copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:34 19-10-2022

Սիսիան համայնքը շարունակում է մնալ առանց ղեկավար, ավագանու նիստը նորից չի կայացել

Հոկտեմբերի 15-ին Սիսիանի ավագանու արտահերթ նիստում պետք է տեղի ունենար Սիսիանի նորընտիր համայնքապետ Արմեն Հակոբջանյանի երդման արարողությունը, սակայն քվորում չլինելու պատճառով նիստը չի կայացել։ Նիստին 21 անդամից ներկայացել էր 9-ը, ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել էին, որ վայր են դնում մանդատները, ավելի վաղ մանդատներից հրաժարվելու մասին հայտարարել էր նաեւ «Ապրելու երկիր» խմբակցությունը:

Ավագանու հաջորդ նիստը նշանակվել էր Հոկտեմբերի 18-ին, ժամը 11։00-ին։ Oragir.news-ի հետ զրույցում Սիսիանի համայնքապետարանի մամուլի խոսնակ Արմինե Հարությունյանն ասաց, որ նիստը կրկին տեղի չի ունեցել. «Քվորումը չապահովեց ավագանու 21 անդամներից ներկա էին 9-ը»։

Հարցին, թե ինչպես են վարվելու նմայն պայմաններում, Հարությունյանը պատասխանեց. «Բնականաբար համայնքապետարանը կվարվի այնպես, ինչպես օրենքով է, կարգն է։ Եռամսյա ժամկետում նիստը չկայանալու դեպքում արտահերթ ընտրություններ կլինեն»։

Հարցին, թե նման պայմաններում ով է ղեկավարում համայնքը, Հարությունյանը պատասխանեց. «Այս պահին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար անգամ չունենք, չեմ կարող ասել, թե ինչպես կորոշեն այս պահին հավելյալ տեղեկություն չունենք։

Ես օրենքի այդ կետին չեմ տիրապետում, չգիտեմ։ Մենք կարծում ենք, ինչպես, որ կլինի օրենքով այնպես էլ կարվի, այսինքն գուցե երեք ամիս չունենանք համայնքի ղեկավար հետո լինի ավագանու արտահերթ ընտրություններ, եթե օրենքի մեջ կետ լինի, որ վարչապետը պետք է պաշտոնակատար նշանակի այդպես կլինի»։