Սեպտեմբերի 14-ին՝ ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ, Նիկոլ Փաշինյանի՝ ԱԱԾ պահեստազորային սպաների միության հասցեին հնչեցված հայտարարություններն ու քննադատությունները մեծածավալ քննարկումների ու բանավեճերի առիթ դարձան։
Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերի 14-ին ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր ԱԱԾ պաշտոնատար անձի և Ազգային անվտանգության ծառայության պահեստազորային սպաների միության աշխատանքին։ Նա նրանց անվանել էր «խոպանչիներ», կասկած հայտնել նրանց՝ տարբեր երկրների «շպիոն» լինելու վերաբերյալ։
«Էսօր մարդիկ կան, ում ես հանձնարարել եմ շատ խիստ գտնվել, հետո պաշտոնից զրկվել են, էսօր ընդդիմության հարթակներում «դոշ են ծեծում»։ Չգիտեմ ազգային անվտանգության ծառայության սպաների միություն, տո արա,՛ դուք նամուս ունենաք էսօր փողոց դուրս կգա՞ք՝ երկրի կեսը շպիոն է եղել ձեր պաշտոնավարության ընթացքում, դուք հասարակական կազմակերպություն եք հիմնում՝ Ազգային անվտանգության ծառայության։ Հայաստանի Հանրապետությունում ձեր օրոք ԱԱԾ չի եղել, խոպանչիների բրիգադ եք դուք եղել, ցավոք սրտի նաև մեր ժամանակ նշանակվածների շրջանից։ Ազգային անվտանգության ծառայության սպաների միություն, տո դուք ով… ձեզանով ԱԱԾ-ն պետք է զբաղվի, որովհետև շատ դեպքերում հլը պետք է հասկանանք՝ դուք ամեն մեկդ քանի երկրի շպիոն եք, ընդհանրապես»,- հայտարարել էր Փաշինյանը։
Փաշինյանի այս ելույթին նույն օրն իսկ հետևեց Միության անդամների հայտարարությունը։ Նրանք զարմանք էին արտահայտում հնչած տեսակետերի վերաբերյալ՝ կոչ անելով մեղադրանքներն ուղղել իրական հասցեատերերին։ Դրանից հետո արդեն ԱԱԾ պետի նախկին պաշտոնակատարի մասնակցությամբ հարցում էր ուղարկվել ԱԱԾ՝ պարզելու՝ վարչապետի մեղադրանքների պատճառներն ու հստակ հասցեատերերին։ Հարցումը, սակայն, ըստ էության, չէր պարզաբանվել։ Ամենաակնառուն, այդուհանդերձ, այս ամենին հետևած՝ ԱԱԾ պետի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանի լայնածավալ արձագանքն էր՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին։ Այստեղ նա բառացիորեն մեջբերում է Փաշինյանի ելույթն ու դրանց անդրադառնում գրեթե տող առ տող։
Հրապարակված արձագանքում Համբարձումյանն իրեն է վերագրում Փաշինյանի՝ ԱԱԾ պաշտոնատար անձին խիստ գտնվելու վերաբերյալ հատուկ հանձնարարական տալու, նրա՝ պաշտոնից զրկվելուց հետո ընդդիմադիր գործունեություն ծավալելու մասին ակնարկը։
Համբարձումյանը հայտարարել է՝ պատերազմի ընթացքում իրեն իրոք այդպիսի հանձնարարական տրվել էր, որը, որոշ հանգամանքներով պայմանավորված, լիարժեքորեն չէ իրականացվել։
«Նշված հանձնարարության ձախողման հարցում ես, եթե նույնիսկ չնչին մեղք ունենայի, վստահ եմ, մինչ այսօր ինձ հարյուր անգամ պատասխանատվության կանչած կլինեին․ չէ՞ որ ես լավ գիտեմ, թե դուք իրավապահներին ինչ հրամաններ տալու հնարավորություն, ունակություն ունեք և ինչ հետևանքներ կառաջանային (ի վերջո՝ ղեկավարել եմ իրավապահ ոլորտի օպերատիվ սպասարկումն իրականցնող ստորաբաժանումը)։ Եղելությունը հասկանալու համար պահանջեք հաշվառված տեղեկանքով զեկուցել իրական փաստերն ու նոր միայն տվեք գնահատական։ Ի դեպ՝ գրքում, որը նախատեսում ենք առաջիկայում հրատարակել, ես անդրադարձել եմ նշված դրվագին, թույլատրելիության սահմաններում նկարագրել եմ այն և Ձեր գործողությունների ու միտման վերաբերյալ հայտնել իմ կարծիքը, տվել գնահատականը»,- գրել էր Համբարձումյանը:
Անդրադառնալով ընդդիմադիր հարթակներում «դոշ ծեծելու» վերաբերյալ հայտարարությանը՝ Համբարձումյանը հայտարարում է, որ ընդդիմության հարթակում երբեք չի եղել, պաշտոնից էլ հեռացել էր ինքնակամ, քանի որ չի ընդունել ներկա իշխանությունների վարած քաղաքականությունը։
«Ես ընդամենը կիսում եմ մեր Հայրենիքին սպառնացող վտանգների կապակցությամբ թե՛ քաղաքացիների մի զգալի հատվածի և թե՛ ընդդիմության մտահոգությունները։ Ի վերջո գիտակցեք՝ յուրաքանչյուր մարդ սեփական կարծիքն ունենալու ու այն բարձրաձայնելու իրավունք ունի և այլ կարծիք ու մոտեցում ունեցող մարդը Ձեր թշնամին չէ։ Մենք պարտավոր չենք լռել, եթե տեսնում ենք ակնհայտ սխալներ ու վնասաբեր քայլեր, և Դուք էլ կուռք չեք, որ հաճոյանալու, քծնելու համար բացառապես սրբացնենք ու գովաբանենք, ամեն ինչ չափ ու սահման ունի»,- հայտարարել էր նա։
Համբարձումյանն անդրադարձել էր նաև «խոպանչիների» ու «շպիոնների» վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը։ Նկատել է՝ այդպիսի քննադատություններն ուղղվում են միայն համակարգում այլևս չաշխատողներին։ Համոզմունք է հայտնել, որ առաջիկայում հերթը նաև ներկայում ծառայություն իրականացնողներին կհասնի նրանց հեռանալուց հետո։
«Խոպանչիներն այն մարդիկ են, ովքեր դրսում՝ հիմնականում Ռուսաստանում, գումարներ են վաստակել, հետևաբար ԱԱԾ աշխատակիցների պարագայում, եթե նրանք դրսից, այլ պետությունից գումարներ են ստացել, ուրեմն, ենթադրաբար, պետական դավաճաններ են, քանի որ համակարգի աշխատակիցն այլ պետությունից գումար ստանալ պարզապես չի կարող, իրավունք չունի։ Չեմ կարողանում որևէ կերպ հասկանալ, թե ինչն է Ձեզ հիմք տվել իմ (մեր) հասցեին «խոպանչիության», լրտեսության կամ պետական դավաճանության մեղադրանքներ հնչեցնելու համար, քանի որ դուք չեք կարող այդ իմաստով մատնացույց անել գեթ մեկ փաստ, թեկուզ կասկածի մակարդակի, իսկ եթե ունեք նման կասկածներ, վստահաբար կարող ենք փարատել»,- գրել էր ԱԱԾ պետի նախկին պաշտոնակատարը։
Թե ինչն է հիմք դարձել ԱԱԾ ներկա ու նախկին աշխատակիցների հասցեին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունների համար, դեռևս որևէ պարզաբանում տրված չէ։ Առավելապես շատ են հարցադրումները՝ մասնավորապես այն առումով, թե կարող է արդյոք սա որևէ կապ ունենալ ՀՀ իշխանությունների՝ ՌԴ-ից դեպի Արևմուտք վեկտորի փոփոխությամբ։
Այդուհանդերձ, Միքայել Համբարձումյանին ուղղված հարցեր ուներ նաև ՀՀ պահեստազորային զինծառայողները՝ նրա հրապարակած հայտարարության մեջ արված արտահայտությունների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն հայտարարության մեջ Համբարձումյանը գրել էր․ «Աշխատանքի ընթացքում չեմ խուսափել վտանգներից, պատասխանատվությունից, չեմ դավաճանել ծառայության, պետության, ինչու չէ, նաև Ձեր իշխանության շահերը: Ավելին, կապ ունենալով բյուջե տասնյակ միլիարդավոր դրամների վերականգնման գործարքների հետ՝ չի եղել գեթ մեկ դեպք, որ դրանք ստվերվեն կոռուպցիոն ռիսկերով»։
Նախաձեռնության անդամների մոտ մասնավորապես հարցեր էին առաջացրել Համբարձումյանի՝ «Ձեր իշխանական շահեր» և «միլիոնավոր դրամների վերականգնման գործարքների հետ» արտահայտությունների նշանակությունը։ Նկատել էին, որ ԱԱԾ-ի գործառույթների մեջ չի մտնում «իշխանությունների շահերը սպասարկելն» ու «կոռուպցիոն էլեմենտների հետ գործարքներ իրականացնելը»։