Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:04 13-10-2022

Արցախի հարցում մեր արտաքին քաղաքականությունը այսօր հիմնված է Ազգերի ինքնորաշման վրա սկզբունքի վրա․ Տիգրան Խզմալյան

Նիկոլ Փաշինյանը արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ օրերս հերթական հանդիպումն է ունեցել, որի մասնակցել է նաև Հայաստանի «Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը։

Oragir.news-ը զրուցել է Տիգրան Խզմալյանի հետ։

-Պարոն Խզմալյան, ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը, խաղաղության պայմանագրի վերաբերյալ քննարկումներ եղե՞լ են։

- Քննարկվել է արտաքին քաղաքականության զարգացումը, քննարկվել են վարչապետի հանդիպումները ՄԱԿ-ում, Նյու Յորքում, Փարիզյան և Պրահայի հանդիպումները։ Մենք, որպես կուսակցություն, հավանություն ենք տվել կառավարության վերջին քայլերին, որոնք մենք գնահատում ենք, ուղղված են դեպի եվրոինտեգրում, արտաքին քաղաքականության փոփոխություն։ Քանի որ մենք դնում ենք նաև ավելի մեծ պահանջներ՝ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու, կառավարությունը դեռևս նման քայլերի մասին հայտարարություններ չի անում։ Մենք շարունակելու ենք հասարակական կարծիքի հետ աշխատանքը, և պատրաստելու ենք մեր հասարակությանը ռուս-թուրքական դաշինքից դուրս և ռուսական անխուսափելի պարտությունից հետո՝ նոր քաղաքակրթական, աշխարհակքաղաքական իրավիճակում Հայաստանի անվտանգության հարցերի ապահովման վերաբերյալ։ Խոսել ենք նաև Արցախի կարգավիճակի մասին։ Վարչապետի տեսակետները հայտնի են, նա ասում է այն, ինչ հայտարարում է պաշտոնապես։

- Այդ հանդիպումներին մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչները համաձա՞յն են Արցախի շուրջ հնչող հայտարարությունների հետ, հնչո՞ւմ են առարկություններ, օրինակ, այն մասին, որ, օրինակ, Ալիևը 2016 թ-ին դժգոհում էր, որ փակ դռների հետևում իրենց պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը, մինչդեռ հիմա Փաշինյանը և իր թիմը ճիշտ հակառակ հայտարարություններ են հնչեցնում։

- Ալիևի վրա հիմա էլ շարունակվում են շատ մեծ ճնշումները, նա դա ճաշակել էր Փարիզում։ Արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ն և Ֆրանսիան, թելադրում են քայլեր, որոնք փաստորեն հակասում են 2020 թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը, որը հիմք է ընդունվել և կարծում եմ, որ մենք կարող ենք արձանագրել, որ Արևմուտքի դիրքորոշման շնորհիվ կարողացել ենք բավականին խնդիրներ լուծել։

- Պարոն Խզմալյան, Պրահայի հանդիպումից հետո հատկապես հայտարարություններ են արվում այն մասին, որ դա հրաժարում էր Արցախից։

- Համաձայն չեմ այդ գնահատականի հետ, պարզապես իրավիճակը, մեր գնահատմամբ, վերադարձել է 1988-1991 թ-ի կարգավիճակին, երբ Արցախի համար պայքարը մեր սերունդը տանում էր ազգերի ինքնորոշման իրավունքի կարգախոսով։ Հետո, Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ Ռուսաստանի թելադրմամբ, իմ համոզմամբ, ձևաչափը փոխվել էր Հայաստանի և Ադրբեջանի տարածքային վեճի ուղղությամբ։ Ստեղված նոր աշխարհաքաղաքական իրավիճակում, մենք այս պահին չենք կարող այդ հարցին մոտենալ որպես տարածքային վեճի։

- Պարոն Խզմալյան, ե՞րբ եք վերջին անգամ մեր իշխանությունների կողմից լսել «ազգերի ինքնորաշման» սկզբունքի մասին։

- Դուք իմ կարծիքն եք հարցնում՝ ես ասում եմ իմ կարծիքը, խոսքերը կարող են տարբեր լինել՝ տարբեր լսարանների համար, տարբեր ձևակերպումներ են ստանում դրանք։ Ես ասում եմ, որ մեր արտաքին քաղաքականությունը հիմա հիմնված է Արցախի հարցում Ազգերի ինքնորաշման վրա։ Ինչ է ասում կամ ինչպես է դա ձևակերպում Նիկոլ Փաշինյանը՝ դա իր գործն է։ Ես Փաշինյանի խոսնակը չեմ, այնուամենայնիվ, եթե մենք գնահատենք գործերը, ոչ թե խոսքերը, մենք կհամոզվենք, որ դա այդպես է։ Պետք է ոչ թերագնահատել, ոչ գերագնահատել ՀՀ իշխանության դիրքորոշումը։ Բարեբախտաբար, ամենը, Արցախի ինքնորոշման հարցը, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանության հարցը հիմա գտնվում են շատ ավելի մեծ և հզոր քաղաքական արտաքին ուժերի վերահսկողույան տակ։ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումը բարենպաստ է։

- Պարոն Խզմալյան, դուք նաև մի հետաքրքրիր բացահայտում էիք արել շաբաթներ առաջ, առ այն, որ Իշխանասարից ադրբեջանական ուժերը նահանջում են, ինչ իրավիճակ է այս պահին Իշխանասարում։

- Ես այն ժամանակ էլ, հիմա էլ ասում եմ, որ Ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր հատվածներում հետ են քաշվում։ Ոչ ամեն տեղ, ոչ ամբողջությամբ, բայց նման զարգացումներ կան։ Առաջիկա օրերին և շաբաթներին մենք կտեսնենք նոր նահանջներ Ադրբեջանական կողմից։

- Ինչո՞ւ այդ մասին, օրինակ, ՊՆ-ն չի հայտարարում, այլ Դուք եք հայտարարում։

- Ես չգիտեմ, ինչպե՞ս կարող եմ մեկնաբանել մեր ՊՆ-ին։ Կամ ռազմական պատճառներ կան, կամ դիվանագիտական պատճառներ, պարզապես, երբ ես գրեցի դա՝ հանրությունը այդ պահին չգիտեր, որ հանրությունը առաջ էր գնացել։

- Այդ օրերին հայտնի՞ էր, որ Իշխանասարում գործողություններ են եղել, և որոշ դիրքեր այլևս մերը չեն։

- Այո, հայտնի էր ․․․ և սկսվեց հարձակում իմ նկատմամբ։ Ես գրեցի այն պահին, երբ հարձակումը ընդհատվել էր ու տեղեկությունը պաշտոնապես հասել էր ավելի ուշ, ես ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկացել էի, որ գործողություն արդեն ավարտվել է և տեղ-տեղ ադրբեջանական ուժերը հետ են քաշվել։ Դա շարունակվում է և դեռ կշարունակվի։