Հայաստանը վերջին շրջանում առավել արևմտյան ուղղությամբ է գնում, Արցախում անվտանգության երաշխավորն են ռուս խաղաղապահները․ հնարավո՞ր է ժամանակի ընթացքում հայկական երկու պետությունների միջև խորանա այնպիսի անդունդ, ինչպիսին այսօր տեսնում ենք սլավոնական երկու պետությունների միջև․ այս թեմայով Oragir.news-ը զրուցել է ազգագրագետ Խորեն Գրիգորյանի հետ։
«Մենք հիմա ոչ թե մեկ՝ արևմտյան գիծն ենք բռնել, այլ պայքարում ենք Հայաստանի ինքնիշխանության համար, և այդ ճանապարհին ովքեր, որ կարող են մեզ օժանդակել, մեր ընկերներն են լինելու։ Օրինակ, Իրանը ոչ Ռուսաստան է, ոչ՝ Արևմուտք, բայց մեր լավ գործընկերն է, Հնդկաստանը ոչ Արևմուտք է, ոչ՝ Ռուսաստան, բայց մեր լավ գործընկերն է։ Եթե մենք կարողանանք այս պահին Ռուսաստանի հետ այնպիսի փոխշահավետ համագործակցության միջավայր ստեղծել, որ հայկական սահմաններն ամբողջությամբ կապահովի, և դրա հետ մեկտեղ մենք կունենանք իրական անվտանգություն, մենք Ռուսաստանի առաջարկը չենք մերժի, ասենք՝ չէ, գնում ենք դեպի Արևմուտք։ Խնդիրն այն է, թե ինչ առաջարկներ կհնչեն կողմերից։ Չեմ կարծում՝ մենք արևմտամետ ենք դառնում, կամ ռուսամետ։ Մենք ուղղակի փորձում ենք պահպանենք Հայաստանի ինքնիշխանությունը։ Ես որոշակի ուղղություն չեմ տեսնում»,- նշեց նա։
Հարցին, որ շուրջ երեսուն տարի է՝ որոշակի բացասական գավառամիտ վերաբերմունք է Հայաստանից Արցախի և Արցախից Հայաստանի նկատմամբ, կարո՞ղ է դա դառնալ իրականում խնդրահարույց՝ ազգագրագետը պատասխանեց․ «Բոլորս էլ Արցախն ընկալում ենք, որպես մեր մի մասը, որ հիմա շատ վատ վիճակում է գտնվում։ Մենք մեծ աշխատանք ունենք դիվանագիտական հարթակներում, բայց այդ աշխատանքն էլ պիտի միակողմանի չլինի։ Պիտի միասին գործենք․ Արցախի նախագահն օրերս այստեղ էր, և կարծում եմ՝ նրան ողջ ինֆորմացիան տրամադրվում է։ Մենք պիտի միասին գործենք, որովհետև եթե այդպես չեղավ, անջրպետն արդեն իսկ առաջանալու է, և հենց քաղաքակա՛ն դաշտում, և հենց միջազգայի՛ն դիվանագիտության մեջ։ Այո, մենք հնարավոր է խնդիրներ ունենանք մեր մեջ, սակայն արտաքին աշխարհում պիտի միասնական հանդես գանք»։
Արցախում զանգվածային բողոքի ակցիաներ սկսվեցին օրերս, երբ Պրահայում ընդունված հայտարարության մեջ հիշատակված չէր Արցախն ընդհանրապես․ այս դիտարկմանն ի պատասխան Գրիգորյանն ասաց, որ որևէ նոր իրողություն չկա։ «Այսօր որևէ բան չի քննարկվում առանց Արցախի խնդիրը հաշվի առնելու։ Վստահաբար եմ ասում, քանի որ կոնֆլիկտի ամբողջ հիմքը հենց արցախյան հիմնախնդիրն է, որ Արևմուտքի հետ բանակցություններում միշտ առկա է։ Այդ ամենը քննարկման փուլում է, ու եթե հիմա այս թեժ փուլում՝ Բրյուսելյան հանդիպումներ, բանակցություններ, Եվրոպացիներն են գալիս Հայաստան՝ մի քանի ֆորմատով գործընթացներ են, եթե մենք հիմա սկսենք խոսել այն մասին, որ Արցախը տարանջատվում է, այնտեղ ռուսամետությունն է, կարծում եմ՝ շատ սխալ կլինի։ Ընդհակառակը, տարբեր օղակներով մենք պիտի Արցախին փոխանցենք, որ մենք այդպես չենք տեսնում՝ մենք չենք մտածում միայն Հայաստանի մասին»,- ասաց նա։
Եվ ամեն դեպքում, մեր Հայաստանի և Արցախի հայտարարություններում տարբերությունն ակնհայտ է՝ Հայաստանից ասում են, որ կարող է կնքվել խաղաղության պայմանագիր՝ առանց Արցախի հիշատակման, իսկ Արցախից նշում են, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Ըստ Գրիգորյանի՝ հակասություն չկա․ «Դիվանագիտական բանակցությունների մեջ մենք չենք կարող ասել, որ մենք նկրտումներ ունենք, ՄԱԿ-ի ճանաչված սահմաններով Արցախը դեռևս Ադրբեջանի կազմում է գտնվում։ Եվ եթե մենք արցախցիների՝ իրենց հողում, իրենց ջրում ապրելու խնդիրն առաջնային չդարձնենք, այլ տարածքի խնդիր դնենք, ապա Ադրբեջանն իր ճկուն դիվանագիտությամբ կհասնի նրան, որ մենք իր հողի վրա աչք ունենք, և ոչ թե արցախցիների՝ Արցախում խաղաղ ապրելու հանգամանքի։ Այսինքն՝ մեր գլխավոր խնդիրն է, որ արցախցիները ապրեն Արցախում, որովհետև դա իրենց ծննդավայրն է, ու ապրեն խաղաղ՝ որպես առանձին պետություն։ Մենք պիտի դա հասցնենք եվրոպացիներին․ դա է մեր նպատակը»։
Ազգագրագետի դիտարկմամբ՝ Արցախի տարածքի մասին խոսել առհասարակ պետք չէ։ «Բոլորը, որ անընդհատ խոսել են՝ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի մաս, դա եղել է մանիպուլյացիա։ Այդպես ասողները համաձայնել են բոլոր տարբերակներին, որ առաջարկել է Մինսկի խումբը, և որևէ տարբերակում Արցախն առանձին միավոր չի եղել»,- նշեց նա։
Հարցին, միթե հնարավոր է Արցախի անվտանգությունն Ադրբեջանի կազմում՝ նա պատասխանեց․ «Պետք է լինեն միջազգային խաղաղաղապահներ՝ ոչ ռուս (նրանց շրջանում մենք տեսանք՝ որքան խնդիրներ են առաջանում, մինչև կարգավիճակի հարցը պարզվի)։ Արցախը պիտի երկար ժամանակ խաղաղաղապահների հսկողության տակ լինի, որ հանկարծ ցեղասպանություն տեղի չունենա։ Եթե նույնիսկ այս պահին կարգավիճակ չի քննարկվում, դա չի նշանակում, որ այն պիտի դառնա Ադրբեջանի մաս ու ասեն՝ վերջ Ադրբեջանի մի մարզն է։ Մենք այնտեղ մի քանի օրից կտեսնենք ցեղասպանություն։ Պիտի լինեն միջազգային խաղաղապահներ, որ հսկեն այդ իրավիճակը»։
Եթե մենք ասում ենք՝ տարածքի խնդիր չենք դնում, Արցախի ԱԳՆ-ն ամեն օր հայտարարում է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, արդեն իսկ չե՞նք տեսնում դիվանագիտական ճեղքվածք․ այս հարցին ի պատասխան՝ Գրիգորյանը նշեց․ «Ոչ, խնդիրն այն է, որ պետք են միջազգային խաղաղապահներ։ Եվ դա նույն Արցախի ԱԳՆ-ի ասածն է, որ չի լինելու Ադրբեջանի կազմում։ Կարգավիճակը չենք քննարկում։ Եթե այն լինի Ադրբեջանի կազմում, վստահաբար, մի քանի օրից ցեղասպանություն կտեսնենք։ Եթե Ադրբեջանն ուղիղ հարձակվում է Սյունիքի, Վայոց Ձորի վրա, չե՞նք տեսնում, որ այդ մարդիկ չեն ուզում մեզ հետ խաղաղություն ունենալ»։
Այսինքն՝ մեր դիվանագիտական այս երկու ուղղությունները փոխլրացնո՞ղ են․ «Պարտադիր։ Եթե Արցախի իշխանությունները հայտարարեին, որ պատրաստ են Ադրբեջանի հետ խաղաղությամբ ապրել, ապա Հայաստանի դիվանագիտական ողջ կորպուսը ձախողված կլիներ, քանի որ մեր գլխավոր թեզն այն է, որ այդ մարդիկ չեն կարող միասին ապրել։ Խնդիրը դա է։ Հայաստանը գնացել է արցախցուն պաշտպանելու, քանի որ այնտեղ Ադրբեջանցին մորթում էր հային։ Բայց դիվանագիտական առումով մենք լուրջ խնդիրներ ունենք, քանի որ չենք հերքել, որ այն կազմում է Ադրբեջանի մաս։ Երեսուն տարի մենք ասել ենք՝ այո, ճիշտ եք, բայց դեռ սպասեք։ Խնդիրը դա է․ մենք պիտի անընդհատ ասենք՝ ժողովուրդ, մենք ոչ թե ուզում ենք տարածքը վերցնել, այլ՝ այդ տարածքի վրա ապրում է այդ տարածքի վրա ծնված մարդը, ով անվտանգության խնդիր ունի»,- նշեց ազգագրագետը։
Կարմեն Մարտիրոսյան