Երևան +19°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:58 12-10-2022

Ագրարային համալսարանում հեռակա ուսուցման դիմորդների թիվը վերջին տարիներին մի քանի անգամ գերազանցում է առկային

«Այս տարի առաջին անգամ բուհ հեռակա դիմող ուսանողները քննությունները պետք է հանձնեն ԳԹԿ-ի կազմած թեստերով։ Անցած տարիների ընթացքում հեռակայի ընդունելությունները կազմակերպել են բուհերը, այս տարին առաջին անգամ է ԳԹԿ-ն հեռակայի ընդունելություն իրականացնում, դրա համար ինչ-որ համեմատություն՝ դինորդների թվի աճի հետ կապված, նախորդ տարիների հետ չունենք»։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց ԳԹԿ-ի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը։

Պատասխանելով հարցին, թե այս տարվա հեռակա տարբերակով բուհ դիմած դիմորդների թիվը զիջում է արդյոք նախորդ տարիներին, Գրիգորյանն ասաց. «Դիմումները արդեն ներկայացրել են, ամսի 20-27-ը քննություններն են լինելու։ Ժամանակացույցն ու քննական կենտրոնները հրապարակել ենք»։

Հարցին, թե այս տարի հեռակա ընդունելությունը միայն ԳԹԿ-ն է կազմակերպում, պատասխանեցին. «Քանի որ այս տարի առաջին անգամ ենք հեռակայի դիմորդների համար քննություն կազմակերպում, որոշ տոկոս թողել են բուհերին, այսինքն՝ իրենց հատկացված տեղերի 20 տոկոսի չափով իրենք կարող են ընդունել։ Այսինքն՝ այս տարի, կարելի է ասել, միջանկայալ փուլ է միասնական և իրենց ավտոնոմ քննությունների»։

Հետաքրքրվեցինք Գրիգորյանից, թե այս պահի դրությամբ քանի դիմում է ներկայացվել բուհերում հեռակա ուսուցմամբ սովորելու համար և որ համալսարաններն ունեն հեռակա ավելի շատ դիմորդներ։ ԳԹԿ-ից մեզ ասացին, որ իրենց՝ այս պահին ունեցած տվյալները նախնական են, և հնարավոր է թվերում մի փոքր անճշտություն լինի։

«Ես այս պահին ընդհանուր թիվը կասեմ, բայց նրանց փաստաթղթերի համապատասխանությունը դեռ ճշտման փուլում է։ Ընդհանուր հայտագրվել են 3795 հոգի, ամենաշատը ՀՊՏՀ են դիմել, հետո ՀՊՄՀ, ԵՊՀ առաջին եռյակը այս համալսարաններն են։ Իսկ թվով ամենաքիչ դիմորդնեն ունեն Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճուղ, Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճուղ, Ագրարային համալսարան»։

Օragir.news-ի հետ զրույցում ՀՊՄՀ-ի նախապատրաստական բաժնի պետ, ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալ Վիվա Հարությունյանն էլ ասաց. «Այս վերջին տարիների, կարելի է ասել, մեզ մոտ չկան մասնագիտություններ, որ կոնկուրսը մեծ լինի՝ բացի «Պարարվեստ» մասնագիտությունից։ Մյուս բոլոր տեղերը, կարելի է ասել, չի լրացվում։ Տեղ կա, որ տասը հոգի է պակաս, տեղ կա, որ վեց հոգի է պակաս։ Այսինքն՝ կոնկուրս չունենք՝ բացի «Պարարվեստից»։ Այս ֆակուլտետում էլ՝ միայն առկայում։ Հեռակայիում չունենք որևիցե մի մասնագիտություն, որում կոնկուրս ունենանք»։

Դիտարկմանը, որ վերջին շրջանում առկա ուսուցումը մարզերից եկած ուսանողների համար դարձել է առավել անհասանելի, քանի որ բարձր գնով բնակարաններ են վարձակալում, բացի այդ ուսման վարձն է ավելի բարձր, պատասխանեց․ «Հեռակա դիմողների նպատակն է, որ կարողանան աշխատել, իրենց ուսման վարձը վճարել, ծնողներին նեղություն չտալ։ Ովքեր որ հեռակա են դիմում կամ աշխատանք ունեն, կամ նպատակ ունեն աշխատելու»։

Ագրարային համալսարանից էլ մեզ հայտնեցին. «Հեռակա դիմել են 340 հոգի, 340-ից 196-ը մեզ մոտ նախապատրաստական դասընթաց անցնելուց հետո, տեղում քննություն հանձնելով արդեն ընդունվել են, իսկ մնացածը ԳԹԿ-ում են քննություն հանձնելու։ Վերջնական թիվը պարզ կլինի ամսի 27-ից հետո»։

Դիտարկմանը, որ այս տարի Ագրարային համալսարանում առկա դիմորդների թիվը շատ քիչ էր, հեռակա դիմորդների թիվը գերազանցում է առկային, Ավետիսյանը պատասխանեց «Իհարկե, հեռակայի դիմորդների թիվը վերջին տարիներին միշտ էլ գերազանցում է առկային։ Հեռակայի թիվը շատ է, բայց անցած տարվա համեմատ էլի պակասել է, անցած տարի հեռակայում ընդունվել են 403-ը»։