copy image url
Խոսք 2 տարի առաջ - 17:19 24-06-2021

Մեր քաղաքական էլիտաները հասարակությանը ոչ թե հմայիչ գաղափարներ են առաջարկում, այլ հայհոյանքներ և պիտակավորումներ. ազգագրագետ

Հայ հասարակությունում ստեղծված ապակառուցողական միջավայրի կարևոր պատճառներից մեկն է նաև էլիտաների ճգնաժամը, որն այսօր, առավել քան երբևէ, զգալի է:

Այս ընթացքում մենք չունեցանք մեր Սարտրին, որի խոսքը մարդկանց համար ներքաղաքական այսպիսի բարդ իրավիճակում կարող էր կողմնորոշիչ լինել:

Մշակութային մարդաբան, ազգագրագետ Աղասի Թադևոսյանի հետ փորձել ենք հասկանալ, թե ինչու Հայաստանի տարբեր էլիտաներ միաժամանակ ճգնաժամ ապրեցին, և թե ինչ ՝ պետք ակնկալել նոր էլիտաներից:

-Պարո՛ն Թադևոսյան, ի՞նչ էլիտաներ կան Հայաստանում և ինչու՞ են դրանք ճգնաժամի մեջ հայտնվել:

- Դեռ հարց է՝ մենք ունե՞նք ձևավորված էլիտաներ, թե՞ ոչ: Խնդիրը սա է: Հին էլիտաներին մենք ժառանգել ենք Խորհրդային շրջանից՝ որոշ փոխակերպումներով:

Այս էլիտաների հիմնական առանձնահատկությունն ուժ, իշխանություն ներկայացնող կողմին ծառայելն է՝ չունենալով սեփական տեսանկյուն, կարծիք:

Այդ պատճառով էլիտաների այս տեսակը բավականին տխուր վիճակում է հայտնվում, երբ որ իրեն այս կամ այն իշխանություն ունեցող ուժը չի փորձում օգտագործել:

Վերջին ընտրություններում, որտեղ իշխանություն էին և՛ Փաշինյանը, և՛ Քոչարյանը, այդ էլիտա կոչվածներն իրենց տեղավորում էին տարբեր ճամբարներում և մեծամտորեն փորձում էին հասարակության մնացած մասին ինչ-որ պիտակավորումներ և անվանարկումներ տալ՝ ենթադրելով, որ իրենք մյուսներից առավել են:

Սա հենց սովետական, քաղքենիական էլիտան է՝ հիմնականում ռուսախոս, օտարամոլ:

Մասնագիտական գրականության մեջ նմաններին անվանում են՝ ներքին գաղութարարներ: Նրանք ներկայացնում են գաղութատիրոջը, խոսում են նրա լեզվով, և իրենց թվում է, թե հավասար են նրան:

Մեր էլիտաների մյուս տեսակը քաղաքական էլիտան է, որն էլ ավելի ողբալի իրավիճակում է գտնվում:

Ընտրապայքարը ցույց տվեց, որ մենք Հայաստանում փաստացի չունենք քաղաքական իրական էլիտա:

Իրական քաղաքական էլիտաները կեղծ էլիտաներից տարբերվում են նրանով, որ նրանք օրակարգեր են ձևավորում, գաղափարներ են ներկայացնում՝ պետության զարգացման ուղղությամբ, որոնք համախմբում են հասարակությանը:

Այս քաղաքական էլիտաների մեջ մենք չտեսանք նման բան: Նրանք այնքան սնանկ և խղճուկ էին, որ հասարակության ոչ թե հմայիչ գաղափարներ են առաջարկում, այլ հայհոյանքներ և պիտակավորումներ:

Ստացվում է, որ իրենք պարզապես իշխանության համար մրցող խմբակներ են:

Եվ երբ հասարակությունն իրենց նման չի ստորանում, իրենք դրանից բարկանում են և անզորությունից էլ ավելի են պիտակավորում հասարակությանը և ակնկալում, որ նա էլ պետք է այդ հայհոյանքներին ծափահարի:

Ցավոք սրտի, քաղաքական էլիտաներ մենք այս պահին չունենք, փոխարենն ունենք ձախողված վերնախավեր, որոնցից ոչ մեկը ժողովրդի մեջ առանձնապես մեծ հարգանք չի վայելում՝ նրան չառաջարկելով զարգացման որևէ տեսլական:

- Ինչպե՞ս կբնորոշեք հայաստանյան քաղաքական էլիտային Խորհրդային Միության տարիներին:

- Սովետական էլիտան ինքնուրույն չէր: Այն երբեք չի ունեցել ինքնուրույն ստեղծած գաղափարներ ու մտքեր: Ինքը վերարտադրել է կուսակցական վերնախավերի կողմից իջեցված պատվերները:

Այսպիսով, մենք գործ ունեինք պատվեր կատարող կրթված մարդկանց հետ:

Ընդհանրապես, Խորհրդային Միությունը մարդկանց զրկում էր սեփական գաղափար ունենալու ունակությունից՝ իշխանությանը չվնասելու սկզբունքից ելնելով:

Եվ մենք այդ տխուր, այլասերված միության ժառանգությունն ենք կրում, որտեղ գործ ունենք տեր փնտրող էլիտայի և մտավորականության հետ:

Հենց սա է նաև գլխավոր պատճառներից մեկը, որ մենք այսօր պարզապես չենք կարողանում քաղաքական էլիտաներ ձևավորել:

Տեսեք, օրինակ՝ «КВН»-ային մտավորականությունը պետք է հաճոյանա մի ինչ-որ «թագավորի», որովհետև ինքն իշխանությունը որպես թագավոր է պատկերացնում: Ռուսաստանում նրանք հաճոյանում են նախագահ Պուտինին, Հայաստանում՝ պուտինատիպ երևույթների: Իրենք խոսում են ռուսերեն և դա համարում զարգացվածության չափանիշ:

Ստացվում է, որ նրանք մնացել են անցյալ դարաշրջանում և մոտ 30 տարի հետ են ընկել կյանքից:

Երբ նրանք մարդկանց «գեղցի» են անվանում, դրանով քաղքենի, այսինքն՝ դատարկամիտ են դառնում, որն ավելի վատ է, քան «գեղցի» լինելը:

Սա է մեր իրավիճակը, որը շատ տխուր է:

-Այնուամենայնիվ, Հայաստանում կա՞ն իրական էլիտաներ:

-Հայաստանում կան իրական էլիտաներ, որոնք սակայն քաղաքական էլիտաներ չեն: Արվեստի, գրականության, գրաքննադատության, մարդաբանության ոլորտներում մենք ուենենք հստակ ձևավորվող նոր էլիտաներ:

Այսինքն, քիչ-քիչ ձևավորվում է հասարակության այն հատվածը, որն արժեքներ է ձևավորում:

Մենք ունեն ինտելեկտուալներ՝ ի հակակշիռ մտավորականների:

Ես հույս ունեմ, որ այս ձևավորվող նոր էլիտաները կկարողանան իրենց ներսում նաև քաղաքական էլիտաներ ստեղծել, և մենք կազատվենք այս թափթփուկներից:

Սա իհարկե ժամանակի հարց է, բայց կարծում եմ, որ առաջիկա 10 տարում այս խնդիրը ևս կլուծվի:

-Իսկ ինչպիսի՞ն են էլիտաներն արևմտաեվրոպական երկրներում:

-Արևմտաեվրոպական երկրներում կան գիտական, արվեստի ու գրականության ոլորտի էլիտաներ՝ արժեք ստեղծող խավեր:

Այն արժեքները, որ ստեղծում է այդ էլիտան, ոչ թե պարտադրվում է հասարակությանը, այլ հասարակությունն ինքն է հաճույքով վերցնում այն ու վերարտադրում:

Այսինքն, հասարակության անդամները հաճույքով լսում եմ ստեղծած երաժշտությունը, կարդում են գրքերը, որոնք դրականորեն են ազդում հասարակության շրջանում համագործակցության և համերաշխության մթնոլորտի ձևավորման վրա:

Մարդիկ իրենք են համախմբվում ստեղծված կամ առաջարկված գաղափարների շուրջ, որոնք համամարդկային և խորքային գաղափարներ են:

Նրանց ստեղծած գաղափարները տարածվում են ոչ միայն սեփական հասարակության մեջ, այլև տարածվում են իրենց երկրից դուրս:

Նա կարիք չունի իր անձին՝ որպես էլիտա, պարտադրել հասարակությանը, ինչպես մեզ մոտ է արվում: