռ այս խոշորացման բուն նպատակը տեղական ինքնակառավարման վերացումն էր։ Թավշյա հեղաշրջումից հետո, համաձայն մասնագետների, հանրապետությունում տեղական ինքնակառավարումը գործնականում վերացվել է։ Այս տարիների ընթացքում տարածքային կառավարմանն ու տեղական ինքնակառավարմանը վերաբերող ոչ մի նոր փաստաթուղթ, ոչ մի ծրագիր, ոչ մի հայեցակարգ չի ընդունվել։ Ոլորտը զարգացնելու նպատակներ չեն սահմանվել և չեն պլանավորվել, համակարգային խնդիրներ չեն քննարկվել: Իսկ մեխանիզմները, որ դրվել են դեկտեմբերի 5-ից հետո, փաստացի վերցված է սովետական ռայկոմական կառավարումից։ Այնպես որ, մամլո խոսնակի արտահայտությունն այն մասին, որ «որևէ այլընտրանքային լուծում չի քննարկվում», բխում է իրավիճակից, և այլ կերպ լինել չէր էլ կարող։

90-ականներին մարզպետարանները ստեղծվեցին որպես կառավարության ներկայացուցիչներ տարածաշրջաններում, որ որոշակի հարցեր լուծելուց հետո պետք է լուծարվեին։ Հիմա մարզերը գործնականում վեր են ածվել երեք-չորս համայնքի, նախկին հարյուր ու ավելիի փոխարեն։ Հետևաբար, ո՞րն է իմաստը 4 համայնքի համար մարզպետարաններ պահելու։ Պարզվում է, որ իմաստ կա։ Մարզպետ, երկու տեղակալ, գլխավոր խորհրդական, գլխավոր քարտուղար, երկու օգնական։ Համայնքապետ, 2 տեղակալ, 4 խորհրդական, մեկ օգնական։ Երկու կառույցներում էլ կամ բացարձակապես նույն անվանումով կամ որոշակի տարբերությամբ մինչև 15 վարչություններ ու բաժիններ՝ մեծաքանակ աշխատակիցներով։ Ընդ որում՝ այդպես 10 մարզպետարաններ ու ավելի քան 50 համայնքներում։ Հավելենք, որ գրեթե բոլոր գյուղերում ավելի ցածր աշխատավարձով տարբեր հաստիքներով պահել են 5-6 աշխատակիցներ։ Կարելի էր մտածել, որ մարզպետարանների պահելը գալիս է Նիկոլի թափթփված, անկազմակերպ կառավարելուց։ Մարզպետարաններում բազմաթիվ պաշտոններ կան, որոնցով Նիկոլը պետք է բավարարի մարզերում իր «նվիրյալներին», աշխատատեղեր, որոցով իր նվիրյալները պետք է բավարարեն իրենց նվիրյալներին և ամենակարևորը, ինչի համար մարզպետարանները շարունակում է իրենց գոյությունը․ սրանք հաշված, կայուն ընտրաքվեներ են, որ կարող են ամեն րոպե պետք գալ։ Հետևաբար 300-400 մլն դոլարի պարգևատրումների կողքին 100-150 մլն դոլար էլ թող գնա սրանց աշխատավարձ։ Դա պետության կայունության համար է, որ պետք է խնայել։ Մինչդեռ Ծովագյուղի ու Սեմյոնովկայի բնակիչները երկրի քաղաքական կուրսը չհասկացողներ են, որոնց պետք է բացատրել ու «դարձի բերել»։ Ինչն էլ հավանաբար կարվի առաջիկայում։,,

Ձեզ գուցե հետաքրքրի