Էլեկտրոնային տարբերակով մարդահամար անցկացնելը ավելի էժան է, բայց հավաստիությունը՝ քիչ
copy image url

Էլեկտրոնային տարբերակով մարդահամար անցկացնելը ավելի էժան է, բայց հավաստիությունը՝ քիչ

Ներքին 2 տարի առաջ - 13:59 16-10-2022
Հայաստանի անկախության պատմության մեջ անցկացվելու է երրորդ մարդահամարը: Սրանից առաջ Հայաստանում մարդահամար անցկացվել է 2001 և 2011 թվականներին: Այս տարի առաջին անգամ մարդահամարի համար օգտագործվելու է համակցված մեթոդը:

Հիմնական կարևոր չոր թվերը ստացվելու են վարչական ռեգիստրից՝ ազգություն, քաղաքացիություն, տարիք, հետո հարցեր են ուղղվելու նաև քաղաքացիներին: Կատարվելու է ընտրանքային հարցում՝ 25 տոկոսի չափով: Այսինքն, հաշվարարն այցելելու է յուրաքանչյուր բնակավայրի յուրաքանչյուր 4-րդ տնային տնտեսություն, պլանշետի միջոցով լրացնելու է էլեկտրոնային հարցաթերթ:

Առաջին անգամ է, որ այն անցկացվում է էլեկտրոնային եղանակով: Հարցերն ուղղված են լինելու տվյալ պահին տվյալ հասցեում բնակվող չափահաս անձին: Կհավաքագրվեն տվյալներ նաև մարդկանց կրթության, առողջության, աշխատանքի, բնակպայմանների վերաբերյալ: Ընդհանուր առմամբ ներառված է լինելու 39 հիմնական հարց և տնային տնտեսության բնակպայմանների վերաբերյալ ևս 5 հարց:

Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցել է սոցիոլոգ Գևորգ Պողոսյանի հետ՝ հարցնելով, թե այս տարվա՝ մարդահամար անցկացնելու մեթոդն ի՞նչ առավելություն ու թերություն ունի նախորդ տարիների՝ մարդահամար անցկացնելու հետ համեմատած:

«Մենք միշտ արել ենք, հին, ավանդական ձևով, այսինքն՝ տնից տուն են գնացել ու հարցումներն իրականացրել։ Սա փորձված, տարիների ընթացքում արված մեթոդ էր։ Վերջին անգամ մարդահամար անցկացվել է մոտ տաս տարի առաջ՝ 2011 թվականին, բայց այս տարի, վերջապես որոշեցինք՝ այնուամենայնիվ անել, որովհետև այդ դեպքում համեմատական շարքերը կխախտվեն տաս տարվա։

Էլեկտրոնային տարբերակով շատ երկրներում անում են, բայց որպես կանոն խառն է՝ միքս ձևն են օգտագործում, այսինքն և՛ էլեկտրոնային, և՛ հաճախումներով, քանի որ կան դժվարություններ՝ կապված օրինակ ինչ-որ շրջաններ այցելելու հետ, և ժամանակային առումով էլեկտրոնայինն ինչ-որ առավելություններ տալիս է։ Բայց խնդիրը նրանում է, որ դա հնարավոր է այն երկրներում, որտեղ ինտերնետի հասանելիությունը հասնում է 80-90 %-ի, իսկ Հայաստանում այդպես չի, օրինակ Տավուշում և՛ գյուղեր կան, և՛փոքր քաղաքներ ունենք, որ հասանելի չէ ինտերնետը։

Այստեղ դրա հետևանքով կարող են խախտումներ լինեն, և ես կարծում եմ, որ ճիշտ կլիներ, որ երկու ձևն էլ օգտագործվեր։ Նույնը վերաբերում է նաև ընտրություններին, շատ երկրներոում այն անում են էլեկտրոնային, խառը տարբերակով։ Մենք, ցավոք սրտի, ընտրությունների ժամանակ էլեկտրոնային չենք անում, բայց մարդահամարի ժամանակ որոշում ենք անել։

Էլեկտրոնային տարբերակով ավելի էժան է, բայց հավաստիությունը քիչ է, քանի որ ինտերնետի հասանելիությունը հարյուր տոկոս չի, այս պայմաններում անել էլեկտրոնային։ Ճիշտն ասած, անսպասելի էր մասնագետների տեսակետից, որովհետև ավանդական ձևերը, որը մենք միշտ կիրառել ենք, ու որը բավականին լավ կիրառվել է, ավելի նպատակահարմար է, քանի որ հաջորդ տարիներին բնակչության ամբողջ սոցիալ դեմոկրատական շարժը հիմնվել է մարդահամարի վրա։

Այժմ, այս՝ էլեկտրոնային տարբերակով, մարդահամարի տվյալները կդառնա ոչ ավելի հավաստի, իսկ սա մասնագետների համար լուրջ խնդիր է, քանի որ միգրացիոն հոսքերը շատ մեծ են, առանց այն էլ դժվար է հաշվի առնել միգրացիան, հիմա եթե մենք էլ էլեկտրոնային տարբերակով անենք, նույնիսկ բարդ կլինի պատկերացնել, որ այդ պահին մարդը որտեղ է գտնվում, և որտեղից է պատասխանում հարցերին»։

Հիշեցնենք, որ մարդահամարի նախնական արդյունքները պատրաստ կլինեն վեց ամսվա ընթացքում, իսկ վերջնական տվյալները՝ 1 տարուց: